Տեսանելի եւ անտեսանելի

Տեսանելի եւ անտեսանելի

Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի ձախողումները միայն ֆիզիկական ու շոշափելի չեն, դրանք նաեւ հոգեւորի, բարոյականի, արժեքայինի ոլորտում են: Արդյոք կարո՞ղ էին այսքան բախտախնդիրներ հայտնվել քաղաքական դաշտում, այդ թվում` ընդդիմադիր դաշտում, եթե այս իշխանությունը նման կործանարար քաղաքականություն չտաներ` տեղ բացելով տգետների, անհայրենիքների, խարդախների ու պատեհապաշտների համար: Այսօր հասել ենք այն սահմանին, որ Թուրքիայում բնակվող դասական մի դավաճան, որին ժամանակին քարկոծելով կքշեին երկրից, Հայաստանում կուսակցություն բացելու փորձեր է անում: Հասել ենք նրան, որ բարձր պաշտոն զբաղեցնող, որոշումներ կայացնող մարդը կարող է հակապետական, հակահայկական հայտարարություններ անել, թշնամու շահերը պաշտպանել եւ հանգիստ շարունակել պաշտոնավարումը:

ՔՊ-ական իշխանությունը ձախողվել է ոչ միայն արտաքին քաղաքական հարցերում՝ ոչնչացնելով մեր ինքնիշխանությունն ու վտանգելով մեր գոյությունը, այլեւ հանրությանն այնքան է պառակտել, որ մեր ազգը դադարել է մեկ միասնական ամբողջություն լինելուց, որեւէ ընդհանուր գաղափար, նպատակ, սկզբունք, երազանք ունենալուց: Այնքան է պառակտել, որ անգամ հարեւան գյուղերն է միմյանց դեմ հանել եւ հարեւանությամբ ապրող մարդկանց շահերն է տարանջատել: Եվ Բագրատ սրբազանի շարժումը, որը համերաշխության, միաբանության, միմյանց նկատմամբ հարգանքի ու սիրո վրա է կառուցված, նույնպես փաշինյանական քաղաքականության ձախողման վառ ապացույցն է: Այդ 2018-19-ին էին մարդիկ զվարճանում «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» լեքսիկոնից, գալու էր այն օրը, երբ մարդիկ հասկանալու էին, որ ամենավատ ծառայությունը, որը կարող էր մեր ժողովրդին մատուցել այս անփորձների իշխանությունը, հանրային համերաշխության ոչնչացումն է: