Ինչ կապ ունի Լեո Նիկոլյանը Անդրիուս Պուլոկասի հետ

Ինչ կապ ունի Լեո Նիկոլյանը Անդրիուս Պուլոկասի հետ

Քիչ առաջ ՄԻՊ գրասենյակից հաղորդագրություն ստացանք. «Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լեո Նիկոլյանին» վերտառությամբ: Կարդացինք այդ հաղորդագրությունը.

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ-մասնագետը, մայիսի 21-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Լեո Նիկոլյանի առողջական վիճակին վերաբերելի հարցերը ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են օդանավակայանի բժշկական ծառայության ներկայացուցչի հետ: Հանդիպման ավարտին դեսպան Անդրիուս Պուլոկասին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում»։

Ովքեր չնկատեցին, ասենք` հաղորդագրության վերեւում օդանավակայանում հացադուլ եւ բողոքի ակցիա անող Լեո Նիկոլյանի մասին է գրված, ում մուտքն արգելել են Երեւան եւ նա օդանավակայանում արդեն տասն օրից ավելի ակցիա է անում եւ ում այցելել են ՄԻՊ ներկայացուցիչները: 

Իսկ հաղորդագրության վերջին տողում ինչ որ դեսպան` Անդրիուս Պուլոկաս անունով, ինչ որ հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնում ՄԻՊ-ին եւ կարեւորում նրա դերը: Հարց է ծագում` Նիկոլյանն ու Անդրիուս Պուլոկասն ի՞նչ կապ ունեն միմյանց հետ` ոչ մի կապ: Պուլոկասը Լիտվայի հանրապետության դեսպանն է Հայաստանում:

Հավանաբար երկու տարբեր հաղորդագրություններ իրար են կպցրել ՄԻՊ գրասենյակում եւ ուղարկել լրատվամիջոցներին: 

Նկատենք, որ ՄԻՊ գրասենյակն ահռելի աշխատակազմ ունի եւ բյուջեից միլիոններ է ստանում եւ կարող են գոնե շաբաթը 2-3 հաղորդագրությունների վրա նորմալ աշխատել եւ գրագետ կազմել: Իսկ կազմելուց հետո, ուղարկելուց առաջ իրենց նեղություն տալ եւ մի հատ գոնե կարդալ։

Արեգ Մարգարյան