Մայիսի 11-ին Գլխավոր դատախազություն տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հունիսի 16-ին ստացել եմ պատասխան, որտեղ ուղարկածս 5 հարցից միայն 1-ի պատասխանն են տվել։ Հունիսի 18-ին Գլխավոր դատախազություն նոր հարցում եմ ուղարկել՝ խնդրելով պատասխանել․
«1․ Դիլիջանում Հայկ Ռոբերտի Ղազարյանին ապօրինի օտարված հողամասի վերաբերյալ դատախազությունն օրենքով սահմանված կարգով դիմե՞լ է դատարան, որպեսզի անօրինական օտարված պետական հողը վերադարձվի պետությանը, այդ խնդրով Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվե՞լ է․ ի՞նչ կարգավիճակ ունի Սարգսյանը։
2. 2018 եւ 2025 թթ. ՀՀ-ում քրեական հետապնդման ենթարկված քանի՞ անձ է եղել, դրանցից քանիսի՞ նկատմամբ է դատարանների կողմից կալանքն ընտրվել որպես խափանման միջոց։
3. 2018 եւ 2025 թթ. ՀՀ-ում քանի՞ հանցագործություն է արձանագրվել, դրանցից քանի՞սն է եղել ծանր եւ առանձնապես ծանր։
4․ Իջեւանում Աղստեւ գետի հունի ավերման, այդ հունում Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից ապօրինի մեծ պատ կառուցելու կապակցությամբ 2021թ․ հոկտեմբերի 15-ին Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Գլխավոր դատախազությունն այդ վարույթով դատախազական հսկողություն իրականացնո՞ւմ է, չի՞ խախտվել վարույթը ողջամիտ ժամկետում քննելու պահանջը։ Այդ վարույթով որեւէ անձի մեղադրանք առաջադրվե՞լ է»։
ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանել են․ «Դիլիջանի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ Տավուշի մարզի դատախազության կողմից դեռեւս 21․01․2026թ․ ներկայացվել է առերեւույթ հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը կատարվում է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Նախաքննությունը շարունակվում է։ Հարցման 2-րդ եւ 3-րդ կետերի վերաբերյալ տեղեկությունն առկա է Դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդումներում։ Հարցման 4-րդ կետի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ քրեական վարույթը կարճվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ որեւէ հանցանքի բացակայությունը հաստատվելու, եւ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու եւ վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքերով»։
Գլխավոր դատախազությունը չի հայտնել՝ դատախազությունն օրենքով սահմանված կարգով դիմե՞լ է դատարան, որպեսզի Դիլիջանի ազգային պարկի տարածքում ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի եղբորը՝ Հայկ Ղազարյանին (փաստացի՝ Վ․ Ղազարյանին) անօրինական կերպով, «անփութորեն» օտարված պետական հողը վերադարձվի պետությանը, այդ խնդրով Դիլիջան համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվե՞լ է, ի՞նչ կարգավիճակ ունի նա։
2020 թվականից Իջեւանի գինու, կոնյակի գործարանն ապօրինի կերպով, Աղստեւ գետի հունը փոխելու նպատակով, գետի հունում երկար, մեծ բետոնե պատ էր կառուցել, որի հետեւանքով դենդրոպարկը մնացել է առանց ոռոգման ջրի, այգում չորացել են շուրջ 25 հազար տնկի, 1500-ից ավելի հազվագյուտ ծառեր ու թփեր, որոնցից մոտ 250 տեսակ վերացվել է՝ դենդրոպարկին պատճառելով միլիոնավոր դոլարների վնաս։ Սակայն 5 տարի շարունակված քննությամբ որոշվել է, որ հանցագործություն չկա, վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված են, թեեւ ամեն ինչ առանց քննության էլ բացահայտ էր։ Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք իշխանության հետ սերտ կապեր ունեցողների հանդեպ արդար քննություն չիրականացնելու, քրեական գործեր չհարուցելու ցայտուն օրինակ է։