Կարլսոնի հարցազրույցը ՌԴ «ամենահայտնի քաղաքական փիլիսոփայի»հետ

Կարլսոնի հարցազրույցը ՌԴ «ամենահայտնի քաղաքական փիլիսոփայի»հետ

Պահպանողական փիլիսոփա, այսպես կոչված «ռուսական աշխարհի» գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը հարցազրույց է տվել ամերիկացի հանրահայտ լրագրող Թակեր Կարլսոնին, ով նախկինում հարցազրույց էր վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովից։ 

Լրագրողի կայքում հրապարակվել է հարցազրույցի 20 րոպեանոց տեսանյութը․ այն ձայնագրվել է Մոսկվայում։
Հարցազրույցի նկարագրության մեջ Ալեքսանդր Դուգինը բնորոշվում է որպես «Ռուսաստանի ամենահայտնի քաղաքական փիլիսոփա», ում գաղափարներն այնքան վտանգավոր են, որ նրա դուստրը՝ Դարիա Դուգինան, սպանվել է, իսկ Amazon-ում նրա գրքերի վաճառքն արգելված է։

Թակեր Կարլսոնը փիլիսոփային հարցրել է անգլիախոս երկրների «ինքնաոչնչացնող» պահվածքի պատճառների և այն հանգամանքների մասին, որոնց պատճառով ԱՄՆ-ն սկսել է 2000-ականներից ի վեր Ռուսաստանին ընկալել որպես իր գլխավոր թշնամի։

Պատասխանելով երկրորդ հարցին՝ Ալեքսանդր Դուգինն ասել է, որ պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության մեջ է։ 

«Նրանք սկսեցին զգալ, որ գործ ունեն մեկի հետ, ով չի կիսում իրենց առաջադեմ օրակարգը և ով բավականին հաջողությամբ փորձում է վերակենդանացնել ավանդական արժեքները, պետական ​​ինքնիշխանությունը, քրիստոնեությունը, ավանդական ընտանիքը», - ասել է նա։

Դուգինը նաև նշել է, որ ամերիկյան բլոկբաստերները կանխատեսում են Արևմուտքի ապագան. «Եթե ​​նայեք «Մատրիցան» կամ «Տերմինատորը», ապա կտեսնեք շատ նմանություններ ապագայի վերաբերյալ ներկայիս գաղափարների հետ»: