Փաշինյանը եւ կրկեսի վերածված Հայաստանը

Փաշինյանը եւ կրկեսի վերածված Հայաստանը

Փաշինյանը, երբ իրեն բերում էին իշխանության, արդեն գիտեր, թե ինչու են հատկապես իրեն բերում իշխանության: Նա իր «արժեքը» լավ գիտեր, եւ նրա համար դժվար չէր կատարել այդ հաշվարկը: Այնպես որ, նա գիտեր՝ իրեն բերում են եղածը վարի տալու՝ Հայաստանը որպես տարածաշրջանային ֆակտոր մեջտեղից վերացնելու: Նա գիտեր դա եւ համաձայնել էր օտարի ձեռքում այդ գործիքը դառնալու: Դրա գինը իշխանությունն էր՝ Փաշինյանի սեւեռուն բաղձանքը, որն էլ նա ստացավ 2018թ. այս օրերին:

Այն ժամանակ արդեն Փաշինյանի սեղանին կար հստակ ճանապարհային քարտեզ: Բոլթոնն էր տվել: Առաջին քայլով պետք է հօդս ցնդեր փողոցով իշխանազավթման իրողությունը: Փաշինյանը, օգտվելով գունավոր, այսպես կոչված, թավշյա խեղկատակության էյֆորիկ իրավիճակից, պետք է դառնար «ընտրված» վարչապետ: Բոլթոնը նրան այդպես էլ ասել էր՝ արտահերթ ընտրություններ, քանի դեռ «մասսաներն» ուշքի չեն եկել կատարվածից: Նույն խորհուրդը, ի դեպ, Փաշինյանին տվել էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց, ի տարբերություն Բոլթոնի, Տեր-Պետրոսյանը գաղափար անգամ չուներ, թե ինչ ճանապարհային քարտեզ է դրվել Փաշինյանի առաջ: Նա Փաշինյանին այդ խորհուրդը տվել էր սեփական ինտելեկտի ուժով՝ դույզն-ինչ չկասկածելով, որ Հայաստանի հանդեպ հրեշավոր դավադրություն է կազմակերպվում: Տեր-Պետրոսյանը գիտեր, որ Փաշինյանը պետք է հողերը (ազատագրված տարածքները) տա, բայց որ դա անելու է սարսափելի պատերազմով եւ տասնյակ հազարավոր կյանքերի գնով, չգիտեր: Այստեղ արժե հիշել Փաշինյանի արդարացումը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի «պոռթկուն» գնահատականը: Կապիտուլյացիայից հետո Փաշինյանն արդարացավ, թե, միեւնույն է, լինելու էր նույն վիճակը, միայն թե առանց զոհերի: Դե իսկ Տեր-Պետրոսյանն էլ պոռթկաց Նիկոլի երեսին՝ «ազգակործան պատուհաս», որն ըստ էության նույնն է, թե ասեր «Բ-ի տղա»:

Ինչեւէ, 18 թվի դեկտեմբերին Նիկոլը դարձավ «ընտրված» վարչապետ եւ անցավ պատերազմի նախապատրաստությանը: Այդպես էր նախատեսված Բոլթոնի գծած ճանապարհային քարտեզով, որի շահառուներն էին լայն իմաստով Արեւմուտքը, ՆԱՏՕ-ն, Թուրքիան եւ Ադրբեջանը: Կրկնեմ՝ Փաշինյանը դա գիտեր: Նա գիտեր նաեւ, որ իր առաջիկա քայլերով պետք է տորպեդահարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես բանակցային հարթակ: Արեւմուտքը, որ մինչ այդ Մինսկի խմբում հայտարարում էր, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի, Փաշինյանի «թեթեւ ձեռքով» մի կողմ քաշվեց՝ խուսափելով մոտ 30-ամյա պատասխանատվությունից, որ կրել էր բանակցային գործընթացի ողջ երկայնքով: Դրան զուգահեռ պետք է սկսվեր Հայաստանի տնտեսության եւ բանակի քայքայումը, ապա Արցախի խնդիրը վերաորակվեր որպես տարածքային վեճ: Զրո առաջընթաց տնտեսության մեջ (ոչխար պահեք), բանակի այլասերում՝ «կլուբնիկ» օպերացիայի շրջանակներում, աղաղակներ՝ «Նոր Հայաստան՝ նոր Արցախ», «Արցախը Հայաստան է, եւ վերջ», «Բակո Սահակյանը՝ Արցախի մարզպետ» եւ այլն: Եվ այս ամենից հետո Փաշինյանը հանկարծ հայտարարում է, որ Արցախը միայնակ պետք է բանակցի Ադրբեջանի հետ (արցախցիներն ինձ մանդատ չեն տվել)՝ քաջ գիտակցելով, որ Ալիեւը երբեք չէր գնա այդպիսի բանակցությունների: Այլեւս կային պատերազմի եւ այդ պատերազմում Հայաստանի խայտառակ պարտության բոլոր նախադրյալները: Նկատենք, որ այդ ժամանակ արդեն Ադրբեջանը որոշակի վստահություն ուներ, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ն բացահայտ չեն աջակցի Հայաստանին, քանզի Փաշինյանը հասցրել էր իր անբարյացակամ կեցվածքներով անորոշ վիճակի մատնել միակ դաշնակցին (արշավ ՀԱՊԿ-ի դեմ, հայ-ռուսական հարաբերությունների վերանայում եւ այլն):

Ճանապարհային քարտեզի հաջորդ փուլը պատերազմն էր, Հայաստանի խայտառակ պարտությունը եւ, որպես հետեւանք՝ Արցախի կորուստը: Ամեն ինչ հաշվարկված էր, բացի ռուս խաղաղապահների մուտքն Արցախ: Դա կարող ենք համարել Ռուսաստանի վերջին ճիգը՝ իր ազդեցությունն Ադրբեջանի վրա պահպանելու ուղղությամբ, որը չէր մտնում Արեւմուտքի հաշվարկների մեջ: Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վերացումից հետո Ռուսաստանը կրկին ռազմական ներկայություն էր ձեռք բերում Ադրբեջանի «տարածքում»՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու եկած խաղաղապահների մանդատն անհրաժեշտության դեպքում երկարաձգելու պայմանով:

Փաշինյանի ճանապարհային քարտեզում փոփոխություններ անելու անհրաժեշտություն առաջացավ: Նրանից արդեն պահանջվում էր ամեն կերպ վարկաբեկել Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունն ու ամեն ինչ անել նրան ոչ միայն Ադրբեջանից, այլեւ Հայաստանից հեռացնելու համար: Արցախը հայտնվեց գլոբալ շրջափակման մեջ, տեղի ունեցան Պրահայի հանդիպումն ու Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախն Ադրբեջան է: Արցախում ռուսները հայտնվեցին խաղից դուրս վիճակում: Նրանք կա՛մ պետք է գժտվեին Ադրբեջանի հետ, կա՛մ հեռանային՝ նախապես դուրս բերելով հայ ազգաբնակչությանը: Ռուսներն ընտրեցին երկրորդ տարբերակը՝ Ուկրաինայից հետո երկրորդ ճակատ չստանալու համար:

Այն, ինչ ասվեց վերեւում, պարզորոշ ցույց է տալիս, որ Փաշինյանը գործել է բացահայտ: Ոչ մի գաղտնիք չկա նրա քայլերի մեջ, նա չի արել որեւէ անսպասելի քայլ՝ իրեն իշխանության բերած ուժերի ու կենտրոնների հանդեպ: Աշակերտը գերազանցիկ է, խոսք չկա, պատրաստ՝ հանուն իր իշխանության գնալ մինչեւ վերջ, կործանել ամեն ինչ ու դեռ մնալ աթոռից կախ՝ չգիտակցելով, որ սա նաեւ իր վերջն է: Արեւմուտքն այսպիսի «մատերիալ», այս կարգի ազգակործան պատուհաս, որ ցերեկն էլ լապտերով փնտրեր, չէր գտնի աշխարհի եւ ոչ մի ծագում: Անգամ նզովված՝ պատրաստ է ամեն ինչի: Նրա աչքի առաջ Հայաստանը հոշոտվում է, ինքը՝ որպես երկրի ղեկավար, այլեւս գոյություն չունի, բայց դեռ շարունակում է կառավարության նիստեր վարել, ձեւացնել, թե ամեն ինչ նորմալ է, ցույց տալ, որ իր մնալն արդարացված է: Մինչդեռ սա ճանապարհային քարտեզի վերջին փուլն է, որտեղ Փաշինյանին վստահված է հայ ժողովրդի ժանդարմի դերը: Նա պետք է ճնշի պետականության վերջին փշրանքները փրկելու համար ոտքի ելած Հայ առաքելական եկեղեցու եւ ժողովրդի պայքարը: Այլ գործառույթ Փաշինյանն այլեւս չունի: Մնացածը կանեն Թուրքիան եւ Ադրբեջանը: Ավելին ասեմ՝ ռուսական 102-րդ ռազմակայանի մնալ-չմնալու հարցն անգամ Հայաստանի հետ չի քննարկվում: Դա հետագայում կորոշեն Թուրքիան եւ Ռուսաստանը, երբ Հայաստանը բաժանված կլինի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: