Այս իշխանություններին ընկալելը դժվար է, նրանք ողջամիտ չեն

Այս իշխանություններին ընկալելը դժվար է, նրանք ողջամիտ չեն

Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք Արեւմուտքից գրանտներ են ստանում, պարբերաբար հայտարարություններ են անում` արեւմտյան շահերից բխող, ինչ-որ մտահոգություններ հայտնում` տարբեր թեմաների շուրջ, դատապարտում են ինչ-որ երեւույթներ: Նրանք, որպես կանոն, ազգային խնդիրներով մտահոգված չեն, Արցախի ճակատագիրն ու հողեր հանձնելը նրանց չեն հետաքրքրում, բայց այժմ մի հայտարարություն են տարածել, որտեղ անդրադառնում են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին եւ պահանջներ ներկայացնում իշխանություններին.

• Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու գործընթացում հիմնվել միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, խստիվ պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ այլ իրավական ակտերով նախատեսված պահանջները։

• Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում երաշխավորել սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավունքները եւ անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ապահովել անհրաժեշտ եւ բավարար բոլոր պայմանները՝ իրենց բնակավայրերում անձանց անվտանգ եւ արժանապատիվ բնակվելու իրավունքի երաշխավորման համար։

• Վերանայել Սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովի եւ աշխատանքային խմբերի կազմը՝ ներգրավելով միջազգային իրավունքի մասնագետների, քարտեզագետների եւ այլ վերաբերելի մասնագետների։

• Սահմանագծման գործընթացներում հանրության համար ապահովել թափանցիկություն, կանխատեսելիություն եւ որոշակիություն, այդ թվում՝ սահմանագծման սկզբունքների եւ կիրառվող գործիքների վերաբերյալ։

• Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանությունը եւ անվտանգությունը։ 

Հայտարարությանը միացել է 5 ՀԿ` Հայկուհի Հարությունյանի «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ն, Արթուր Սաքունցի՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Սոնա Այվազյանի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Նինա Կարապետյանցի Հելսինկյան ասոցիացիան եւ Զարուհի Հովհաննիսյանը: Այս համախմբում հանդես եկող մյուսները` Դանիել Իոաննիսյանը, Լեւոն Բարսեղյանը, Ժաննա Ալեքսանյանը, Աշոտ Մելիքյանը, Բորիս Նավասարդյանը, Լուսինե Հակոբյանը, Նունե Սարգսյանը եւ այլք, չեն միացել հայտարարությանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Նինա Կարապետյանցից հետաքրքրվեցինք, թե ինչու մյուս ՀԿ-ները չեն միացել հայտարարությանը: Կարապետյանցը նշեց. «Ես՝ ինքս, ստացել եմ գիշերը շատ ուժ ժամի: Կարծում եմ` չեն հասցրել արագ ուսումնասիրել տեքստը: Միացողներն այն ՀԿ-ներն են, ովքեր շատ արագ են արձագանքել: Ամենայն հավանականությամբ, ժամանակի մեջ է խնդիրը»: Իսկ ուշ են արձագանքում, չե՞ն կարող հետո միանալ։ «Կարող են, մենք նման պրակտիկա ունեցել ենք: Եթե կա ցանկություն: Պարզապես քաղաքական բնույթի տեքստերը շատ դժվար են համաձայնեցվում, հավանաբար՝ դրա համար էլ քչերն են ստորագրել»,- ասաց նա: Կարապետյանցը կարծում է, որ այս իշխանությունների քայլերը բավականին անհասկանալի են ու փոփոխական. «Այս իշխանություններին երբ ձեռնտու է հայտարարել միջազգային իրավունքների մասին, դա անում են, բայց երբ ձեռնտու չէ, արհամարհում են, անտեսում, անում են այն, ինչ ներսում իրենք ցանկանում են: Սա ցավալիորեն դարձել է պրակտիկա: Այս իշխանություններին ընկալելը դժվար է, նրանք ողջամիտ չեն: Մենք նաեւ ականատես եղանք, թե ինչ տեղի ունեցավ Կիրանցում: Բոլորովին կապ չունի, թե ով է նախկին, ով` ներկա, ով` կուսակցական, ով` անկուսակցական: Մարդու ազատ իրավունքն է՝ մասնակցել խաղաղ ակցիային, ոստիկանի պարտականությունը մարդկանց աջակցելն է: Բռնությունն ակնհայտ դարձրեց, որ ոստիկաններն այսօր էլ քաղաքական հրահանգներ կատարողներ են»: