«Հրապարակ». Բոլորիս սեւի ու սպիտակի, արցախցու-հայաստանցու են բաժանել

«Հրապարակ». Բոլորիս սեւի ու սպիտակի, արցախցու-հայաստանցու են բաժանել

Մեր զրուցակիցն Արցախի պատգամավոր Նելլա Գրիգորյանն է: 

- Իշխանությունն արդեն Հայաստանից է տարածք հանձնում, ու կարծես մոռացվել է Արցախը:

- Ավաղ, այն, ինչ այսօր ունենք, միայն ցավ է, աղետ, կորուստ, ու ոչ մի լավ բան: Միայն վատ լուրեր, միայն անարժանապատիվ քայլեր: Մեր պայքարը շարունակվում է, Արցախի հարցը փակված չէ, եւ ես համոզված եմ, որ հասնելու ենք Արցախի հաղթանակին, հաղթելու է նաեւ Տավուշը: Մեզ համար չկա տարբերություն` հայրենիքը հայրենիք է: Պետք է ժողովուրդը շտապի, պետք է պայքարի դուրս գա, բայց, ինչպես տեսնում ենք, չկա անհանգստություն: Ամեն մեկը՝ իր անձնական դարդերով:

- Բայց արցախցիներն էլ կարծես պասիվ են, ինչո՞ւ:

- Որովհետեւ բոլորիս սեւի ու սպիտակի, արցախցու-հայաստանցու են բաժանել, այդ պատճառով էլ ազգային մտածողությունը մարդկանց ուղեղներում փոքր տեղ է զբաղեցնում, չկա ոչ մի ամբիցիա: Բոլորի համար ամեն ինչ սովորական է դարձել, մարդիկ պարզապես չեն մտածում հայրենիքի մասին, չեն մտածում, թե ինչ են կորցնում:

- Իսկ ինչպես եք պայքարում: Հանդիպո՞ւմ եք արցախցիներով:

- Ես կոնկրետ ամեն հավաքի մասնակցում եմ: Ինձ նման շատերին եմ այնտեղ տեսնում, բայց, ինչպես գիտեք, մեզ չեն թողնում միասնական լինել, սպառնալիքներ են տեղում, արդյունքում արցախցիներն էլ են հապաղում:

- Ի՞նչ սպառնալիքներ են:

- Գումարների պահով վախեցած են: Որ գուցե գումար չստանան, տուն չստանան եւ այլն: Ես չեմ հասկանում մարդկանց: Ինչո՞ւ միասնական չեն, ինչո՞ւ պայքար չեն տանում, անհասկանալի է: Կոնկրետ ես ակտիվ եմ, ամեն անգամ մասնակցում եմ հավաքներին ու հիասթափված տուն գալիս, որ էլի քիչ էին, էլի պառակտված էին:

- Ինչքա՞ն գումար են ստանում, որ վախենում են:

- 3 միլիոնի մասին է խոսքն ընդամենը (բնակարանի ձեռքբերման գումար` Հ. Գ.): Դա էլ կա՛մ կտան, կա՛մ չեն տա, դա ի՞նչ է, դրանով ի՞նչ կարող են առնել: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս իշխանությունը կանգնած չէ արցախցու կողքին…. մի ամբողջ կյանք ենք Արցախում թողել, ինչեր ենք կորցրել: Ընդամենը մի պայուսակ վերցրած` ամեն ինչ թողել ենք Արցախում ու եկել Երեւան. գերեզման, տուն-տեղ, ամեն ինչ…. գժվել կարելի է: Այս պահին ուղղակի գոյատեւում ենք, ուղղակի շնչում: Ոչ մի բանի հետ չեմ հաշտվում․․․ Էս ի՜նչ օրի հասցրին մեզ: Հիմա էլ Հայաստանի ժողովրդի հետ են այդպես վարվում: Ես այս իշխանության հետ կապված ոչ մի հույս չեմ կապում, ոչ մի լավ բան նրանցից: