Լսել են՝ հարսնիք կա, չգիտեն որտեղ է

Երեկ Ֆեյսբուքը երկամյա վաղեմության մի հիշողություն էր բերել: Պարզվում է՝ Փաշինյանը 2 տարի առաջ մի այսպիսի հայտարարություն է արել. «Մտել ենք ժողովրդավարության բարձրագույն լիգա, մամուլն ազատ է, բանտերը փակվում են»: Ես էլ արձագանքել էի. «Իմ արեւ, հալալ ա սրան, ո՛չ գլուխ ունի, ո՛չ սլուխ»:
Իմիջիայլոց, շատ հետաքրքիր են ֆեյսբուքյան այս հիշողությունները: Դրանք ահագին խոսելու նյութ են տալիս, անգամ՝ ամբողջ հոդվածի թեմա: Բանն այն է, որ դու դրանք կարդում ես, այսպես ասած, ապագայում՝ տվյալ հայտարարության օրվանից տարիներ անց, ու քեզ համար պարզ է՝ հայտարարության հեղինակը ստո՞ւմ էր, թե՞, այնուամենայնիվ, ճշմարտությունն էր բարբառում: Նիկոլ Փաշինյանի երկամյա այս հայտարարությունից ուղղակի հորդում է սուտը, եւ այն թաքցնել պարզապես հնարավոր չէ… Մամուլն ազատ է, բանտերը փակվում են, մտել ենք ժողովրդավարության բարձրագույն լիգա: Այս բառակույտի մեջ ցույց տվեք որեւէ ճիշտ խոսք, եւ ես ներողություն կխնդրեմ ոչ միայն ձեզնից, այլեւ Փաշինյանից: Ուղղակի չկա ոչ մի ճշմարտություն: Հետեւաբար, ես գոհ եմ ինձնից, որ դեռ այն ժամանակ տեղը տեղին արձագանքել եմ՝ ո՛չ գլուխ ունի, ո՛չ սլուխ:
Ի՞նչ է նշանակում՝ մտել ենք ժողովրդավարության բարձրագույն խումբ: Ենթադրում եմ՝ նկատի ունի երկրների այն խումբը, որտեղ կա իսկական ժողովրդավարություն: Օրինակ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Դանիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Նորվեգիա: Շատ լավ, իսկ որո՞նք են այն չափանիշները, որոնցով Նիկոլի միջնադարյան Հայաստանը, ոչ դես, ոչ դեն, հոպ, հայտնվել է ժողովրդավարության բարձրագույն խմբում: Ինքն ասում է՝ մամուլն ազատ է, բանտերը փակվում են: Սրանք, իհարկե, ժողովրդավարության ցուցիչներ են, բայց արդյոք բավարա՞ր են, որ դու հայտնվես բարձրագույն խմբում: Չեմ կարծում, մանավանդ որ դու դրանք ասում ես զուտ ասելու համար: Ամբողջ աշխարհը գիտի, որ մեզ մոտ մամուլն այնքանով է ազատ, որ վարչապետի ասուլիսներին հրավիրվում են միայն ընտանեկան եւ «նիկոլատու» լրատվամիջոցները: Էլ չեմ խոսում այն մասին, որ ուժային կառույցների մանրադիտակի տակ են անկախ մամուլի բոլոր սեփական նյութերը: Մի հատ «խուտուտ տված» նախարար կարող է դիմել գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս լուպան առնի ու քրքրի խնդրո առարկա հոդվածը՝ արդյոք այնտեղ չկա՞ն այնպիսի տողեր, որոնք շոշափում են տվյալ նախարարի պատիվն ու արժանապատվությունը: Իսկ որքա՜ն ուշադիր են դիտում հեռուստահաղորդումներն ու սոցիալական ցանցերի անհատական բլոգները… Վերջին տարիներին թե՛ հեռուստահաղորդումներ են փակվել, թե՛ հեռուստաալիքներ են զրկվել եթերից, թե՛ բլոգերներ են բանտարկվել, թե՛ սոցիալական ցանցերի օգտատերեր են ենթարկվել պատասխանատվության: Ինչ ասեմ, մենք էլ, հասկանում ես, այսպիսի «ազատ» պայմաններում շարունակում ենք ստեղծագործել: Օրինակ՝ Պետրոս Ղազարյանը: Պակա՞ս ազատ ստեղծագործող է: Կամ էլ մի Գնել կա՝ նա:
Թե բա՝ Հայաստանում բանտերը փակվում են: Սուտ: Բանտերը նույնիսկ ԱՄՆ-ում չեն փակվում: Այլ հարց է, թե ինչ կոնտինգենտ կա ամերիկյան եւ մեր բանտերում: Եթե քո բանտում Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Նարեկ Սամսոնյանի, Մամիկոն Ասլանյանի նման մարդիկ են, դու ընդհանրապես իրավունք չունես խոսելու ժողովրդավարությունից: ԱՄՆ նախագահին տեղում կպայթեցնեին, եթե գոնե մեկ այլախոհ բանտարկյալ լիներ այդ երկրում: Ո՞ւր է էն լոլոզ արդարադատության նախարարդ, բան չունի՞ ասելու, քանի՞ բանտ է փակել մինչ օրս եւ այդ ինչպե՞ս է կարողանում տեղավորել բոլորին, ում ամենափոքր զանցանքի համար անգամ կալանավորում եք ու ենթարկում կտտանքների: Ու նաեւ մոռացել է Նիկոլ Փաշինյանը, որ մարդիկ են մահանում ու խոշտանգվում իր բանտերում: Մանվել Գրիգորյան, Արմեն Գրիգորյան… Ո՞վ է հաջորդը:
Ժողովրդավարության բարձրագույն լիգայի երկրների բանտերում քիչ չեն նաեւ իշխանության ներկայացուցիչները: Թիվ հրապարակեք, խնդրեմ, քանի՞ ՔՊ-շնիկ կա այսօր Հայաստանի բանտերում: Թի՞վ եք փնտրում: Իզուր, չկան այդպիսիք: Բոլոր ՔՊ-շնիկներն ու նրանց ընտանիքի անդամները սուրբ են, նրանց չի կարելի բանտարկել: Ֆիլմը հիշո՞ւմ եք՝ «Кто ж его посадит, он же памятник»: Աշխարհի ոչ մի երկրում փաստաբանները ցուցարարների հետեւից անվճար չեն վազվզում, որ տեսնեն՝ որտեղից են հանում անմեղ մարդկանց, որոնց «բիրիքով» տանում եք ոստիկանատներ: Ու սա՞ է ժողովրդավարության բարձրագույն խումբը կամ բաստիոնը, ինչպես սիրում եք ասել:
Ի՞նչ անենք, մի հատ չգնա՞նք Կիրանց՝ տեսնելու, թե ինչպիսի ժողովրդավարություն կա այդ գյուղում: Մարդկանց տներից հանել-փողոց եք գցել ու տարատեսակ բերետավորներ կանգնեցրել գյուղի մատույցներում, որ օձն իր պորտով, հավքն իր թեւով Կիրանց չմտնի ու չխանգարի ձեր այլանդակ գործողություններին: Երեւի ժողովրդավարության բոլոր բաստիոններում են այդպես վարվում իրենց քաղաքացիների հետ:
Լավ, քաղաքացիներին դնենք մի կողմ: Իսկ ինչո՞վ բացատրել Նիկոլ Փաշինյանի եւ Էմանուել Մակրոնի՝ սեփական անձի հանդեպ ունեցած վերաբերմունքների տարբերությունը: Երկուսին էլ հայհոյում են, հասկացանք: Բայց ինչպե՞ս է պատահում, որ Մակրոնի վրա ձու նետող կնոջը տեղում ազատ են արձակում, իսկ Նիկոլին «թթու» խոսք ասողին հենց մայթի վրայից մտցնում են ոստիկանական մեքենա ու սկսում ոսկորները ջարդել: Հետո էլ ֆեյքերի ողջ զինանոցը հավաքում, իրենց էջերին Նիկոլի նկարն են դնում ու գրում. «Իմ սուրբ վարչապետ, դու սրտիս մեջ ես, դու սրտիս մեջ ես, ոչ՝ լեզվիս վրա»: Սա՞ է ձեր ժողովրդավարության բարձրագույն խումբը: Թրքոտ տրեխներով մարդամեջ եք դուրս եկել՝ աշխարհ եք խնդացնում վրաներդ: Լսել եք՝ հարսնիք կա, չգիտեք որտեղ:
Կարծիքներ