Հասարակություն

Սա конкурс красоты է, թե տնօրենի մրցույթ․ ի՞նչ է կատարվում Փորձաքննությունների բյուրոյում

Սա конкурс красоты է, թե տնօրենի մրցույթ․ ի՞նչ է կատարվում Փորձաքննությունների բյուրոյում

«Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա» ՈԱԿ-ը հայտարարել է մրցույթ՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար։ Մեզ պատմեցին, որ դեռ նախորդ տարվանից սկսվել է Բյուրոյի տնօրեն ընտրող կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների, ժամկետից շուտ փոփոխության գործընթացը: Այս պահի դրությամբ խորհրդի 5 անդամից երեքը ժամկետից շուտ փոխվել են, նոր անդամներ են նշանակվել։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ տնօրենի թեկնածուներից մեկն ինքն է, մյուսը տնօրենի պաշտոնակատար Արգամ Հովսեփյանն է, երրորդը` գլխավոր դատախազի տեղակալի ամուսինը, եւ մեկ թեկնածու էլ Փաստաբանական պալատի անդամներից է: 

Աղաբեկյանն իր տարակուսանքն է հայտնում տնօրենի ընտրությանը նախորդած ժողովի հետ կապված, որը տեղի է ունենալու մայիսի 17-ին. «Տեղի է ունենալու ՀՀ ԳԱԱ ՈԱԿ-ի գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովը, որի շրջանակներում տեղի է ունենալու կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուների նախնական քննարկման հարցը` փակ-գաղտնի քվեարկությամբ: Ավելի քան յոթ տարի առաջ ես կրկին մասնակցել եմ այս մրցույթին: Հանձնաժողովի անդամները հավաքվել էին տնօրենի սենյակում, մեզ մեկ-մեկ հրավիրեցին սենյակ, հարցեր տվեցին, ու վերջ, հայտարարեցին, թե ով է նշանակվել տնօրեն: Սա ի՞նչ է, ես այդ մասին շատ խոսել չեմ ցանկանում: Դա պայմանավորված բան է, արդեն պարզ է, թե ով է լինելու տնօրենը, եւ երկար-բարակ քննարկելու բան էլ չկար: Այժմ խնդիրը հետեւյալն է. երեկ ինձ զանգ են տալիս Փորձաքննությունների ազգային բյուրոյից եւ հարց են ուղղում. «Դուք ստացե՞լ եք ծանուցում, թե երբ է տեղի ունենալու մրցույթին նախորդող ժողովը: Ասացի` այսի՞նքն։ Թե բա՝ Դուք պետք է կոլեկտիվի հետ հանդիպեք, կոլեկտիվին ներկայանաք, նրանք Ձեզ հարցեր կտան եւ այլն…. չհասկացա, սա конкурс красоты է, թե տնօրենի մրցույթ»:

Այսինքն, մինչեւ մրցույթը տվյալ կոլեկտիվը պետք է քննություն անի եւ այդ չորս թեկնածուներից ընտրի իր տնօրենին, ինչն աբսուրդ է: Բնական է, որ գործող տնօրենի համար է սա արվում, եւ կոլեկտիվին էլ ներքաշել են այդ պրոցեսի մեջ:
Գ. Աղաբեկյանը չի հասկանում, թե ինչ է կատարվում Փորձաքննությունների ազգային բյուրոյում, սակայն կատարվածը վերլուծելով գալիս է այն եզրահանգման, որ ակադեմիան ունի իր թեկնածուն, ում այս տարբերակով փորձում է տնօրեն կարգել։ «Նման բան ես կյանքում առաջին անգամ եմ տեսնում: Զանգահարեցի ակադեմիայի իրավաբանին, հարցնում եմ` ո՞նց կարելի է նման կերպ մրցույթ անցկացնել, ինձ պատասխանում է, որ ամեն բան նորմալ է, սկզբում պետք է ժողով տեղի ունենա, որից հետո միայն մրցույթ անցկացվի: Եվ հետո` ո՞վ է տեսել գործող տնօրենին նշանակեն պաշտոնակատար, նրան պետք է ազատեին աշխատանքից, ինչից հետո միայն մրցույթն անցկացնեին: Պարզ չէ՞, որ աշխատակիցները «լավ» հարցերը տալու են իրենց տնօրենին, պարզ չէ՞, որ նախապես պայմանավորվելու են: Բնականաբար, մեզ էլ տալու են այնպիսի հարցեր, որ հնարավորինս մտցնեն ծուղակը: Կոլեկտիվը փակ քննարկման ժամանակ` գաղտնի ինչ-որ մեկին նախապատվություն է տալու, եւ նոր դրանից հետո միայն իրականանալու է մրցույթը: Ամեն բան այնպես գաղտնի է արվում, ասես Ազգային անվտանգության ծառայության մասին է խոսքը, լավ կլիներ, որ իրենց փորձաքննության արդյունքներն այսպես գաղտնի կարողանային պահել: Ես այն համոզմունքին եմ, որ փորձում են տնօրենի պաշտոնակատարին անցկացնել, դրա համար էլ նման քայլեր են անում: Ցավալի է, որ նրանցից ոչ մեկն իմ նման աշխատանքային փորձ չունի, բայց նման մեթոդներով փորձում են ցանկալի թեկնածուին անցկացնել: Ակադեմիան պարտավոր էր ազատել աշխատանքից մի մարդու, ում աշխատանքային ժամկետն ավարտվել է, միայն այդ դեպքում կարող էր կոլեկտիվն անաչառ քվեարկել»,- եզրափակում է բժիշկը:

Լրահոս

Ամենաընթերցված

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image