Մեր վաղվա օրը վճռվում է այսօր

Մեր վաղվա օրը վճռվում է այսօր

Հայաստանում ավելի քան 10 օր առաջ սկսված «հանուն հայրենիքի» պայքարը, բացի կենսական կարեւորություն ունենալուց, նաեւ հետաքրքիր տեսական թեմա է իրենից ներկայացնում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ թերեւս առաջին անգամ առաքելական եկեղեցին՝ ի դեմս պայքարի առաջնագծում կանգնած եւ պայքարի առաջնորդությունը ստանձնած եկեղեցականների, ներգրավվում է մի գործընթացի մեջ, որը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ պայքար հանուն հայկական պետականության պահպանման։

Թեեւ շատերի համար սա նոր բան է, աննախադեպ, նույնիսկ՝ դժվար ընկալելի, սակայն իրականում առաքելական եկեղեցին հիմա իր այն առաքելության մեջ է, որն իրականացրել է գրեթե մշտապես՝ որպես ազգային-կրոնական կառույց պայքարել հանուն ազգային պետականության պահպանման։ Եկեղեցական պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ եկեղեցին էլի ներգրավվել է, ժամանակակից լեզվով ասած՝ քաղաքական գործընթացների մեջ, հանուն ազգային պետականության պահպանման կամ վերականգնման։ Եթե ընթերցողը նկատեց, մենք վերեւում կիրառեցինք «ազգային պետականություն» եւ «հայկական պետականություն» եզրույթները։ Հայաստանյան հանրության համար ներկայում հենց այս եզրույթները հասկանալն է կարեւոր։ Փորձենք բացատրել, թե ինչու։

«Հրապարակի» էջերում բազմիցս այդ մասին գրելու առիթներ ենք ունեցել․ խնդիրը զուտ միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը կամ նրա քաղաքական ուժին իշխանազրկելը չէ։ Խնդիրը շատ ավելի խորքային է եւ ընդգրկուն։ Հարցն այն է, թե եթե, օրինակ, ամեն բան ընթանա ըստ այն տրամաբանության, որով առաջնորդվում են Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի իշխող քաղաքական մեծամասնությունը, ապա այդ գործընթացի վերջում Հայաստանից ինչ է մնալու։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա, իհարկե, Հայաստան պետությունը կմնա․ 29,8 կամ 29,7 կամ 28,5 հազար քառակուսի կիլոմետր՝ դեռ պարզ չէ։ Սակայն հարց է, թե որքանով կենսունակ կլինի այդ երկիրը՝ որպես պետություն, որքանով կկարողանա գոնե փոքրիշատե ներկայանալ որպես անկախ երկիր, եւ, որ ամենակարեւորն է, որքանով այն կկարողանա ներկայանալ որպես հայկական կամ ազգային պետականություն։

Հարցը միայն սահմանազատումը չէ կամ, պատկերավոր ասած, «կադաստրի վկայական» ունենալը, այլ այն, թե դրանից հետո ինչ է լինելու, արդյոք, դիցուք, 200-250 հազար ադրբեջանցի վերաբնակիչ չի՞ հաստատվելու Հայաստանում, արդյոք հայկական պետականության մեջ իշխանության ձեւավորման գործում այդ ադրբեջանցիները բաժնետեր դառնալու հավակնություն չե՞ն ունենալու, եւ, ասենք, օրինակ, ապագայում Հայաստանի խորհրդարանի փոխնախագահներից մեկն ու կառավարության փոխվարչապետներից մեկն արդյոք ադրբեջանցի չե՞ն լինելու, ու այսպես շարունակ, որով Հայաստանը, որպես հայկական կամ ազգային պետականություն, կդադարի գոյություն ունենալուց։ Խնդիրը հենց այս է նաեւ, ու դա փորձ է արվում կանխել հենց հիմա Տավուշում։ Հայաստանի քաղաքացիները, հայաստանյան հանրությունը սա պետք է հասկանան, որ ըստ այդմ կատարեն իրենց ընտրությունը։

Մեծ հաշվով, ընտրողը ժողովուրդն է, առաքելական եկեղեցին կամ նրա բարձրաստիճան ներկայացուցիչներն ընդամենը այդ ընտրության առաջնորդողներն են, ու եթե վաղը, Աստված մի արասցե, պարզվի, որ, այո, հայաստանյան հանրությունն ուզում է, որ Հայաստանը լինի հայ-թյուրքական խառը պետականություն, ապա առաքելական եկեղեցին գոնե այնքանով հանգիստ կլինի, որ արեց այն, ինչ կարողացավ։ Ուստի պետք է գոնե մեկ անգամ այս հարցի վրա մտածել ու հասկանալ, որ վաղվա օրը վճռվում է այսօր, եւ կատարել ընտրություն՝ կարեւոր չէ, թե ինչպիսի։