Օգնություն Կիևին՝ ռուսական փողերով․ ԵՄ-ն հաստատեց

Օգնություն Կիևին՝ ռուսական փողերով․ ԵՄ-ն հաստատեց

ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական սառեցված սուվերեն ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային ռազմական օգնության համար օգտագործելու որոշումը։ Հայտարարության մեջ նշվում է, որ այդ ակտիվներից ստացված մաքուր շահույթն ուղղվելու է Ուկրաինայի պաշտպանական ներուժի աջակցմանն ու դրա վերականգնմանը:

Որոշման հիմնական դրույթները ներառում են․

Շահույթի 90%-ը, որը դեպոզիտարիաների կողմից տարեկան երկու անգամ փոխանցվում է ԵՄ բյուջե, կուղղվի Եվրոպական խաղաղության հիմնադրամին՝ Ուկրաինային ռազմական օգնությունը ֆինանսավորելու համար:

Շահույթի մնացած 10%-ը կուղղվի Ուկրաինայի վերականգնման եվրոպական ծրագրերին:
Դեպոզիտարիաները կկարողանան իրենց պահել շահույթի 10%-ը՝ ռիսկերը կառավարելու համար։
Ֆինանսավորման նպատակները կվերանայվեն ամեն տարի, առաջին փուլը նախատեսվում է մինչև 2025 թ-ի հունվարի 1-ը:

Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են մոտ 300 միլիարդ եվրո ռուսական արժութային պահուստներ, որոնցից մոտ 200 միլիարդը գտնվում է ԵՄ-ում, հիմնականում բելգիական Euroclear-ում: Մինչ այս պահը քննարկվել են միայն Ուկրաինայի վերականգնման համար այդ ակտիվների օգտագործման ուղիները։

Եվրոպական կենտրոնական բանկը նախազգուշացրել է եվրոյի համար հնարավոր հեղինակության ռիսկերի մասին՝ կոչ անելով փնտրել Ուկրաինայի ֆինանսավորման այլընտրանքային ուղիներ:
Ի պատասխան այդ միջոցների՝ Կրեմլը հայտարարել է, որ նման որոշումները խախտում են միջազգային իրավունքը, իսկ ՌԴ ԱԳՆ-ն Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը որակել է գողություն: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի, ընդհուպ մինչև Ռուսաստանում գտնվող արևմտյան երկրների սառեցված միջոցները չվերադարձնելը: