Ազդու միջոցառում է լինելու, չենք նահանջելու` պայքարը շարունակելու ենք. Կարեն Մեջլումյան 

Ազդու միջոցառում է լինելու, չենք նահանջելու` պայքարը շարունակելու ենք. Կարեն Մեջլումյան 

Փաստաբաններն այսօր` մայիսի 21-ին գործադուլ արեցին՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ այս կերպ պահանջելով Աժ-ից «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները: 

Փաստաբանների պալատին հատուկ չէին տեղեկացրել, որ այս նախագծում կատարվում է համապատասխան փոփոխություն և փաստաբանական գործունեությունը ենթարկվելու է լրացուցիչ հարկման, այսօր ասուլիսի ժամանակ ասել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, եւ հավելել, որ օրենքի ընդունումից հետո քաղաքացին ստիպված է լինելու 38%-ով ավելի վճարել փաստաբանական ծառայությունների դիմաց. «Այսօր դատարաններում քննվում է շուրջ 250 000 գործ: Այսինքն՝ սա առնչվում է այդքան քաղաքացու: Կարող է անհնարին դառնալ անվճար իրավաբանական ծառայությունների մատուցումը, որովհետև հակառակ դեպքում փաստաբանը ստիպված է լինելու այդ հարկը վճարել: Բեռն ընկնելու է ֆիզիկական անձանց վրա, որովհետև ծառայության սպառողը շարքային քաղաքացիներն են»: Բաբայանն ընդգծել է, որ նախագծի ընդունման պարագայում փաստաբանները ստիպված են լինելու իրենց հարկային հաշվառումը իրականացնել բարդ ընթացակարգով, որը, ըստ նրա, խնդրահարույց է: 

«Եթե օրենքն ընդունվի, արդյունքում կբարձրանան փաստաբանական ծառայությունների ինքնարժեքն ու գինը, և քաղաքացիները զրկված կլինեն փաստաբանի ծառայություններից, որակյալ իրավաբանական օգնություն ստանալուց։ Ավելին, քաղաքացիների մի հատված կա, որոնք ներառված չեն այն անձանց ցանկում, որոնք կարող են հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով անվճար իրավաբանական օգնություն ստանալ։ Այստեղ էլ խնդիր է առաջանալու, ինչը նույնպես փաստաբանները զգալու են»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Ըստ Մեջլումյանի՝ այս օրինագիծը լուրջ մարտահրավեր է իրավական պետության համար. «Հիմա ես մտածում եմ, որ այս օրենքից հետո նման դեպքերում ես քաղաքացուց պետք է ներողություն խնդրեմ, ասեմ, որ հարկայինից գալու են՝ ինձ ասեն, դուք ձեր գրպանից այդ հարկերը վճարեք։ Նման վիճակի մեջ ենք հայտնվելու մենք, նաև իրավաբանական անվճար օգնություն ստացող քաղաքացիները։ Մենք այս օրերին տեսնում ենք, թե ինչպես են քաղաքացիներին բերման ենթարկում, անմիջապես փաստաբանները շտապում են իրավաբանական օգնություն ցույց տալու, վաղը հարկայինը գալու է, ասի` այսքան անձի իրավունք եք ներկայացրել, պայմանագիր ունե՞ք, թե՞ չէ։ Մինչդեռ սա իրավապաշտպան գործունեություն է, և փաստաբանը պետք է իր վստահորդի շահն ավելի բարձր դասի, քան իրենը։ Այս սկզբունքով ենք մենք առաջնորդվում, սա լուրջ մարտահրավեր է իրավական պետության համար»: 

Ի՞նչ արդյունք սպասել, արդյո՞ք գործադուլը կշարունակվի. «Գործադուլը հայտարարված է եղել 1 օր: Օրը ամփոփելուց հետո նորից պետք է հավաքվենք, ու մեր անելիքները որոշենք: Պայքարը շարունակվելու է մեր իրավունքների համար, մեր հաճախորդների իրավունքների համար: Թե հետագայում ի՞նչ մեթոդներով կպայքարենք, պետք է լրացուցիչ քննարկել, հասկանալ: Ազդու միջոցառում է լինելու, մի գուցե երկարաժամկետ գործադուլ ենք անելու, չենք նահանջելու պայքարը շարունակելու ենք»,-մեզ հետ զրույցում ասաց Կարեն Մեջլումյանը: 

Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն: Ըստ այդմ կրկնապատկվել է շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում: Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թ. հունվարի 1-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս, և որը հաշվարկվում է հարկվող շահույթից` հարկային տարվան վերագրվող համախառն եկամտի և նվազեցումների (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ) տարբերությունից: Նշենք, որ նախագծին բացասական եզրակացություն են տվել Մարդու իրավունքների պաշտպանն (ՄԻՊ) ու արդարադատության նախարարությունը, իսկ հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո, ՔՊ խմբակցությունում կան մարդիկ, որոնք դեմ են այս նախագծին եւ համարում են, որ այն բնակչության ծախսային բեռն է ավելացնում, ինչն անթույլատրելի է։