ԿԳՄՍՆ-ն դեմ չէ, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր թատրոն 

ԿԳՄՍՆ-ն դեմ չէ, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր թատրոն 

«Գոյ» թատրոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԿԳՄՍՆ նամակները եւ կիսվել վերջին նորությունով: Ըստ այդմ, ԿԳՄՍ փոխնախարարներ` Դանիել Դանիելյանն ու Կարեն Գիլոյանը պատասխանել են թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանին, նշելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առարկություն չունի, որպեսզի նախկինում գործող Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թափերախումբը կարող է դառնալ մասնավոր թատրոն եւ գործել այդ հիմունքներով: Ինչ վերաբերում է թատրոնի տարածքին, ապա պատասխան գրության մեջ նշված է, որ այն թատրոնի գործունեության համար տրամադրելու հարցը կարող է դիտարկվել գործող ընթացակարգերին համաձայն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա գարնանը կառավարությունը որոշում ընդունեց Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին, որը անմիջապես բախվեց «Գոյ» թատրոնի դիմադրությանը, իսկ թատերախումբը կառավարության որոշումը արդեն մի քանի ամիս է՝ վիճարկում է դատական կարգով։