Երվանդ Օտյանը 100 տարի առաջ կանխատեսել էր Փաշինյանի հայտնությունն ու դրա հետեւանքները 

Երվանդ Օտյանը 100 տարի առաջ կանխատեսել էր Փաշինյանի հայտնությունն ու դրա հետեւանքները 

Իսկապես հանճարեղ գրող է Երվանդ Օտյանը, նա հարյուր տարի առաջ մեկը մեկին նկարագրել է Նիկոլ Փաշինյանին, կանխատեսել նրա հայտնությունը, գաղափարախոսությունը, գործունեությունն ու այդ գործունեության վերջնարդյունքը, Փաշինյանին ներկայացնելով իր պատմական նախատիպի՝ ընկեր Փանջունու կերպարով։ Ինչպես Փաշինյանը, Փանջունին եւս ընտանիքի կրտսեր զավակն էր։ Ուշադրություն՝ Փանջունին ծնվել է 1875 թվականին, Փաշինյանը՝ 1975-ին։ 

Սրանով ընդհանրությունները չեն ավարտվում, միայն սկսվում են։ Ահա թե ինչպես է Օտյանը ներկայացնում Փանջունու մանկության տարիները․ «Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ալ բերանը դյուրավ չէ գոցած: Քանի կը մեծնար, այնքան կաճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան, որ խեղճ հայրը ստիպվեցավ բժիշկի դիմել այդ անսովոր երեւույթին դարման մը գտնելու համար: Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ եւ վճռաբար ըսավ հորը. ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի»: Փաշինյանն էլ, ահա, անվերջ ու անդադար խոսում է ու խոսում․ հիմնականում բաներից, որից ընդհանրապես ոչինչ չի հասկանում, խոսում է, որովհետեւ չի կարող լռել։ 

Լսե՞լ եք, թե ինչ էր խոսում կառավարության նիստերի ժամանակ․ ուղղակի զարհուրել կարելի է։ Ասում է․ «Ինչի պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել», կամ՝ դիմելով կառավարության անդամներին, լրիվ լուրջ տոնով հայտարարում է․ «Այսպիսի տեղեկություններ են մեզ հասել, որ գյուղերում մարդիկ գիտեն՝ որտեղ է կարկուտը գալիս, գիտեն, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, տանում, այդ ծեծած տեղը ցորեն են ցանում, ասում՝ թող ծեծի: Ստացվում է, որ մենք էլի, փոխանակ մարդուն շահագրգռենք, որ ինքը բերք ստանա, շահագրգռել ենք, որ կարկուտ ստանա կամ ապահովագրություն»: Եթե հայ գյուղացին այդպիսի պայծառատեսությամբ օժտված լիներ եւ իմանար, թե որտեղ կարող է հաջորդ տարի կարկուտ գալ, նա հաստատ իր ձայնը Փաշինյանին չէր տա՝ իմանալով, թե կարկուտից տասնապատիկ ու հազարապատիկ ավել ինչ աղետ է լինելու իր եւ իր երկրի համար Փաշինյանը։ Իսկ որ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ժողովրդական ասացվածքի մեջ ճշմարտություն կա, անվիճելի է․ Փաշինյանն անվերջ հայ ժողովրդին նորանոր փորձություններ, աղետներ եւ ողբերգություններ է բերում։ Մարդիկ չեն հասցնում ուշքի գալ այս իշխանության մի փորձանքից, մյուսն է վրա հասնում, ու այդպես 6 տարի շարունակ։ Միայն այն տարբերությամբ, որ դրանցից ապահովագրություն չկա, ոչ մեկը չի փոխհատուցի Փաշինյանի եւ իր իշխանավորների հասցրած վնասների համար։

Օտյանը չափազանց լավ է կանխատեսել նաեւ Փանջունի-Փաշինյանի այլ ընդհանրություններ՝ խոսքի եւ գործի հակադրությունը, մի բան ասում է` ուրիշ բան անում։ Օտյանն ասում է, որ Փանջունին հակառակ էր օգտագործում բառերի իմաստը․ «Հակառակ իր խոսելու մարմաջին` փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը: Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կառնե ու գետին նետելով` ջարդ ու փշուր կընե: Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը եւ տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով, կը գոչե. ծո, ի՞նչ ես ըրեր անոթը։ Շինեցի, հայրիկ»։ Ինչպես Փանջունին է հետագա իր կյանքի եւ գործունեության ընթացքում ամեն ինչ շինում, այսինքն` ջարդում եւ ոչնչացնում, այնպես էլ Փաշինյանն է ոչնչացնում այն ամենը, ինչ ժառանգություն է ստացել նախկիններից։ Ասում է` Արցախը Հայաստան է, եւ վերջ, Արցախը դարձնում է Ադրբեջան, ասում է` քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, իր հրամանով բոլոր քաղաքացիներն անխտիր ենթարկվում են տուգանքի եւ ոչ թե մի անգամ, այլ՝ բազմաթիվ: Ասում է` Հայաստանը պետք է դարձնեմ ժողովրդավարական, դարձնում է աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը, ուր խոսելն ու մտածելն անգամ արգելված են, քրեորեն պատժելի, խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից, երկիրը թաղում է կոռուպցիայի մեջ, անկախությունից ու ինքնիշխանությունից է խոսում, հասցնում է նրան, որ ինքը հանդես է գալիս որպես Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ, եւ այսպես շարունակ։

Բայց ամենահանճարեղն Օտյանի մեկ այլ կանխատեսումն է։ Նա ասում է, որ երբ Փանջունուն վտարեցին համալսարանից, եւ պարզ դարձավ, որ նա ոչինչ անելու ընդունակ չէ, նրա ծանոթներից մեկը նրան ասում է․ «Եկուր քեզ հեղափոխական գործիչ շինենք, խոսելու դրություն ունիս` այդ բավ է»: Թե որպես հեղափոխական ինչպիսի գործունեություն է ծավալում Փանջունի-Փաշինյանը եւ կործանում Ծապլվարը, հայտնի է բոլորին։ Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչ գաղափարախոսությամբ էր առաջնորդվում Փանջունին, որը եւս տիպիկ բնորոշում է Փաշինյանին։ Օտյանը դա ներկայացնում է իր եւ Փանջունու երկխոսության միջոցով. երբ Օտյանը հարցնում է Փանջունուն, թե ինչ է նշանակում նրա քարոզած ուլտրաապակենտրոնացումը, Փանջունին պատասխանում է․ «Ամեն հայ անհատ, ինքն իր մեջ, ամբողջություն մըն է եւ կը ներկայացնէ ամբողջ հայությունը։ Ա՛ն, որ որեւէ միջոցով կը հաջողի ինքզինք փրկել, փրկած կը լինի նաեւ ամբողջ հայությունը։ Մենք պետք է մեր բոլոր ջանքը կեդրոնացնենք ինքզինքնիս փրկելու, առանց մտածելու կամ աշխատելու ուրիշի մասին։ Ահա՛ թե ինչ է ուլթրա ապակեդրոնացումը»։ Ասեք, որ լրիվ նիկոլիզմ է, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չէր կարող այսպես դիպուկ բնորոշել իր գաղափարախոսությունը։

Իսկ որպեսզի որեւէ մեկի մոտ հանկարծ ու հանկարծ կասկած չառաջանա, որ Երվանդ Օտյանը Փանջունու կերպարում նկարագրել է հենց Փաշինյանին, մի մեջբերում էլ ներկայացնեմ Փանջունու՝ Օտյանին գրած նամակից, որտեղ արդեն նկարագրում է ոչ թե իր դավանած գաղափարախոսությունը, այլ դրա իրականացումը կյանքում. «Իմ ժամերը սուղ են, չեմ կարող ավելի երկար գրել, որովհետեւ լծված եմ մի փրկարար աշխատանքի, ես պետք է քանդեմ հնությունը, հին լեզուն, հին կրոնքը, հին բարքերը, հին օրենքը, հին բարոյականը, հին միտքը, հին ըմբռնումները, հին նախապաշարումները, վերջապես բոլոր հին աշխարհը, նրա ավերակների վրա կանգնեցնելու համար նորը. դա հեշտ գործ չէ։ Պիտի կարողանա՛մ անել այդ ամենը, չեմ կարծի։ Թերեւս հաջողվեմ միմիայն քանդել, այդ արդեն բավարարություն կու տա ինձ։ Իմ հաջորդը թող լծվի վերաշինության գործին։ Ես վայելում եմ քանդումի հեշտանքը, իմ հաջորդս թո՛ղ կրի վերաշինության տաժանքը...»։

Երանի Երվանդ Օտյանին, որ միայն կանխատեսեց իր հերոսին, բայց չտեսավ նրա գործած իրական ավերն ու աղետը։

Ավետիս Բաբաջանյան