Նկարիչների միությունն արտահերթ համագումար է հրավիրում

Նկարիչների միությունն արտահերթ համագումար է հրավիրում

Ինչպես հայտնի է, իշխանությունը, ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, որոշել է պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, իսկ որպես հիմնավորում, հղում է անում «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Ըստ դատախազության՝ հենց այդ օրենքի հիման վրա էլ Հայաստանի նկարիչների միությունն ու նրա գույքը դարձել են պետական սեփականություն: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ, այլ՝ հասարակական կազմակերպություններ։

Այդ առիթով Հայաստանի նկարիչների միությունն արտահերթ համագումար է հրավիրել, որը տեղի կունենա այսօր` մայիսի 4-ին, ժ. 12։00-ին, Կինոյի տան դահլիճում: Օրակարգում ՀՆՄ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի պետականացման մասին ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի եւ վերջինիս կողմից դատական վարույթ սկսելու վերաբերյալ հարցն է: Նախատեսվում է, որ համագումարի կողմից կընդունվի ու կարձանագրվի միության եւ նրա հազարից ավելի նկարիչ անդամների պաշտոնական եւ միասնական դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ առաջինն արտահերթ համագումար հրավիրեց Հայաստանի գրողների միությունը եւ միաձայն դեմ քվեարկեց դատախազության` գրողների գույքը պետականացնելու պահանջին: Թե ինչ արդյունք կտան հրավիրված համագումարները եւ ինչ գործուն ազդեցություն կարող են ունենալ իրավիճակի վրա` դժվար է ասել: Հատկապես որ, ինչպես գրել էինք օրերս, դատախազության ախորժակը միայն սրանով չի սահմանափակվելու։ Առաջիկայում պետականացման ենթակա ցուցակում շուրջ 125 ձեռնարկություն, միավորում եւ կազմակերպություն են ներառված, որոնք հաջորդաբար, նույն տրամաբանությամբ՝ 1990թ․ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» օրենքին հղում անելով, ենթարկվելու են իշխանության՝ պետականացման ծրագրին: Բայց որպեսզի շատ մեծ աղմուկ չլինի, դա միանգամից չի արվելու՝ քայլ առ քայլ։