Ուզում են անկախ լինել ՌԴ-ից, բայց կախյալ են մնացած բոլորից

Ուզում են անկախ լինել ՌԴ-ից, բայց կախյալ են մնացած բոլորից

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կարծես չեն հասկանում, թե Ռուսաստանն ինչու է այդքան բուռն արձագանքում իրենց հակառուսական գործողություններին եւ հայտարարություններին: Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ուզում են իրենց պահել այնպես, ինչպես, օրինակ, պահում են Լատվիայի կամ Լիտվայի իշխանություները, ինչը սովորական կլիներ Ռուսաստանի համար: Նրանք այդպես էլ չհասկացան, որ Հայաստանը Լիտվա կամ Լատվիա չէ, որոնք ԵՄ եւ ՆԱՏՕ անդամներ են, իսկ Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին: Հայաստանը նույնիսկ Թուրքիա չէ, որի հետ ուզում են համեմատվել Հայաստանի իշխանությունները, քանի որ Թուրքիան եւս ՆԱՏՕ-ի անդամ է: Եթե Հայաստանի խորհրդարանի խոսնակ աշխատող Ալեն Սիմոնյանը դա չգիտի, դա այլ խնդիր է: Սիմոնյանը, անդրադառնալով ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Իսպանիայում իր հակառուսական ելույթի արձագանքին, ասում է, թե Թուրքիան էլ չի ճանաչում Ռուսաստանի տարածքային նվաճումներն Ուկրաինայում, բայց Ռուսաստանի իշխանությունների ուժը միայն Հայաստանի վրա է պատում, որովհետեւ միայն մեզ են մեղադրում եւ սպառնում: 

Մի՞թե Սիմոնյանն իսկապես չի հասկանում, որ Ռուսաստանի համար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարբերություն կա, թե՞ կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանն ու Թուրքիան պետք է դիտարկի որպես մեկ միասնություն: Ասեն՝ դե հա, եթե Թուրքիան չի ճանաչում մեր տարածքային նվաճումները, Հայաստանը ո՞նց կարող է ճանաչել, նրանց տեսակետը ո՞նց կարող է տարբերվել Թուրքիայի տեսակետից, բա թուրքերն ի՞նչ կմտածեն Հայաստանի մասին, հաջորդ անգամ որ Հայաստանն ուզենա հումանիտար օգնություն ուղարկել Թուրքիա, կարող է չընդունեն, կամ Փաշինյանին չեն հրավիրի Էրդողանի կազմակերպած միջոցառումներին:

Ալեն Սիմոնյանը Հայաստանը համեմատում է Բելառուսի հետ. ասում է, որ ինքը խոսել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման մասին, բայց Բելառուսը եւս չի ճանաչում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները: Իսկ ո՞վ ասաց, որ չի ճանաչում: Ի տարբերություն Հայաստանի իշխանության, Բելառուսն իրեն պահում է որպես Ռուսաստանի հուսալի դաշնակից: 2022 թվականի փետրվարի 24-ին, երբ ռուսական զորքը հարձակում սկսեց Ուկրաինայի դեմ, Բելառուսի տարածքը եւս օգտագործեց Ուկրաինա ներխուժման համար, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում էր Ղրիմում: Եթե Լուկաշենկոն Ղրիմը չճանաչեր Ռուսաստանի մաս, մի՞թե կընդուներ Պուտինի հրավերը եւ կգնար Ղրիմ: Պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի ղեկավարների հրավերով այցելեին Ղրիմ: Նման բան պատկերացնելն է անհնար․ ո՞վ նրանց նման բան թույլ կտա՝ իրենց անկախ պետության ղեկավար երեւակայողներին: Թե՞ իրենց համար անկախությունը միայն անկախություն է Ռուսաստանից, բայց կախվածություն՝ մնացած բոլորից, այդ թվում եւ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից։ Փաշինյանը մինչեւ հիմա չգիտի՝ մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ ՌԴ նախագահի երդմնակալությանը, որովհետեւ այդ հարցն ինքը չի որոշում, իրեն պետք է Վաշինգտոնից կամ Բրյուսելից զանգեն եւ ասեն՝ գնա այդ միջոցառմանը, թե մերժի հրավերը: Սա է սրանց անկախության աստիճանը:

Ալեն Սիմոնյանը տարակուսում է, թե ինչու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն չի ուզում հասկանալ, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի որպես անկախ պետություն»: Մի՞թե անկախ պետություն լինելը եւ այդպիսին գործելը ենթադրում է, որ դու պետք է ամեն առիթով քննադատես ու մեղադրես դաշնակից երկրին, այն էլ՝ նրա թշնամի պետությունների միջավայրում: Երբ դա անում են Ռուսաստանի թշնամի երկրների ղեկավարները, Ռուսաստանի համար դա նորմալ է, թշնամին կարող է ե՛ւ քննադատել, ե՛ւ մեղադրել, ե՛ւ սպառնալ, բայց երբ դա անում է քո պաշտոնական դաշնակիցը, համաձայնեք, որ դա անընդունելի է: Եվ այստեղ անկախությունը կամ անկախ գործելը ոչ մի կապ չունի, հակառակը՝ դա անկախության լիակատար բացակայության ապացույց է, երբ քեզ ստիպում են հանդես գալ քո դաշնակցի դեմ, իսկ դու պարտադրված ես ենթարկվել: 

Գուցե Ալեն Սիմոնյանն ասի, որ Ռուսաստանը վաղուց Հայաստանի դաշնակիցը չէ, որ դաշնակցային հարաբերությունները կրում են ֆորմալ բնույթ: Եթե Հայաստանն իսկապես Ռուսաստանին չի համարում դաշնակից երկիր, նույնիսկ ավելին՝ համարում է թշնամի երկիր, որը հիբրիդային հարձակումներ է իրականացնում Հայաստանի դեմ, ինչպես Պալմայում պնդում էր Ալեն Սիմոնյանը, ապա ավելի ճիշտ չի՞ լինի հայտարարել դրա մասին, դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից: Ռուսաստանն արդեն տեւական ժամանակ է՝ պահանջում է, որ Հայաստանը հստակեցնի իր հարաբերություններն այդ կառույցի հետ, ասի՝ դուրս է գալիս այդ կառույցից, թե ոչ, ինչին հետեւում են Հայաստանի իշխանությունների անիմաստ ու անհասկանալի պարզաբանումները: Մե՛կ ասում են՝ մենք դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, մե՛կ ասում են՝ դուրս չենք գալիս, այլ սառեցնում ենք մեր անդամությունը: Փաշինյանին եւ Սիմոնյանին երեւի թվում է, որ դրանով իրենք անլրջացնում են ՀԱՊԿ-ն, ծաղրի են ենթարկում այդ կառույցը, ասում են՝ դուք մեզ չպետք է ասեք՝ մենք դուրս գանք, թե չգանք, մենք ուրիշ տեղից ենք հրահանգ ստանում, առայժմ ասել են՝ սառեցրեք, մենք էլ ասում ենք, որ սառեցրել ենք, երբ կասեն՝ դուրս եկեք, այդ ժամանակ էլ դուրս կգանք կամ չենք գա: Իրականում նրանք դրանով անլրջացնում են Հայաստանը, Հայաստանի այդ հիմար պահվածքից Ռուսաստանը կամ Բելառուսը չեն տուժում, Հայաստանի մասին է ձեւավորվում տեսակետ՝ որպես անլուրջ եւ անսկզբունք պետության:

Իսկ ինչո՞ւ Փաշինյանի իշխանության արեւմտյան հովանավորները նրան չեն կարգադրում դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից, այլ թողել են այսպես կախված, անլրջացած վիճակում։ Որովհետեւ եթե ասեն՝ ՀԱՊԿ-ից դուրս եկեք, դրան պետք է այլընտրանք առաջարկեն, իսկ դա չեն ուզում անել: Որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հրաման տան, դրան էլ ինչ-որ այլընտրանք պետք է առաջարկեն, բայց դա էլ չեն ուզում անել: Օգտագործում են իրենց ուզած ձեւով, առանց որեւէ պարտավորության եւ պատասխանատվության: Դե, եթե օգտագործվողը դեմ չէ, օգտագործողը միայն ուրախ է:

Ավետիս Բաբաջանյան