Թքած այդ ամբողջի վրա, երբ մի ողջ գյուղի դպրոցի երեխաներ պիտի ապրեն սարսափի մեջ

Թքած այդ ամբողջի վրա, երբ մի ողջ գյուղի դպրոցի երեխաներ պիտի ապրեն սարսափի մեջ

Վերջին 2 շաբաթում Տավուշի գյուղերում իրականացվող սահմանազատման աշխատանքներով պայմանավորված, իրավիճակը լարված է ոչ միայն Տավուշում, այլ նաեւ ողջ հանրապետությունում: Սահմանազատման հետ կապված ցանկացած հարց գաղտնի է պահվում, որն ավելի է սրում իրավիճակը եւ տագնապի տրամադրությունները: Արդեն գրել ենք, որ այս օրերին գյուղացիներին մտահոգող հարցերից մեկն այն է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի հետ սահմանագծվող ճանապարհն անցնելու է Կիրանցի նոր կառուցվող դպրոցի մոտով։ Տարբեր հաշվարկներով՝ 50-160 մետրի մասին է խոսքը, բայց միայն վերջնական սահմանագծման արդյունքում պարզ կլինի, թե սահմանի հեռավորությունը դպրոցից ինչքան է կազմելու: Սակայն, ինչքան էլ որ այն կազմի, գյուղացիներն արդեն իսկ հրաժարվում են ադրբեջանական դիտակետի ներքո` վախի մթնոլորտում իրենց երեխաներին ուղարկել դպրոց: 
Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել էինք, թե սահմանազատման աշխատանքներով պայմանավորված, ի՞նչ ճակատագիր է սպասվում Կիրանցի նոր կառուցվող դպրոցին, որն այս գարնանն արդեն պետք է պատրաստ լիներ շահագործման։ «Ես շատ մանրամասների ծանոթ չեմ, բայց դպրոցին դա չի առնչվելու, եւ մենք սեպտեմբերին նախատեսում ենք, որ արդեն նորակառույց դպրոցը կգործի»,- նշել էր Անդրեասյանը։

Հատկանշական է, որ Հ1-ի եթերում էլ նախօրեին Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Կիրանցի դպրոցի մոտով անցնող սահմանին առնչվող հարցին եւ այն մտահոգություններին, թե դպրոցը հայտնվելու է ադրբեջանական թիրախում, նշել էր, որ նախկինում էլ դպրոցի հին շենքը գտնվել է թիրախում` դիտարկման ներքո, այլ կերպ ասած` իրավիճակում որեւէ բան չի փոխվել, ապա, իբրեւ սփոփանք, հավելել էր, որ եթե տեսանելիության մասին է խոսքը, ապա կա՛մ ծառ կտնկենք, կա՛մ պատ կշարենք, որ դպրոցից չերեւան ադրբեջանական սահմանն ու սահմանապահը, իսկ մեր անվտանգության երաշխավորն այսուհետ պետք է դառնա նոր գծվող սահմանի լեգիտիմությունը, այլ ոչ թե բանակը: 

Կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանի դիտարկմամբ, վարչապետն այսկերպ փորձել է խուսափել ստեղծված իրավիճակին կոնկրետ պատասխան տալուց, քանի որ բոլորի համար է ակնհայտ, որ չի կարող նման հեռանկար լինել դպրոցի համար։ «Իրավիճակի լավագույն նկարագրությունը տվել է մեր լավագույն գրողներից մեկը` Հրանտ Մաթեւոսյանը: Նա մի վիպակ ունի` «Մեսրոպ» վերնագրով, սյուժեն մոտավորապես սա է. գյուղացիները թուրքերի հետ կոնֆլիկտ ունեն, Ղազախում թուրքերը փակում են հայի` Մեսրոպի հոր ճանապարհը, երեխային հոր հետ տանում են անտառ ու հենց երեխայի աչքի առաջ սպանում հորը, որից հետո երեխային բաց են թողնում: Մեսրոպը գալիս է գյուղ, ու պատի տակ նստած գյուղացիները հերթով, ինչպես գրում է Հ. Մաթեւոսյանը, ստիպում են, որ երեխան պատմի կատարվածը, ու նա ամեն անգամ պատմում է ամբողջը:

Մեծանալով՝ Մեսրոպը դառնում է ձիապան, Մաթեւոսյանն ասում է` խիստ հակասական էր Մեսրոպը, մե՛կ կարող էր գնալ պատմության խորքերը, հիշել Խորենացուն, թուրքերի հետ ունեցած մեր կռիվը, մե՛կ էլ կարող էր ասել, որ թուրքերի հովիվները բարի մարդիկ են, եւ այլն: Մաթեւոսյանը շարունակում է` իսկ ինչո՞ւ դարձավ այդպիսի հակասական մարդ․ որովհետեւ երեխան դեռ այդ մանկական տարիներից դարձավ պատմող եւ ժամանակ չունեցավ իր հոգու խորքը նայելու, ինքն իր հետ խոսելու, ինքն իրեն լսելու...: Հիմա գալով Կիրանց, եթե դու ամեն առավոտ գնում ես դպրոց, ու թուրքի դիրքն է աչքիդ առաջ, դպրոցում նստած ես, բայց չգիտես օրը ոնց կսկսվի եւ ինչպես կավարտվի, դպրոցից տուն ես գալիս, եւ էլի նույն վիճակն է, ի՞նչ պիտի դառնա այդ երեխան: Թքած այդ ծախսված միլիոնների վրա, այնքան անտեղի ծախսեր ու վատնումներ են արել, որ թքած այդ ամբողջի վրա, դա չարժի, որ մի ամբողջ գյուղի դպրոցի երեխաներ ապրեն այդ սարսափի մեջ եւ, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն էր ասում` դառնան պարզապես «պատմող», այլ կերպ ասած` թուրքից վախեցող»,-ասում է Վ. Մարտիրոսյանն ու ընդգծում, որ դրանով այդ գյուղերում ոտնահարվելու է ոչ միայն երեխաների կրթության, այլ նաեւ խաղաղ ապրելու իրավունքը: 

Կրթության փորձագետն աբսուրդ է համարում իշխանության այն հակափաստարկները, որ սահմանի այս կողմում էլ մեր սահմանապահներն են կանգնելու, եւ այդ գյուղերում ապրող երեխաների ու գյուղացիների համար սահմանի, այսպես կոչված, «լեգիտիմությունը» լինելու է անվտանգային միակ երաշխավորը. «Աբսուրդ բաներ են դրանք, որովհետեւ տեսել ենք, թե վերջին 5-6 տարում ինչ է կատարվում մեզ հետ, այդ խոսակցություններին չարժե նույնիսկ լուրջ մոտենալ, նորից եմ ընդգծում, որ հարկավոր է երեխաներին հանել այդ սարսափի ու վախի մթնոլորտից»: