«Հրապարակ». Դա ոչ թե խաղաղության պայմանագիր է լինելու, այլ տիրոջ եւ ծառայի միջեւ աշխատանքային ժամանակավոր պայմանագիր

«Հրապարակ». Դա ոչ թե խաղաղության պայմանագիր է լինելու, այլ տիրոջ եւ ծառայի միջեւ աշխատանքային ժամանակավոր պայմանագիր

«Հրապարակի» զրուցակիցը Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Մարտիրոսյանն է:

- Դուք, լինելով ծագումով Տավուշից, ի՞նչ եք կարծում՝ հանձնվող գյուղերն իսկապե՞ս ադրբեջանական են, եւ դրանք հանձնելու դեպքում ի՞նչ կարող է տեղի ունենալ:

- Անկեղծ ասած, չեմ տեսել այն փաստաթուղթը, որի վրա գրված է սահմանազատման մասին: Եթե իսկապես դա սահմանազատում է, նախ պետք է տեսնել փաստաթուղթ, ըստ որի՝ գործընթացն իրականացվում է: Մենք նման փաստաթուղթ չենք տեսնում եւ չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում: Ինձ մոտ չկա տպավորություն, որ այնտեղ սահմանազատում է իրականացվում: Իրականում խոսքն ադրբեջանական ճնշման ներքո ինչ-որ հողեր հանձնելու մասին է, որը ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ է եղել երկար ժամանակ: Եթե խոսքը միակողմանի զիջումների մասին է, այն էլ՝ ճնշման ներքո, դա ամենեւին սահմանազատում կոչել չենք կարող, առավել եւս` ընկալել որպես խաղաղության գործընթացի բաղկացուցիչ մաս: Խաղաղության գործընթացն ու խաղաղության պայմանագիրը, ամեն դեպքում, պետք է ենթադրեն փոխզիջումային լուծումներ: Գոնե մեզ պետք է ասվի, թե Ադրբեջանն ինչ է մեզ վերադարձնում` մեր իսկ սուվերեն տարածքից, եթե կա սահմանազատման պրոցես: Կարծես ոչինչ էլ չի վերադարձվում մեզ, ո՛չ Սյունիքից երկու տարի առաջ գրաված հողերից, ո՛չ նախկինում գրավածներից, օրինակ` Արծվաշենը, որն այդ բոլոր անկլավների մեջ ամենամեծ գյուղն է: Այն միշտ Հայաստանի Հանրապետության մաս է եղել, ու այդտեղ անգամ քննարկում չի կարող լինել` այն հայկակա՞ն գյուղ է, թե՞ ոչ: Եթե խոսքը խաղաղության պրոցեսների ու դրա բաղկացուցիչ մասերի մասին է, այն կարող էր դիտարկվել դրական նոտա, բայց ես նման տպավորություն չունեմ: Սա ոչ թե խաղաղությանը նպաստող քայլ է, այլ ճնշման ներքո կատարվող գործընթաց, որը չի կարող դրական հեռանկար ունենալ Հայաստանի Հանրապետության համար:

- Ի՞նչ տեղի կունենա, եթե ճնշումների ներքո հայկական գյուղերը հանձնվեն Ադրբեջանին:

- Ճնշումների ներքո ցանկացած գործընթաց չի կարող լավ բանի հանգեցնել, որովհետեւ դա ոչ թե խաղաղության պայմանագիր է լինելու, այլ տիրոջ եւ ծառայի միջեւ աշխատանքային ժամանակավոր պայմանագիր: Տիրոջ եւ ծառայի հարաբերությունները դժվար թե ծառայի համար նպաստավոր ու դրական լինեն: Դեռ 90-ականներից, առաջին նախագահից սկսած, կա թեզ մեր քաղաքական օրակարգում, որ պետք է փոխզիջումների գնալ, պետք է ինչ-որ բան զիջել՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար: Բոլոր իշխանությունների ժամանակ է այդ թեզը քննարկվել, սակայն օրվա իշխանություններն ամենաշատն են այդ մասին խոսում, իսկ արատավոր մասն այն է, որ մենք մտածում ենք, թե Ադրբեջանն ու Թուրքիան մեզ հետ ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել եւ խաղաղ մեզ հետ ապրել: Ցավոք սրտի, նման բան չկա: Լավ կլիներ, իհարկե, խաղաղությունը լավ բան է, բայց թշնամիներն այնպիսին են, որ բացահայտ ցույց են տալիս` չունեն նման ցանկություն: Հայաստանը պետք է դրանից ելնի` որպես պետություն, այլ ոչ թե իր ցանկություններից: Այստեղ տեղին կլիներ Իսրայելի օրինակը, որը ոչ մի պատրանք չունի հարեւանների հետ խաղաղություն հաստատելու, հակառակը՝ մշտապես պատրաստ է պատերազմելու եւ մշտապես կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում, երբեմն այն ստացվում է իր մոտ, երբեմն` ոչ: Պատերազմին պատրաստ լինելով՝ խաղաղությանն ավելի մոտ են լինում, քան զիջումների գնալով: Կառավարության կողմից տարվող այն գիծը, որ եկեք սա էլ զիջենք, նա էլ զիջենք, ամեն ինչ զիջենք, որ խաղաղ ապրենք, խաղաղության պայմանագիր կնքենք, իրականությունից հեռու են: Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում, հակառակ դեպքում վաղուց այդ պայմանագիրը կնքված կլիներ, խանգարող հանգամանք ես չեմ տեսնում: Գնալով ցանկություններն են մեծանում, դա եւս մեկ անգամ փաստում է, որ խաղաղություն հաստատելու որեւէ ցանկություն ադրբեջանական կողմը չունի: Եթե նույնիսկ ինչ-որ բան էլ կնքվի, չեմ կարծում, թե խաղաղության պայմանագիր լինի, այն կարող է լինել պարզապես հրադադարի նման մի բան: Մենք պետք է պատրաստ լինենք` թշնամուն ընդվզելու համար, պետք է ուժեղ լինենք ներսում` բոլոր առումներով:

- Փաշինյանն ինքն էլ է ասում, որ խաղաղության երաշխիքներ չկան՝ Ադրբեջանը կարող է հարձակվել՝ անգամ հանձնելու դեպքում:

- Այո: Փոխզիջումները գուցե լավ են, եթե դիմացի կողմն էլ է գնում զիջումների, բայց եթե Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ ոչ մի խաղաղություն չի ցանկանում, ոչինչ չիջել չի ցանկանում, էլ ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ փոխզիջում: Նույնը նաեւ սահմանադրության փոփոխության գործընթացին է վերաբերում, որքան հասկանում եմ` առաջիկայում դա էլ է կյանքի կոչվելու: Ճնշման ներքո արված քայլերը չեն կարող դրական արդյունքների հանգեցնել, հատկապես մեզ նման երկրի դեպքում:

- Իսկ ո՞րն է այսօր ընդդիմության դերը: Եկեղեցին ակտիվացել է, պայքար է սկսել:

- Ընդդիմության անելիքը` ցանկացած երկրում, ցանկացած հասարակության, մեջ նույնն է` առաջարկել ալտերնատիվ օրակարգ, որը կարժանանա հավանության հանրության կողմից, ինչից հետո այդ օրակարգով գալ իշխանության եւ օրակարգը դարձնել իրականություն: Հեծանիվ հորինելու կարիք չկա: Ես այսօր չեմ տեսնում այլընտրանքային օրակարգ, գուցե սխալվում եմ, բայց ակնհայտ նման պրոցեսներ չեմ տեսնում: