Հնարավո՞ր է կանխել-սանձել ագրեսիվ չտեսությունը

Հնարավո՞ր է կանխել-սանձել ագրեսիվ չտեսությունը

Չկա ավելի սարսափելի բան, քան այն, երբ առավոտյան երեխաներին ճանապարհում ես պարտեզ-դպրոց, իսկ այնտեղից, ինչպես ռազմի դաշտից, վերադառնում են կապտուկներով, վնասվածքներով: Ասում են՝ օրերս բակերից մեկի «լավ տղերքը» հոծ խմբով ծեծել են բարեկիրթ, երաժշտական դպրոցում մեծ հաջողությունների հասած պատանուն: Ամբոխով՝ մեկին: Ջութակ նվագող տղան ընդհանրապես կորցրել է լսողությունը՝ ոչ միայն երաժշտական…
Մանկավարժ ընկերներիս հաճախ եմ ասում՝ ով ասես, կարող է մայր դառնալ, բայց երեխա դաստիարակելու ոչ բոլորն են ունակ: Հաճախ հենց ծնողներն են ունենում դաստիարակվելու կարիք: Ուրեմն պետք է կրկնակի լարումով աշխատել: Քաղքենի, ծանծաղամիտ, ինչքով ուրախացող եւ անթաքույց հպարտացող մայրը բոլոր հնարավորություններն ունի, որ խոտոր ճանապարհով տանի երեխային: Ոչ մասնավոր մանկապարտեզ (շեշտում եմ «ոչ»-ը, որովհետեւ մասնավոր հաճախում են ընկերային խնդիրներ չունեցող ընտանիքների երեխաները) հաճախող երեխայի մայրը տրտնջում էր. «Գարնան հանդեսին ծնողներից մի քանիսը մարդաբոյ խաղալիքներ, չափերով Քեոփսի բուրգի հետ մրցող տորթեր էին բերել: Մյուս երեխաների աչքերում արցունքներ հայտնվեցին»: Մարդ Աստծու, ձեր երեխաներին տուն չէի՞ք տանելու, հնարավոր չէ՞ր բնական չափերով արջուկն ու երկնաքեր տորթը տանը տալ, ընտանեկան ջերմ մթնոլորտում քաջալերեիք-խրախուսեիք: Լայն առումով, կարծեմ, խրախուսելու բան էլ չկա, ի վերջո, այդ հանդեսները մի նպատակ ունեն՝ երեխաներին ազատել բարդույթներից, որ կարողանան անկաշկանդ արտասանել, երգել փոքրաթիվ հանրության առջեւ: Երեխան պետք է հասկանա, որ դա իր սովորական անելիքն է: Ընդամենը: Ի՞նչ հարկ կա էդպես փքուն ու չտեսաբար արձագանքելու, որ մյուսներին էլ ցավ պատճառես::

Չտես… Մի քանի օրից երկրի դպրոցներում կհնչի վերջին զանգը: Մեկ տարի շարունակ հավաքված գումարներով ծաղկեպսակներ, օ, ներեցեք՝ ծաղկեփնջեր կմատուցեն, խնջույքներ կկազմակերպեն, որտեղ նույն այդ քաղքենի մայրերն (անպայման ծնողկոմիտեի անդամ) ու աղջիկները գոնե երեք հագուստ պետք է փոխեն: Ինչ է սա, եթե ոչ գիշատչային ագրեսիա՝ գիտակցաբար, հաստատապես՝ միտումնավոր: Եվ անապահով ընտանիքների երեխաների՝ հոգեպես կոտրվելու-ջարդվելու առաջին լուրջ քայլը կատարվում է հենց այդ օրը… Հանուն արդարության շեշտենք. այսօր կան կրթական հաստատությունների տնօրեններ, որոնք որոշել են սահմանափակել աղմկոտ-շռնդալից հանդիսությունները: Կեցցեն:

Հիմա հարց. վերը նկարագրված մանկապարտեզի դաստիարակչուհիները, վարչուհին կարո՞ղ էին կանխել որոշ ծնողների կատաղի չտեսությունը: Իհարկե, կարող էին, ավելին՝ պարտավոր էին: Դպրոցների տնօրենները կարո՞ղ են զսպել-սանձել վերջինզանգային փոթորիկը: Իհարկե, կարող են: Եվ պարտավոր են:
Մնում է կամենան…

ՀԳ. Չարենցի ժամանակակիցները վկայում են, որ հանճարեղ բանաստեղծը տանել չէր կարողանում, երբ քաղքենի մայրերի երեխաների հագուկապը ընդհանուր պատկերից «աչք հանելով»՝ գոռոզամտորեն տարբերվում էր.
- Ինչպե՞ս չես հասկանում, որ երեխայիդ շրջապատի մեջ անցանկալի բնազդներ ես գրգռում: Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ: Ամեն տեղ,- հորդորի պես տրտնջում էր Չարենցը:

ՀԳ 2․ Գրեցի մեր կենցաղային ցածրագույն մակարդակի մասին եւ մտաբերեցի, որ տարիներ առաջ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, եթե չեմ սխալվում՝ Համաշխարհային բանկի այն տարիների տնօրենը, մզկիթ մտնելիս հանել էր կոշիկները, ու լրատվության բոլոր միջոցներն ամրագրեցին, որ գուլպաները ծակ են… Նա՝ կայացած, ինքնաբավ, հարուստ այդ անհատականությունն աշխարհին ինչ-որ բան ապացուցելու, առավել եւս՝ ցուցադրելու կարիք չուներ…

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
Մշակութաբան