Պահանջում եմ, որ ՄԻՊ-ը հատուկ և արտահերթ զեկույցով հանդես գա

Պահանջում եմ, որ ՄԻՊ-ը հատուկ և արտահերթ զեկույցով հանդես գա

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր դժբախտություն ունեցա ունկնդրել Մարդու իրավունքների պաշտպանի հերթական հերթապահ խոսքից մի հատված։ Ունկնդրեցի, բայց չլսեցի, որովհետև դա ոչ թե ՄԻՊ-ի խոսք էր, այլև ավելի շատ անտեղի դասախոսություն սեփական գործառույթների մասին, ճարտասանության անհաջող ցուցադրություն, ուսուցչի չհաջողված դերակատարություն, բայց բնավ ոչ Մարդու իրավունքների պաշտպանի արձագանք վերջին մի քանի օրերին Հայաստանում ոստիկանության կողմից շարունակաբար տեղի ունեցող` մարդու իրավունքների ակնառու ոտնահարումների, բռնությունների վերաբերյալ։ 

Էլ չեմ ասում այն մասին, որ ՄԻՊ- ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց ոստիկանության թողտվությամբ, ոստիկանության աչքի առաջ, ոստիկանության հսկողության տակ գտնված քաղաքացի Սամվել Վարդանյանի հանդեպ «չհայտնաբերված» անձանց կողմից իրականացված խոշտանգման մասին։ Փոխարենը` գերադասեց հիշեցնել, թե ինքը որպես կառույց սահմանադրական մարմին է (թեև այնպիսի տպավորություն էր, որ այդ կերպ փորձում էր մխիթարել ինքն իրեն ու ներշնչել, թե  որպես կառույց ինչ- որ ներկայություն ունի հասարակության կյանքում ),  ապա ինչ -որ մի պահի նույնիսկ փորձեց «մուննաթ գալ» Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, ինչպես նաև իրեն հարցերով նեղված ԱԺ պատգամավորի վրա։

Բայց ամենազարմանալին այն էր, որ  նա միտումնավոր, թե անգիտակցաբար խառնեց դեմոկրատիայի իսկական բաստիոն Սկանդինավիայում ծնունդ առած օմբուդսմենի լիազորություները 1937 թվականի խորհրդային НКВД գործելաոճին այնպես,  որ արդյունքն ավելի շատ նմանվեց շանտաժի նոտայի Ազգային Ժողովի պատգամավորի նկատմամբ։ 

Թերեւս չէր խանգարի, որ իրեն Սահմանադրական մարմին դիտարկող այդ պաշտոնյային այդ պահին կամ գոնե դրանից հետո հիշեցնեին, որ նա գտնվում է մի շենքում և կառույցում, որի հանդեպ նա ոչ միայն չունի ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ լիազորություն, այլև ինքը կարող է գտնվել նրա վերահսկողության տակ։  Որպես «Հաղթանակ» կուսակցության նախագահ, պահանջում եմ, որ ՄԻՊ-ը հատուկ և արտահերթ զեկույցով հանդես գա Հայաստանում մարդու իրավունքների վերջին խայտառակ խախտումների , այդ թվում` Տավուշի դեպքերի և  Սամվել Վարդանյանի հանդեպ աղաղակող խոշտանգման դեպքի վերաբերյալ։