«Հրապարակը» քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ խոսել է Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժման հնարավոր զարգացումների մասին։
- Այս իշխանության հեռացումը երազող մարդիկ մտահոգություններ ունեն, որ շարժման տեմպը կարծես սկսել է թուլանալ։ Դա իշխանական քարոզչության արդյո՞ւնքն է, թե՞ իսկապես մտահոգության առիթ կա։
- Այն, որ շարժումը դեռեւս բավականին լուրջ պոտենցիալ ունի, ցույց տվեց թեկուզ մայիսի 15-ին Օպերայի շենքի, այսպես ասենք, պաշարումը։ Նորից բավականին լուրջ բազմություն կար, բայց ամենակարեւորն էներգետիկան է, որ ունի ցանկացած հավաք։ Այսինքն, էներգետիկա` նկատի ունեմ, երբ կա վճռականություն՝ ինչ-որ հարց լուծելու։ Ամսի 9-ից մինչեւ հիմա երկու մեծ պիկ է ունեցել այս շարժումը․ մեկը՝ ամսի 9-ին, մեկը՝ ամսի 15-ին։ Ամսի 9-ից հետո ասում էին` մարում է, բայց շարժումը գլխավորողները սինուսոիդով են տանում՝ պիկերով, այսինքն՝ պիկով ինչ-որ հարց է լուծվում կոնկրետ, հետո թվացյալ անկում է լինում, որի ընթացքում ինչ-որ հարցեր են լուծվում։ Օրինակ, քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ են լինում, ուսանողությանն ակտիվացնում են, գնում են պրոբլեմային զոնաները, որտեղ որ էլիտա կոչեցյալն է կոմֆորտ զոնայում գտնվում, Գիտությունների ակադեմիա, ստեղծագործական տարբեր միություններ եւ արթնացնում են այնտեղի հասարակությանը։ Գնում են քաղաքի այնպիսի պրոբլեմատիկ զոնաներ, որոնք համարվում էին իշխանության հենարաններից։ Չերեւացող ինչ-որ սեւագործ գործ է արվում, եւ ընթացքում նորից պիկ է լինում՝ տեսանելի հանրահավաքի կամ մեծ երթի տեսքով։ Դրա համար ասել, որ մարում է եւ այլն, եւ այլն, համենայնդեպս, երկու պիկը մեկ շաբաթվա ընթացքում, ես կարծում եմ, որ շարժումը մեծ պոտենցիալ ունի, լիդերն էլ այնքան հեղինակություն ունի, որ մի կոչով կարողանում է մարդկանց հավաքել, ընդ որում` այդ հավաքված մարդիկ մեծ էներգետիկա ունեն։ Նույնիսկ շատ դեպքերում ավելին են պահանջում, քան իրենց առաջարկվում է։
- Անդրադառնանք մայիսի 15-ին Օպերայի շրջակայում մեծաթիվ ոստիկանական ուժերին, կարմիր ու սեւ բերետավորներին։ Արդյոք նրանց միջոցով, վախի մթնոլորտ ստեղծելով կարելի՞ է հետ պահել մարդկանց պայքարից, թե՞ այլեւս նախկին ուժը չունի ահաբեկման ինստիտուտը։
- Գիտեք, կարմիր բերետավորների կամ սեւ բերետավորների, կամ տարատեսակ պարեկների ու չգիտեմ ինչերի օգտագործումն այլեւս այն վախի մթնոլորտը չի ձեւավորում բողոքական ընդդիմադիր զանգվածի մոտ, որը դուրս է գալիս փողոց, ինչպես դա կարող էր լինել նախկինում կամ շարժման առաջին օրերին։ Ամեն ինչ գնում է շատ կանխատեսելի սցենարով, ամեն ինչ դարձել է շատ սովորական, կենցաղային մակարդակով։ Մարդիկ դուրս են գալիս, փողոց են փակում, գալիս է ինչ-որ կարմիր բերետավոր, ավտոբուսներ, գազանաբար ինչ-որ գործողություններ են անում, հավաքում-տանում են, երեք ժամից բաց են թողնում։ Այսինքն, այդ ամեն ինչը բավականին կանխատեսելի է, եւ ես կարծում եմ, որ ամեն անգամ փողոցում մարդկանց քանակը որոշ չափով ավելանում է ե՛ւ երեկոյան ժամերին, ե՛ւ նաեւ ցերեկը, ակցիաներին մարդկանց մասնակցությունը չի նվազում։ Դա ցույց է տալիս, որ այդ տարբեր գունավոր բերետավորների գործողություններն այլեւս նախկին էֆեկտը չունեն։ Այն, որ համարյա ռազմական օպերացիա էին արել, տեխնիկայով լցրել էին քաղաքը, ու երեւի թե հանրապետությունում կամ մայրաքաղաքում էլ ոստիկանություն չէր մնացել, որ բերեն այդտեղ, իրենք, կարծում եմ, իրականում շատ պրագմատիկ հարց էին լուծում։ Իրենք էլ էին հասկանում, որ դա զսպելու, վախեցնելու էֆեկտ չունի, իրենք ավելի շուտ կոնկրետ խնդիր էին լուծում` պաշտպանում էին այդ շենքը, իրենց վարչապետին։ Որովհետեւ հասկանում են, որ ինչքան գնում է, այնքան ավելի շատ ռեսուրս է պետք, որպեսզի պաշտպանեն տարբեր շենքեր, որովհետեւ այն քանակով, որով կան կարմիր բերետավորները եւ այլն, դա աշխատում է միայն այն դեպքում, երբ փողոցում մարդկանց քանակն ավելի քիչ է, քան բերետավորների։ Երբ այդ քանակը համադրելի է լինում, նույնիսկ մեկին մեկ է լինում, այդ կարմիր, սեւ բերետավորները, այն ռեսուրսները, որոնք իրենք օգտագործում են, այլեւս չեն բավարարում։ Շատ դեպքերում իրենք չեն էլ լինում փողոցներում։ Մայիսի 9-ին ո՞ր մի կարմիր բերետավորը հայտնվեց հրապարակում, որովհետեւ փողոցում ով շատ է, նա առավելություն ունի։ Այստեղ շատ մեծ տրամաբանություն է գործում, երբ քանակը համադրելի է լինում, կարմիր բերետավորները, սեւ բերետավորները միայն քիչ ու անզեն մարդկանց դեմ, խաղաղ մարդկանց դեմ են կարողանում աշխատել։ Երբ որ ինչ-որ դիմադրության ակնկալիք են ունենում, թեկուզ խաղաղ դիմադրության, իրենք չկան։ Այլեւս այդ էֆեկտը չկա, վախի մթնոլորտ առանձնապես չկա, մարդիկ գիտեն ինչ է լինելու։ Եթե համարում ենք, որ ընդդիմադիր զանգվածներին հոգնեցնում է այս ամեն ինչը, պատկերացրեք, թե ոնց է այս ամենը հոգնեցնում ուժայիններին։
- Այսինքն, սկսում են սպառվե՞լ բերետավորները։
- Անընդհատ դուրս գալ, մարդ ծեծել, թուքումուր ստանալ՝ իզգոյացման գործընթաց է գնում։ Այդ մարդիկ ապրում են, ի վերջո, այս քաղաքում, բարեկամներ ունեն, ընկերներ ունեն, հարեւաններ ունեն, որոնք իրենց թարս աչքով են նայում՝ իրենց ու իրենց բարեկամներին։ Որովհետեւ մթնոլորտը փոխվում է, իրենք իզգոյի կարգավիճակում են հայտնվում, իրենց մոտ էլ այդ դժգոհությունը կա, ու միայն փողով, պարգեւավճարներով շատ երկար չի լինի պահել մարդկանց, այդ ոստիկան կոչեցյալներին, դարձնել իրենց ծեծող-ջարդող, խոշտանգող բրիգադը։