Տավուշում կատարվողը 4 գյուղ «տալու կամ չտալու» մասին չէ

Տավուշում կատարվողը 4 գյուղ «տալու կամ չտալու» մասին չէ

Այն, ինչ կատարվում է Տավուշում, ոչ թե պատերազմի, ոչ թե 4 գյուղի, առավել եւս՝ դրանք Ադրբեջանին «զիջել կամ չզիջելու» մասին է, այլ այդ 4 գյուղը Հայաստանի զարգացման անբաժան մաս «դիտել կամ չդիտելու»: Եթե ստացվի այնպես, որ մենք Տավուշում կատարվողը սկսենք դիտարկել ոչ թե այս, այլ մեկ ուրիշ տեսակետից, ուրեմն այդ պահից սկսած բոլորս Նիկոլ ու նրա նման մտածողներ կդառնանք: Որովհետեւ կսկսենք չհասկանալ, որ Տավուշում կատարվողը պատերազմի կամ այդ գյուղերի պատկանելությանը վերաբերող պատմություն չէ: Կսկսենք չհասկանալ, որ այն, ինչ կատարվում է Տավուշում, Հայաստանի զարգանալուն վերաբերող պատմություն է: Ժողովուրդը, ի վերջո, պիտի հասկանա, որ այսօրվա Հայաստանի խնդիրն ամենեւին էլ այդ 4 գյուղի՝ Հայաստանին «պատկանելը կամ չպատկանելը» ապացուցելը չէ:

Որովհետեւ որքան որ այդ 4 գյուղը «Հայաստանին չեն պատկանում, քանի որ դրանք դուրս են գտնվել ԽՍՀ սահմաններից», նույնքան էլ դրանք Հայաստանին են պատկանում, որովհետեւ Հայաստանի անկախության ժամանակ այդ գյուղերում գործել են ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները: Որքան էլ Նիկոլն ու իր խմբակը փորձեն հանգամանքներն այլ կերպ ներկայացնել, միեւնույն է, ժողովուրդը պետք է գիտակցի, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները «գյուղերը չտանք՝ պատերազմ կլինի»-ի տրամաբանությունից դուրս լուծվող խնդիրներ են: Որովհետեւ ինչպես այսօրվա, այնպես էլ վաղվա Հայաստանի ամենաճիշտ եւ ամենալուրջ օրակարգերը ոչ թե Հայաստանը լայնածավալ պատերազմի մեջ չներքաշելու, այլ Տավուշում, Սյունիքում եւ այլուր անտեղի զիջումների չգնալու քաղաքականության շրջանակներում է ձեւակերպվելու: Իսկ դա մեզ սովորեցնում է մեր պատմությունը:

Պատմություն, որն այն մասին է, որ 1988-ից սկսած մինչեւ մեր օրեր, Հայաստանին լայնածավալ պատերազմի մեջ ներքաշողը ոչ թե Հայաստանը չզիջելը, այլ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումներն են եղել: Պատմություն, որը նաեւ այն մասին է, որ գոնե 44-օրյա պատերազմից հետո Հայաստանին մեծամասշտաբ սահմանային սրացումների մեջ ներքաշողը ոչ թե կենսական տարածքների համար պայքարը, այլ Փաշինյան Նիկոլի զիջողական քաղաքականությունն է եղել: Այս իմաստով ոչ թե վաղը, այլ հիմա է ճիշտ ժամանակը՝ հասկանալու, որ Հայաստանի առաջընթացի ոչ մի հնարավորություն չի կարող կապված լինել Ադրբեջանի ու Թուրքիայի ողորմածությամբ «խաղաղության միջանցք» կառուցելու՝ այս իշխանությունների խեղաթյուրված պատկերացումների հետ։ Հասկանալու համար, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կամքով գծված եւ ոչ մի սահման հայ ժողովրդի համար խաղաղության սահման չի դառնա։

Հայ ժողովուրդը պետք է հասկանա ու միշտ հիշի, որ Հայաստանի առաջընթացին վերաբերող բոլոր օրակարգերը դրանք չզիջելու, ինքնուրույնության եւ զարգանալու տեսլականի հետ են կապված: Տեսլական, որը սեփական կոմունիկացիաների վրա ունեցած լիարժեք վերահսկողությամբ, սեփական բանակի հզորությամբ եւ հավասարակշռված դիվանագիտությամբ գծված սահմաններ եւ արդյունավետ տնտեսությամբ «պետության տեսլական» են լինելու:

Այս իմաստով, ցավոք, Փաշինյան Նիկոլը, ինչպես շատ անգամներ, այս անգամ եւս իր «խեղաթյուրված պրագմատիզմով» է առաջնորդվում, որն ընդամենը թուլությունից, ապաշնորհությունից ու անկարողությունից եկող «պրագմատիզմի» օրինակ է:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ