«Հրապարակ». Փաշինյանը կհիշի՝ նման կեպիներ Սովետի ժամանակ դնում էին ադրբեջանցի վաճառականները

«Հրապարակ». Փաշինյանը կհիշի՝ նման կեպիներ Սովետի ժամանակ դնում էին ադրբեջանցի վաճառականները

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան, գրող, հրապարակախոս Վարդգես Դավթյանն է (ԱՄՆ)։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես աչքի է ընկել ոչ միայն միստիկ խոսույթով, այլեւ, այսպես կոչված, «մարմնի լեզվով» (անգլերեն՝ Body language)։ Վերջին շրջանում նա իր հետ տանում, ձեռքում թափահարում է Հայաստանի քարտեզի ուրվագիծը, կրում է սեւ գլխարկ (կեպի), նրա սեղանին հաճախ նկատում ենք ավազի ժամացույցներ։ Ի՞նչ է սա նշանակում։

-  Այո, հեղափոխական տարերքով իշխանության հասած գործիչն իրական գետնի վրա միշտ էլ հիասթափություն է բերում, որովհետեւ ի վիճակի չի լինում կյանքի կոչել իր հռչակած քաղաքական խոստումների մեծ մասը: Յակոբինյանները չկարողացան հաստատել համընդհանուր արդարություն եւ գույքային հավասարություն, այլ ընդհակառակը՝ իրենցից շատերը սկսեցին վարել լյուդովիկոսյան ազնվականներին վայել շվայտ կյանք, բոլշեւիկները ոչ միայն գյուղացուն չտվեցին հող եւ ազատություն, այլ ընդհակառակը՝ սկսեցին զանգվածային տեռոր գյուղացիության դեմ՝ սեփական քաղաքացիներին քշելով ստրկական աշխատանքի եւ այլն: 
Ահա՝ այս իրավիճակում իշխող «հեղափոխական վերնախավը», ի վերջո, կանգնում է ամբոխի հետ նույնականացումը (իդենտիֆիկացիան) չկորցնելու խնդրի առաջ: Այստեղ է, որ սկսում են ակտիվանալ եւ շրջանառության դրվել զանազան սիմվոլներ եւ արքետիպեր: Եվրոպայից Ռուսաստան վերադառնալուց հետո բանվորի կեպի դրած Լենինին դարձնում են աստծո որդի, սուրբ նահատակ եւ մարմինը զմռսելով՝ պահում դամբարանում կամ միջակ, անշուք «նեղճակատ կինտոյից» կերտում արեւափայլ «ժողովուրդների հոր» կերպար, իսկ կենտրոնական հրապարակը դարձնում «սուրբ նահատակների եւ առաքյալների» գերեզմանոց եւ այլն: Հայաստանի ղեկավարն այդքան տարեց չէ, որ չհիշի, որ նման գլխարկներ էին դնում սովորաբար Սովետի ժամանակ շուկաներում միրգ ու բանջարեղեն վաճառող ադրբեջանցիները: Սա, մի կողմից, թեթեւակի հոգեբանական ճնշում է հայ հանրության էմոցիաների վրա, մյուս կողմից իր նոր ասիական ոճով հավաստում է օտարներին՝ «3+3»-ին միանալու իր պատրաստակամության մասին: Փաշինյանի անձը հստակ դեմոնստրատիվ-հիստերոիդ նկարագիր ունի եւ իր «զգացմունքային լոգիկայով» հրաշալի է զգում նման սիմվոլիկ-էմոցիոնալ գործոնների կարեւորությունը: Դե իսկ ավազի ժամացույցի եւ Հայաստանի քարտեզ-մակետի համադրությունն ավելի կպատշաճեր Սալվադոր Դալիի սյուրռեալիստական լուծումներին: «Սա Հայաստանն է՝ իմ ձեռքում, եւ դուք՝ բոլորդ եք իմ ողորմածության ներքո»: Կարճ ասած, եթե իրական բովանդակություն չկա, ապա առաջին պլան են մղվում ձեւն ու սիմվոլիկան: 

- Կառավարության ղեկավարը նաեւ հաճախ է դիմում այլաբանությունների: Օրինակ, վերջերս հայտարարեց, թե Քրիստոսը երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է։ Սա ինչպե՞ս կբացատրեք։

- Քրիստոսի կերպարը «hեղափոխական» կամ «հակահեղափոխական» համարելը նոր բան չէ: Օրինակ, 19-րդ դարում բրիտանական պատմիչ եւ գրող Թովմաս Քարլայլը ասում էր, որ Քրիստոսը հաղթեց, քանի որ պարտվեց Սպարտակը։ Իսկ դրանից 100 տարի անց Ֆրանսիայում Ժան Պոլ-Սարտրն ասում էր, որ Քրիստոսն առաջին ամենաթունդ հեղափոխականն ու աթեիստն էր: Մեր պարագայում կարելի է որոշ նմանություններ տեսնել Հայաստանում առաջին քրիստոնյաների ծավալած «ավերիչ գործունեության» եւ «իմքայլականների» բերած արդյունքի միջեւ: Չէ՞ որ, ի վերջո, քրիստոնեությունն էլ գլոբալիզացիայի շարժում էր՝ հելլենիստական ավերակների վրա: Այնպես որ, երբ Փաշինյանն իրեն եւ իր թիմակիցներին համեմատում է առաջին քրիստոնյաների հետ, ապա պետք է նկատեմ, որ այդքան էլ շատ չի մեղանչում ճշմարտության դեմ: Այլ հարց է, որ Հայաստանում քրիստոնեությունն արագ ազգայնացվեց՝ ծնունդ տալով ոսկե դարի մշակույթին: Մինչդեռ մենք դեռեւս քանդման եւ ավերման փուլում ենք, եւ հեռանկարը չի երեւում:

- Հավանաբար տեղյակ եք, թե վերջին օրերին ինչ է կատարվում Հայաստանում։ Երեւանի ու Բաքվի միջեւ սահմանազատման գործընթացի շրջանակում Տավուշից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին, ինչը հանգեցրել է ամբողջ հանրապետությունով մեկ անհնազանդության ակցիաների։ Փաշինյանն իր հայտնի կերպարով ու խոսույթով կկարողանա՞ այս ցասումն էլ ի չիք դարձնել։

- Սա կոնկրետ քաղաքական հարց է, ես ինձ իրավասու չեմ համարում դրան սպառիչ անդրադառնալ։