«Հրապարակ». Ի՞նչ է ուզում Փաշինյանի նախկինը նախկիններից

«Հրապարակ». Ի՞նչ է ուզում Փաշինյանի նախկինը նախկիններից

«Ոչ մի ատելություն, միայն լայն համերաշխություն» կոչով հանդես եկող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է 2018 թվականից հետո պառակտված հայ հասարակության բոլոր շերտերի համախմբմանն ուղղված ջանքերը։ Բագրատ սրբազանն իսկապես համագործակցության ձեռք է մեկնում բոլորին՝ հասարակական-քաղաքական շրջանակներ, գիտնականներ, մշակութային գործիչներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Սրբազանի հետ հանդիպումների տեսանյութերը փաստում են, որ առնվազն գոնե մինչեւ այս փուլը նրան հաջողվել է մի սեղանի շուրջ նստեցնել հանրությանը քիչ թե շատ հայտնի այնպիսի ուժերի ու անհատների, որոնց դժվար էր անգամ նույն սենյակում պատկերացնել, ուր մնաց՝ նույն սեղանի շուրջ։

Այս լայն ու, ըստ էության, առանց սահմանների համերաշխության արշավը, որը դեռ ընթացքի մեջ է, ու դժվար է կանխագուշակել, թե ինչով կավարտվի, մի ուշագրավ դրվագով էլ առանձնացավ։ Քաղաքական ուժերից «Լուսավոր Հայաստան»-ը, որի ղեկավարը` Էդմոն Մարուքյանը, Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակից փետրվարի 29-ին ազատվեց՝ սեփական դիմումի համաձայն, ու մինչեւ այդ ի պաշտոնե կիսում էր իշխանության վարած քաղաքականության ողջ պատասխանատվությունը, օրերս նախապայման է դրել, որ սրբազանը պետք է հստակ տարանջատվի «նախկիններից»։

«Եթե խորհրդարանական ուժերը, որոնք մեկ անգամ՝ 2021 թվականին Ֆրանսիայի հրապարակի հայտնի այդ ցույցերի ընթացքում, իրենց փորձը կատարեցին, եւ, ըստ էության, շարժումն իր հաջողությանը չհասավ, նշանակում է՝ իրենք պետք է քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ եւ թույլ տան, որպեսզի սրբազանն առանց իրենց միջամտության կարողանա առաջ մղել շարժումը, իսկ սրբազանն էլ իր հերթին, կարծում եմ, եթե հստակ դրա մասին հայտարարի, շարժումը միայն նոր թափ կստանա»,- անցած շաբաթ հայտարարել էր կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, ով Բագրատ սրբազանի հետ քաղաքական ուժերի հանդիպմանն էր մասնակցել։ Այս նախապայման-ուլտիմատումն ընկալելի չէ նախ այն պատճառով, որ ինքնին հակասում է Բագրատ սրբազանի շարժման հռչակած արժեքներին եւ, ըստ էության, քաղաքական դիսկրիմինացիայի կոչ է։ Չէ՞ որ շարժումը գալիս է՝ ջնջելու բաժանարարները, նախկին-ներկա վտանգավոր պառակտումը, սեւն ու սպիտակը։ Շարժումը համերաշխություն է փորձում ստեղծել՝ առանց հետ նայելու, թե որ քաղաքական ուժը երբ ինչ է արել։ Այն, ինչ այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեր հասարակությանը: Եվ «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշումը հասկանալի չէ ոչ միայն այս, այլ նաեւ մեկ ուրիշ` ոչ պակաս կարեւոր ու էական հանգամանքի պատճառով։

Նման նախապայման է դնում մի քաղաքական ուժ, որը վերջին համապետական ընտրություններում ընդամենը 15 հազար 591 ձայն է ստացել, իսկ Երեւանի ավագանու վերջին ընտրություններում՝ 4 հազար 178։ Համեմատության համար հիշեցնենք, որ «նախկինները»՝ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը միասին վերցրած, 2021թ․ արտահերթ ընտրություններում 336 հազար 131 ձայն էին ստացել («Հայաստան» դաշինքը՝ 269 հազար 481, «Պատիվ ունեմ»-ը՝ 66 հազար 650)։ Ստացվում է, որ քաղաքական դաշտի մարգինալ ուժերն են փորձում նախապայմաններ առաջ քաշել։ 

Չի՞ ստացվում, որ Փաշինյանից առաջ իշխանության եղած «նախկինների» ու հենց Փաշինյանի իշխանության մաս կազմած «նախկինների» միջեւ բաժանարարներ է գծում «Լուսավոր Հայաստանը»․ մեր հարցին ԼՀԿ ներկայացուցիչ Անի Սամսոնյանն այսպես արձագանքեց․ «Մեր հանդիպումներում մենք պայմաններ չենք դրել որեւէ մեկի առջեւ, մենք արել ենք շարժմանը նպաստող առաջարկներ։ Նախկին իշխանությունների մասով խնդիրը նրանց կողմից շարժմանը մասնակցելու մեջ չէ, այլ վերարտադրվելու ցանկության եւ մղումների, որոնք շատ տարբեր բաներ են։ Որեւէ մեկն իրավունք չունի կոչ անելու այլ անձանց` չմասնակցել այդ շարժմանը, որովհետեւ այն բաց է բոլոր քաղաքացիների համար՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Իսկ եթե նախկին իշխանությունները խնդիր են տեսնում իրենց վերարտադրության մասով, ապա պետք է ասեմ, որ այդպիսի ամբիցիաները վնասելու են շարժմանը եւ ուժեղացնելու են իշխանությանը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ես չլինեմ, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը կլինեն։ Եթե երկու նախագահների համար իսկապես այս երկիրն արժեք ունի, կարծում եմ՝ իրենք այս հարցում պետք է ցուցաբերեն խելամտություն, իմաստնություն ու հետ քաշվեն։ Իսկ եթե երկու նախագահներին մտահոգում են իշխանության հետ երբեւէ աշխատած կամ աշխատող անհատները, ապա կարծում եմ, որ իրենք պետք է զբաղվեն նախեւառաջ իրենց խմբակցության պատգամավորներով»։

Ըստ Սամսոնյանի, համերաշխության խաթարման հարց կլիներ, եթե իրենք ասեին՝ թող «նախկինները» հրապարակ չգան։ «Բայց դա մենք չենք ասում, չէ՞։ Թող երկու նախագահներն ամսի 26-ին գան հրապարակ ու հայտարարեն, որ իրենք այս երկրում այլեւս իշխանություն ունենալու ձգտում եւ ցանկություն չունեն։ Գոնե մի անգամ մի լավ բան անեն Հայաստանի համար։ Կանե՞ն»,- հարցնում է ԼՀԿ-ականն ու հավելում՝ իրենք շարունակելու են մասնակցել շարժմանը․ «Անձամբ ես մայիսի 26-ին լինելու եմ Հանրապետության հրապարակում»։

Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի քաղաքական պատասխանատվության հարցին, Սամսոնյանը նշում է․ «Մենք միշտ պատասխան ենք տվել մեր գործողությունների համար, եւ չկա «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական կենսագրության մեջ որեւէ էջ, ըստ որի՝ մենք թալանել, թուլացրել, մաշել կամ վնաս ենք հասցրել այս երկրին։ Մեր հնարավորությունների սահմաններում փորձել ենք աջակցել, չի ստացվել՝ եղել ենք ազնիվ եւ չենք մոլորեցրել հանրությանը։ Բայց, իհարկե, քաղաքականության մեջ ազնվությունն ամեն մարդու կամքի բանը չէ»։
Նկատենք, որ «Լուսավոր Հայաստան»-ը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցելու վերաբերյալ կուսակցական հայտարարություն չի արել։ Բագրատ սրբազանին Երեւանում սպասելու մասին ֆեյսբուքյան գրառումը Սամսոնյանի անձնական դիրքորոշումն է եղել: Սամսոնյանն ասում է, որ պաշտոնական հայտարարությունների կարիք չեն տեսել, քանի որ շարժումը հայտարարվել է ապակուսակցական։