«Հրապարակ». Մեր մեծերը պայքարում են պանթեոնում գերեզմանի տեղ ունենալու համա՞ր

«Հրապարակ». Մեր մեծերը պայքարում են պանթեոնում գերեզմանի տեղ ունենալու համա՞ր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 95-ամյա դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի երգչախումբը նշանավորեց Նիկոլ Փաշինյանի եւ իշխանական էլիտայի այցը, իսկ համերգից հետո տարեց դիրիժորը խոնարհվելով՝ ողջունեց երկիր հանձնող վարչապետին: Առհասարակ, բարդ է հասկանալ, թե ինչն է մղում Հովհաննես Չեքիջյանին, Տիգրան Մանսուրյանին, այլ վաստակաշատ մտավորականների՝ այդ տարիքում անթաքույց քծնել իշխանություններին: Ի՞նչ են ուզում տարեց, վաստակաշատ մտավորականներն իշխանությունից: Գուցե Կոմիտասի անվան պանթեոնում գերեզմանատեղի՞: 

Վահրամ Սահակյան. «Ես երաժշտասեր մարդ եմ եւ Հովհաննես Չեքիջյանին չեմ համարում տաղանդավոր մարդ, լավ երաժիշտ: Եթե նա երաժշտությունից բան հասկանար, այսպիսին չէր լինի: Մեկ-մեկ զարմանում եմ` մարդիկ չե՞ն տեսնում, որ այս մարդիկ իրականում անշնորհք մարդիկ են: Մենք այսօր չունենք Խորեն Աբրահամյան, չունենք Մհեր Մկրտչյան, չունենք Հրանտ Մաթեւոսյան: Այսօր մի քանի անտաղանդի անուն ենք տալիս ու ասում` մաեստրո: Բայց մի պահ եկեք նրանց համեմատենք իրական մաեստրոների հետ: Անտաղանդ մարդը չի կարող համարձակ լինել: Ի՞նչ սպասելիքներ ունի մեր ժողովուրդը մի բեմադրիչ կոչվածից, ով ասում է՝ 200 բեմադրության հեղինակ է, մի բան, որ մարդն անգամ յոթ կյանք ունենալու դեպքում չի կարող անել, սակայն նրա անունը հիշելիս մեր հանրությունը երբեք չի հիշում այդ 200 բեմադրություններից գեթ մեկի անունը, փոխարենը հիշում ենք նրա ասած հիմարությունները: Ինտերվյու է տալիս, ասում է` այսօր լավ է: Պաշտպանում է դավաճաններին: Մարդիկ ավելի շատ այդ մարդուն այդ տեսակ հիմարություններով են ճանաչում, ոչ թե իր գործերով: Ի՞նչ ասես նման մեկին: Ես չեմ ուզում, քավ լիցի, վիրավորել ոչ մեկին, բայց հիմա խոսում եմ իբրեւ երաժշտասեր: 50-ականների վերջերից այս մարդն ապրել է պետության հաշվին, պետությունների փողերով` Ստալինի ժամանակներից, պետությունից փող է ստացել` ոչինչ չանելու համար: Գնացեք իր երգչախմբի երգիչներից հարցրեք` ի՞նչ են անում նրանք: Եթե ասում են` մաեստրո, վարպետ, ի՞նչ ստեղծագործություն գիտեն նրանից: Ես կարող եմ Տիգրան Համասյանին քննադատել ու ասել, որ ինչ-որ տեղ չոր ես նվագում, բայց մի մարդու, ով հայրենիք հանձնելու օրերին ձենը կտրել է, ես նրանից պահանջ չունեմ, նա անտաղանդ է: Ամեն թատրոն մեկ-երկու լավ դերասան ունի, ու հետաքրքիրն այն է, որ հենց այդ լավ դերասաններն են համարձակ խոսում: Օրինակ` Տիգրան Ներսիսյանը լավ դերասան է ու ամեն ինչի մասին էլ խոսում է, որովհետեւ լավ դերասան է: Իսկ նա, ով վատն է, անտաղանդ, նրանից պետք չէ լավ բան սպասել: Հազիվ էլ սրանք դավաճանություն գովերգողները լինեն: Եվ հետո՝ տարիքի խնդիր էլ կա: Սրանք ունիտազի ծակը չեն կարողանում գտնել, սրանցից ի՞նչ սպասել: Հայ ազգը չպետք է նման մարդկանցից պահանջ ունենա: Ձեզ ի՞նչ է թվում, Գրիգոր Զոհրապն ավելի վատ տղա էր, քան սրա՞նք: Նա էլ սրանց նման վախկոտ ու դյուրահավատի մեկն էր: Օրինակ` հրեաների մեջ կա՞ն նման մարդիկ, չկան: Այս մարդկանց համար կարեւորն իրենց ունեցածն է: Ունեն իրենց մահճակալը, ունիտազը, վերջ: Փողոց են դուրս գալիս ու մտածում են` ի՞նչ գործ ունենք էս մայթի հետ, էս ծառի հետ, սրանք հո մերը չեն, մերը մեր տունն է` վերջ, մեր ունեցած ձեթը, մեր ունեցած մակարոնը…. իրենց համար հայրենիքը պաթոս է: Կարեւորը՝ իրենք լավ լինեն: Որ մտնեն իրենց տուն` մորթեն, էլի ձայն չեն հանի: Աշխարհում էսպիսի խայտառակ երեւույթ չկա: Ինչ ասես, տեսնում ենք Հայաստանում»:

Սերժ Սրապիոնյան. «Մտավորականները երբեք միատարր չեն եղել: Բոլորն էլ անհատական են, ամեն մեկն իր ձեւով է մոտենում ցանկացած խնդրի: Կան մտավորականներ, որոնք կարող են բարձր արժեքներ ստեղծել, սակայն այդպես էլ քաղաքացի չդառնալ: Մտավորական, արվեստագետ լինելուց առաջ նախ պետք է քաղաքացի լինել: Քաղաքացիական պարտքը շատ կարեւոր է: Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Չեքիջյան․ նրանք բոլոր իշխանությունների ժամանակ` կոմունիստների ժամանակներից սկսած, մշտապես բարձր պատիվ են ստացել ու ոչ մի անգամ մտածելու, առավել եւս՝ հասկանալու առիթ չեն ունեցել, թե ինչպես է պետք վերաբերվել իշխանավորներին, վերաբերվել իբրեւ տերերի՞, թե՞ որպես պարտականություններ գիտակցողի: Ոչ մի իշխանության ժամանակ մենք չենք տեսել, որ այս մարդիկ ընդվզեն, անգամ եթե ինչ-որ մի բան նրանց դուր չի եկել, պարզապես համեստորեն լռել են ու խոնարհվել: Չենք կարող ժխտել այն արժեքները, որ նրանք են ստեղծել, սակայն նաեւ չենք կարող ժխտել, որ նրանք շատ վատ քաղաքացիներ են: Մարդիկ արարում են, ստեղծում, բայց չգիտես, թե ում համար: Անհասկանալի է, անբացատրելի նաեւ, այդ կեցվածքն արժեզրկում է այն ամենը, ինչը նրանք ստեղծել են: Գոնե ես նրան ճանաչելով կարող եմ ասել, որ իմ ճանաչած Հովհաննես Չեքիջյանը չի կարող լավ գերեզմանի տեղի մասին մտածել»….

Դավիթ Գասպարյան. «Պետք է այս ծանր իրականության մեջ, երբ ժամանակները կրկնվում են, կարողանալ պահպանել մարդկային ու ազգային բարձր որակները: Գոնե այնքանը, ինչքան մնացել է, պետք է կարողանալ պահել: Մարդկային արժանապատվության կարիք կա այսօր: Հիշեք` երկու հանճարեղ տեսակների` 30-ական թվականներ. Գյոթե եւ Բեթհովեն: Գյոթեն գլուխ էր խոնարհում, որովհետեւ պաշտոնյա էր, իսկ Բեթհովենը հպարտ էր…. Հիշենք՝ նույն ժամանակներում, երբ կար Ստալինի պաշտամունքը, ոմանք ամեն կերպ փորձում էին նրա անունն անվերջ տալ, իսկ ոմանք էլ Չարենցի ու Բակունցի պես ամեն ինչ անում էին՝ գրողի բարձր արժանապատվությունը պահելու համար»: