Հայը եւ հայկականը․ Հայանուն միներալներ՝ Հայկական քար, հայքար (3-րդ մաս)
Մատենագիտական եւ գիտական գրականության մեջ հիշատակվում է մոտ 10 անուն միներալ, որոնք հայտնի են եղել ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐ եւ ՀԱՅՔԱՐ անուններով: Ինչն այն բանի վկայությունն է, որ դրանք արտահանվել են Հայաստանից, իսկ Հին աշխարհում եւ միջնադարում ներքոհիշյալ միներալների արտահանման ու տարածման գործում շատ մեծ է եղել հայերի դերը:
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐ (lapis armenium), կապույտ գույնի ներկ, լաջվարդի անվանումն ըստ Պլինիոսի: «Lapis armenus»-ը կամ հայկական քարը Հայաստանում եւ Մերձավոր Արեւելքում համարվել է բուժաքար: Հույներն այն հավասարեցրել են «աստղերով պատված երկնակամարի հետ», իսկ եգիպտացիներն այն անվանում էին «երկնքի քար»:
Շումերական էպոսում հիատակավում է, որ հայկական քարն արդյունահանվել է «արծաթյա լեռների»՝ Հայկական Տավրոս լեռների երկրում՝ Արատտայում: Հնագույն ժամանակներից Արատտան հռչակված էր մետաձուլությամբ, քարերի հանքերով, ոսկու ու արծաթի արդյունահանմամ եւ թանկարժեք կապտա-երգնագույն քարերի՝ ազուրիտի, հանույթով:
Հայկական քարի մնացորդներից կարելի է ստանալ Armenium, Petra Armenium ներկեր:
Հայկական քարն ունենում բաց երկնագույնից մինչեւ մութ կապույտ երանգ: Հայ վաճառականերն այն արտահանում էին Եվրոպայի, Ասիայի երկրներ, Մերձավոր Արեւելք, որով էլ այն մեծ ճանաչում է ստացել:
Բժիշկ եւ դեղագործ Ջոն Հիլլը (18-րդ դ.) հայկական քարը նկարագրում է հետեւյալ կերպ. «Այդ քարի գույնը նման է երկնքին, հարգանքի է արժանացել այն ժողովուրդների մոտ, ովքեր այն կրել են: Օրինակի համար եգիպտական ձեռագրերում նշվում է, որ այդպիսի քար կարող էին կրել փարավոնը կամ ազնվականները: Ստորին շերտերի այն ներկայացուցիչներն, ովքեր կհամարձակվեին կրել այդ քարն որպես զարդ, ապա մահապատժի էին ենթարկում: Հին փյունիկացիները համարում էին, որ լազուրաքարը աստվածներն են երկիր ուղարկել, որպեսզի մահկանացուներին հաջողություն բերի»:
Միջնադարի բժիկներ եւ փիլիսոփաներ Ավիցինան եւ Աբու Մանսուրը հայկական քարն անվանում են «խոջար արմենիի» եւ այն օգտագործել են իրենց աշխատություններում: Մխիթար Հերացին հայկական քարը ներառել է այն դեղերի կազմ, որոնք բուժում են գլխի, աչքի, ոսկորների հիվանդությունները:
Հին հույն պատմաբան Դիոնիսոսը իր աշխատություններում հայկական քարի մասին գրել է, որ հայկական լազուրիտը կիրառվել է նաեւ շինարարության եւ ոսկերչության մեջ: Հայկական քարից պատրաստել են թասեր, գավաթներ, աստվածների արձանիկներ եւ այլն:
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐ (salis armeniaca), միներալ:
«ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐ», ալքիմիական նյութ:
ՀԱՅՔԱՐ (Pierre d’Armenie), միներալ, որը մեծ տարածում է ունեցել Առաջավոր Ասիայում եւ Եվրոպայում: Հիմնականում Հայաստանից արտահանվելու պատճառով հայտնի է դարձել Հայքար անունով: Մոնոդ Հեռզեն հիշատակելով «փիլիսոփայական ձվի» մասին, տալիս է հետևյալ մեկնությունը. «Ոմանք այն անվանում էին պղնձե կամ Հայաստանի քար (Pierre d’Armenie)…»: Ոմանք հայքարը նույնացնում են ոսկեքարին, վանակնին կամ սատանի եղունգին:
ՀԱՅՔԱՐ (Petra Armeniac), միներալ: Որպես դեղամիջոց օգտագործվել է բժշկության մեջ` դողէրոցքի եւ այլ հիվանդությունների դեմ: Ալ-Բիրունին «Հանքաբանություն» աշխատության մեջ գրում է. «լազուրիտը (լաջվարդը) որպես մելամաղձային հիվանդության ցրող միջոց, արտահանվում է Հայաստանից եւ լայնորեն օգտագործվում է կենցաղում»: Որպես դեղամիջոց օգտագործելուց զատ, այն օգտագործվել է նաև որպես ներկանյութ:
ՀԱՅՔԱՐ (armenium), միներալ: Առաջին անգամ հիշատակում է հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագը: Բացի այս հայքարից Պլինիոս Ավագը հիշատակում է եւս մեկ հայքար (cos armeniae), որն օգտագործվել է մարմարից եւ թանկարժեք քարերից պատրաստած իրերը հղկելու համար: Այս քարի մասին Պլինիոս Ավագը գրում է. «Հայաստանը մեզ ուղարկում է այդ կապույտ ներկանյութը, որը հենց իր անունով էլ կոչվում է armenium: Այն պատկանում է թանկարժեք քարերի շարքին»: Որպես գունանյութ օգտագործելուց զատ, այն օգտագործվել է նաեւ որպես բուժիչ հանքանյութ:
ՀԱՅՔԱՐ (cos armeniae), միներալ: Հիշատակում է հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագը, որն օգտագործվել է մարմարից եւ թանկարժեք քարերից պատրաստած իրերը հղկուլու համար: Բացի այս հայքարից Պլինիոս Ավագը հիշատակում է եւս մեկ հայքար (armenium): Այս քարի մասին առաջին անգամ հիշատակել է Պլինիոս Ավագը:
ՀԱՅՔԱՐ, միներալ: Ոչ թանկարժեք ազուրիտ քարատեսակը, որը լազուրիտին խիստ նման լինելու պատճառով, հաճախ որպես զարդ փոխարինում է նրան:
ՀԱՅՔԱՐ, ըստ Վլադիմիր Դալի (1801-1872) «Վելիկոռուս լեզվի բացատրական բառարանի»` պղնձաքարի անվանումը:
ԾԱՆՈԹՈւԹՅՈւՆ
Նոր միներալների եւ նրանց անվանումների միջազգային հանձնաժողովի կողմից անվանակոչված միներալներից մեկը կոչվել է ԱՐՄԵՆԻՏ: Այն անգույն ապակենման փայլով թափանցիկ միներալ է, որը հայտնաբերվել է 1939-ին եւ կոչվել հայտնաբերված նորվեգական Armen Mine տեղանքի անունով: Արմենիտը հայկականության հետ կապ չունի:
Գագիկ ԱՐԾՐՈւՆԻ
Կարծիքներ