Ինչ է կատարվել 1992 թվականին այն տարածքում, որն ականազերծում են․ Կիրանցեցի կնոջ հուշերը

Ինչ է կատարվել 1992 թվականին այն տարածքում, որն ականազերծում են․ Կիրանցեցի կնոջ հուշերը

Կիրանցի բնակիչ Նառա Վարդանյանը փորփրում էր իր հեռախոսը, գտնում ու արցունքն աչքին ֆեյսբուքյան իր էջում տեղադրում հարազատ գյուղի լուսանկարները՝ 2021 թվական, 2015 թվական, երբ հարազատ Գորոյի՝ իր հերոս հորեղբոր, Գագիկ Վարդանյանի կիսանդրին էին բացում, Կիրանցի յասամանները, Կիրանցի բնությունը, Կիրանցի եկեղեցին․․․ 

8 տարեկան էր, երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Հորեղբորը՝ Գագիկին, տեսնում էր առավոտները միայն։ Ինքը դպրոց էր գնում, իսկ նա վերադառնում էր գիշերային հերթապահությունից։ Գագիկը մյուս կամավորների հետ իր վրա էր վերցրել գյուղը հսկելու պատասխանատվությունը։ «Գիշերը չքնած, ալեկոծված մազերով․․․ Դեմից  սպիտակ էր մազը, սպիտակ փունջ ուներ, հոգնած, տանջված գալիս էր տուն, ճակատիցս պաչում էր, հարցնում  էր՝ լա՞վ ես, դասերդ լա՞վ ա։ Մեկ էլ հիշում եմ, ոնց էինք սպասում իրենց, տղաներին, որ պետք է գան հերթապահությունից, իրենց թեյ տանք։  Սպասում էինք իրենց, ուշ ժամի, վառարանի մոտ նստած, ու ես ուզում էի, որ ինքը գա, տեսնի, որ ես իրան եմ սպասում», - վերհիշում է կինը։ 

Վերջին օրն էլ է հիշում։ Մարտի 11-ին վաղ առավոտյան, որպես ակտիվ, հետաքրքրասեր աղջիկ, որն ամենուրեք վազվզում էր, տեսնում է Գորոյի մարտական ընկերոջ՝ Սուրիկ Դավթյանի խելակորույս սլացող Վիլիսը։ «Էնպես էր սլանում, որ քիչ էր մնում մարդիկ անիվների տակ ընկնեին։ Ես վազելով եկա տուն, մամային ասեցի՝ մամա վիրավոր տարան։ Ասեց՝ ձենդ կտրի, քիչ էդ արանքներում պտտվի, հերիք ա, չե՞ս տեսնում, որ կրակում են։ Ես կրակոցի տակ եմ մեծացել մեծ եղբորս հետ։ Փոքրն էլ դեռ բարուրի երեխա էր», - պատմում է Նառան։ Մի քանի ժամից հարազատներով իմացել են, որ Վիլիսը Գագիկին էր տանում Իջևան։ Մինչև հասել են հիվանդանոց, նա էլ չի եղել։ Ձայնալարերից, կոկորդից էր վիրավորվել՝ սնայպերի կրակոցից։ 

«2 օրից բերեցին մարմինը, որ հրաժեշտ տանք։ Սոս Դավթյանը` ընկերներից, եկավ, ավտոմատը դրեց ու ասեց՝ արյունն արյունով ենք լվանալու։ Ամբողջ գիշեր իրա դիակը դրած մեր տանը, էն ինչ կրակոցներ էր,  ինչ էր կատարվում։ Մենք կռավաթների տակ էինք պախկվել, վախեցած, ատամն ատամի դրած սպասում էինք, տեսնենք` ինչ ա լինելու։ Մենք կռավաթների տակ ենք մեծացել։ Էսօր մարդիկ դա չեն պատկերացնում։ Առավոտ տեսանք՝ պապայի կամազի վրա գրադ ա խփել, ջարդել ա, ու ամողջ օրը մեր տան վրա կրակեցին թուրքերը։ Լավ գիտեին, ում են խփել։ 6 հոգով էինք թաղում Գորոյին։ Կամազներ էին բերել, որ մարդկանց փակեն, որ մարդկանց վրա  չկրակեն։ Բայց էլի չհանգստացան, կրակեցին։ Դպրոցի առաջ սնարյադ ընկավ, ոստիկան մահացավ, մեր թաղման օրը ոստիկան մահացավ մեր կողքի Սարիգյուղից էր։ Իրենք մեզ հետ մինչև հիմա լավ չեն։ Այն, ինչ մենք զգացել ենք մեր մաշկի վրա, թույլ չի տալիս, որ մենք վստահենք արբեջանցիներին։ 7-8 տարեկան երեխա էիք, երբ որ գիշերը սկսում էին ռմբակոծել, մեզ տանում էին կողքի Աճարկուտ գյուղ։ Մենք թշնամու հետ ապրել ենք։ Մենք ամեն անգամ, երբ հուղարկավորություն էր լինում, թշնամուն խնդրել ենք, որ թողնեն, անենք։ Մենք իրենց չենք վստահում, մենք վարդագույն ակնոց չենք դնում, որ ասենք, 91- ից փոխվել ա թշնամին։ Մենք լավ էլ պատկերացնում ենք, ինչ է լինելու։ Էսօր մարդիկ դա չեն պատկերացնում», - ասում է Կիրանցի բնակիչը, հիշելով 1992 թվականի դեպքերը, որոնք այսօր նորովի են հնչում։ Խրեմլուից արձակած կրակոցից էր զոհվել հերոսը, այն տեղանքից, որի ականազերծումը սկսվեց մայիսի 2-ին, որը վառելու, արյունն` արյունով լվանալու երդում տվեցին տղաներն ու կատարեցին երդումը, ու այդ արյունով լվացված գյուղը շուտով կհանձնեն թշնամուն։