Այսօր Եգիպտոսում Գազայի հարցով բանակցություններ կընթանան

Այսօր Եգիպտոսում Գազայի հարցով բանակցություններ կընթանան

Եգիպտոսի, Իսրայելի, Կատարի, ԱՄՆ-ի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունները շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, մի քանի հանդիպումներ կանցկացնեն Կահիրեում՝ համաձայնության գալու իսրայելցի պատանդների և պաղեստինցի գերիների փոխանակման շուրջ։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Նշվում է, որ «ՀԱՄԱՍ-ը համաձայնել է կարգավորման ծրագրի առաջարկվող երկու փուլերի հետ, իսկ հիմնական աշխատանքը [հանդիպումների ընթացքում] տեղի կունենա երրորդ փուլի համաձայնեցման շուրջ», որը կորոշի պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները։ 

Որոշ ժամանակ առաջ Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը հայտնել էր, որ մայիսի 4-ին Եգիպտոսի մայրաքաղաք կժամանի ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը՝ խորհրդակցություններ անցկացնելու Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ։ 

Բացի այդ, ըստ Al Hadath-ի, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը կմասնակցի Եգիպտոսի մայրաքաղաքում ընթացող բանակցային գործընթացին՝ պաղեստինյան անկլավում զինադադարի հասնելու համար։