Երկիրը փրկելու գործում հոգնել, հիասթափվել չկա

Երկիրը փրկելու գործում հոգնել, հիասթափվել չկա

Հաջակցություն Տավուշի՝ Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ Երեւանում, վերջին օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Քաղաքացիները տարբեր ժամերի ճանապարհներ են փակում, ցույցեր, իրազեկման երթեր, ակցիաներ են անցկացնում։ Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը վստահ է՝ քաղաքացիների այս ընդվզումն արդյունք է տալու։ Ասում է՝ երկիրը փրկելու գործում հոգնել ու հիասթափվել չկա, հուսահատվել չկա։ «Այս շարժումը, որ կայծ էր Տավուշի տարածքից, հաստատապես շարունակական է լինելու։ Ժողովուրդն աստիճանաբար միանալու է մի գաղափարի շուրջ։ Սպասել չկա, լռել չկա։ Եվ այս կոչն իրականացվում է հենց մեր եկեղեցու կողմից՝ ի դեմս Բագրատ սրբազանի, Արշակ սրբազանի, ով Ծիծեռնակաբերդում անիծեց ու նզովեց այս ազգակործան ստահակներին»,- նշեց նա։

Տեսնելով Բագրատ սրբազանի հանդեպ ժողովրդի համակրանքը, իշխանական քարոզչամեքենան անցել է գործի` նրա անվան շուրջ կեղծ, ստահոդ լուրեր են տարածում, թե նա ԱԱԾ-ի, Ռուսաստանի գործակալ է։ Պետրոսյանն այդ հերյուրանքներին այսպես է պատասխանում․ «Բագրատ  սրբազանին անձամբ եմ ճանաչում, նա նվիրյալ է։ Նրա մասին այս ասեկոսեները տարածողները սրբություն չունեն, ո՛չ եկեղեցուն են ծառայում, ո՛չ Հայաստանին»։ Բայց ինչ էլ ասեն Բագրատ սրբազանի հասցեին, ինչքան էլ փորձեն արատավորել նրա անունը, իրենց է կպնելու՝ ասում է Պետրոսյանը. «Սրբազանի կողմից իրականացվում է ազգանվեր գործունեություն։ Նա այսօր կանգնած է ժողովրդի առջեւում, հորդորում է ոստիկաններին՝ ագրեսիվություն, լկտիություն, բիրտ ուժ չկիրառել։ Խաղաղեցնում է ցուցարարներին, որ բախումներ չլինեն։ Նա կանգնած է իր եկեղեցու, իր հոտի կողքը»։ Ի՞նչ քայլերով առաջ գնան, որ շարժումը հաջողի, անհաղորդ քաղաքացուն ներգրավեն։ «Շատերն են ինձ հարցնում՝ ո՞նց անենք, որ ազատվենք այս ազգակործան պատուհասներից։ Սկզբունքը հետեւյալն է՝ Հայաստանում արդեն լուրջ օջախներ են ստեղծվում, որոնք անհանգստացած են երկրի ապագայի հարցով։ Այդ օջախներն արդեն սկսել են ինքնաբուխ, ապակենտրոն գործունեություն ծավալել։ Մարդիկ մայրուղիներ են փակում, ցույցեր են անում։ Տեսնում ենք, որ իսկապես հասունացել է։ Ապակուսակցական գործունեություն պետք է ծավալեն, սա է ընդունելի։ Չպետք է կուսակցական շահն առաջնային լինի»: Այս շարժումը հենց լավ է նրանով, որ կուսակցական շահ չկա։ «Արդեն նկատելի է՝ կուսակցական շահ չի երեւում որեւէ մեկի կողմից, անգամ հենց կուսակցությունների։ Սա քաղաքական պայքար չէ, սա երկիրը, Հայաստանը փրկելու պայքար է։ Եվ այստեղ իշխանության գալու, աթոռին նստելու շահ որեւէ մեկը չի փնտրում։ Ես համոզված եմ՝ օրերի ընթացքում կձեւավորվի մի հստակ խումբ, որը կառաջնորդի ժողովրդին»,- ընդգծեց նա։