Կոբախիձեն նախագահի ներկայությամբ վիրավորել է նրան․ կրքերը թեժանում են

Կոբախիձեն նախագահի ներկայությամբ վիրավորել է նրան․ կրքերը թեժանում են

Գրել էինք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին դավաճան է անվանել և ներողություն խնդրել ժողովրդից նրա պաշտոնավարման համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զուրաբիշվիլին պատրաստվում է վետո դնել «օտարերկրյա գործակալների մասին» սկանդալային օրինագծի վրա, որից հետո սպասվում են լայնածավալ բողոքի ակցիաներ։ Դրանք տեղի են ունեցել նաև վերջին օրերին։

Այսօր Կոբախիձեն, ելույթ ունենալով երկրի պաշտպանության ուժերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, հրաժարվել է ողջունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նրան մեղադրելով Սահմանադրությունը խախտելու մեջ։

«Իմ ողջույնի մեջ ես միտումնավոր չհիշատակեցի նախորդ ելույթ ունեցողին (Զուրաբիշվիլիին) և չեմ կարողանա վրացական բանակի առաջ քաղաքական հայտարարություններ անել, որոնք լիովին անհամատեղելի կլինեն այս օրվա և նախագահի բարձր պաշտոնի հետ։ Սահմանադրության երդումը խախտելու և երկրին դավաճանելու համար բոլորը պատասխան են տալու Աստծո առջև»,- ասել է Կոբախիձեն։

Ինքը՝ Զուրաբիշվիլին, Կոբախիձեից առաջ Վրաստանի պաշտպանության ուժերի օրվան նվիրված իր ելույթում մի քանի քաղաքական հայտարարություններ է արել, այդ թվում՝ իշխանություններին մեղադրելով հավաքական Արևմուտքում գործընկերներից թշնամիներ ստեղծելու փորձի մեջ։ 

«Այսօր ոմանք փորձում են մեր ընկերներին և գործընկերներին ներկայացնել որպես ինչ-որ անանձնական պատերազմի կողմ, որը Վրաստանին ներքաշում է արկածախնդրության, առճակատման մեջ։ Սա մեծ սուտ է և դիվերսիա»,- ասել է նա։ 
Նրա խոսքով, «բոլորը հիանալի գիտեն, թե ով է պայքարել Վրաստանի, նրա լեզվի ու եկեղեցու դեմ»։