2018 թվականի հեղաշրջման հետեւանքները պետք է վերացվեն

Ինչու Արեւմուտքին չհաջողվեց նոր գունավոր հեղափոխություն կամ հեղաշրջում իրականացնել Վրաստանում, գոնե՝ առայժմ: Կա գունավոր հեղափոխությունների հստակ սցենար, գործողությունների պլան, որոնց իրականացումը միշտ հանգեցնում է կանխատեսելի արդյունքի` վերահսկողությունից դուրս իշխանության հեռացման, հնազանդ եւ կամակատար վարչախմբի նշանակման: Ինչո՞ւ այն, ինչ ստացվեց 2003 թվականին, Վրաստանում` Վարդերի հեղափոխության տեսքով, 2014 թվականին Ուկրաինայում` Մայդանի տեսքով, 2018-ին՝ Հայաստանում, այսպես կոչված, ոչ բռնի, թավշյա հեղափոխության տեսքով, հիմա չի ստացվում Վրաստանում: Շեւարդնաձեն, Յանուկովիչը, Սերժ Սարգսյանն արեւմտյան ճնշման եւ երաշխիքների դիմաց համաձայնել էին կամավոր հանձնել իշխանությունը, իսկ, ահա, Բիձինա Իվանիշվիլին որոշեց դիմադրել:
Մայիսի 14-ին Վրաստանի իշխանության իրական ղեկավար Բիձինա Իվանիշվիլին մերժեց հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ, Բրայանին: Սա աննախադեպ իրադարձություն էր, քանի որ Օ, Բրայանն իրեն համարում է ամերիկյան վերադասի ներկայացուցիչ, եւ Իվանիշվիլին՝ որպես ենթակա երկրի կառավարիչ, իրավունք չուներ մերժել նրան: Դրանից առաջ էլ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էր հրաժարվել մեկնել Վաշինգտոն՝ անընդունելի համարելով ներկայացված նախապայմանները:
Ըստ վրացական մամուլի, Ջեյմս Օ, Բրայանը Բիձինա Իվանիշվիլուն պետք է հանձներ պատժամիջոցների այն փաթեթը, որոնք Միացյալ Նահանգները պատրաստվում է կիրառել Վրաստանի դեմ, եթե երկրի խորհրդարանը որոշի ընդունել օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծը, կամ առնվազն առաջարկելով փոփոխություններ կատարել օրինագծում, որը կհանգեցներ դրա գործունեության զրոյացմանը: Ամերիկյան իշխանությունները, որպես փոխզիջում, առաջարկում էին օրենքում այնպիսի փոփոխություններ, որոնց դեպքում այն որեւէ վտանգ չէր ներկայացնի օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող կազմակերպությունների եւ անհատների համար, դրանով մի կողմից կփրկվեր Վրաստանի իշխանությունների դեմքը` օրենքը, այնուամենայնիվ, կընդունվեր, մյուս կողմից` ամերիկյան եւ եվրոպական ֆինանսավորմամբ գործող կազմակերպություններն ու անհատները դուրս կմնային պետական վերահսկողությունից եւ կշարունակեին մնալ իրենց անդրօվկիանոսյան հովանավորների վերահսկողության տակ: Մերժելով հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին՝ Բիձինա Իվանիշվիլին ասաց, որ ամերիկյան իշխանությունները կարող են ցանկացած պատժամիջոց կիրառել թե՛ իր եւ թե՛ Վրաստանի դեմ, երկիրն ու անձամբ ինքը պատրաստ են դրան: Իվանիշվիլին լեգիտիմ միլիարդատեր է, նա այդ միլիարդները կուտակել է ոչ թե պետական կառավարման համակարգում պաշտոն զբաղեցնելու արդյունքում, այլ Ռուսաստանում տնտեսական գործունեություն իրականացնելով։ Նա այդ միլիարդները չի աշխատել Վրաստանի հարստության վաճառքի կամ նրա ժողովրդի ու բյուջեի կողոպուտի հաշվին: Նրա կարողությունը գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլար, եւ դուրս գալով ԱՄՆ իշխանությունների դեմ՝ նա ցույց է տալիս, որ հանուն իր երկրի պատրաստ է զոհել ունեցվածքը, որն ամերիկյան իշխանությունները կարող են սառեցնել կամ ընդհանրապես առգրավել՝ հայտարարելով անօրինական, ինչի բազմաթիվ օրինակներն առկա են: Իվանիշվիլին պետք է ընտրություն կատարի իր եւ Վրաստանի միջեւ, եւ նա ընտրություն կատարեց հօգուտ Վրաստանի:
Այդ ընտրությունն անելիս Իվանիշվիլին աչքի առաջ ուներ նախորդ գունավոր հեղափոխությունների ողբերգական հետեւանքները: 2003 թ. նոյեմբերին Վրաստանում տեղի ունեցավ Վարդերի հեղափոխությունը, դրանից 5 տարի անց` 2008 թ. օգոստոսին, Վրաստանը ստիպված եղավ պատերազմել Ռուսաստանի դեմ՝ ստանալով հարյուրավոր դիակներ, տասնյակ հազարավոր փախստականներ եւ տարածքային կորուստներ: 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցավ գունավոր հեղափոխություն, եւ արդյունքում Ուկրաինան պարտադրված է արդեն 2 տարուց ավելի պատերազմել Ռուսաստանի դեմ, կորցնել հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր կյանքեր, երկրի բնակչության գրեթե կեսը փախստական է, տարածքի 20 տոկոսը գրավված է, իսկ մնացած տարածքը վերածվում է ավերակների: 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկիրը փաստացի վերածվել է Ռուսաստանի թշնամու, արդյունքում թավիշը ներկվել է հազարավոր հայ երիտասարդների արյամբ, այն հանգեցրել է Արցախի ամբողջական եւ Հայաստանի տարածքների շարունակվող կորստին:
Իվանիշվիլին հասկանում էր, որ մի նոր գունավոր հեղափոխություն իր երկիրը չի վերապրի: Արեւմուտքը տեւական ժամանակ համոզում էր, որ Վրաստանի իշխանությունները եւս թշնամանան Ռուսաստանի հետ, Վրաստանը երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ, ստիպի Ռուսաստանին կռվել երկու ճակատով, ինչը հնարավորություն կտար ուկրաինական ռազմաճակատից ռուսական որոշ ուժեր տեղափոխել Կովկաս: Վրաստանի իշխանությունները հասկանում էին, որ դա կլինի իրենց երկրի վերջը. Ռուսաստանը մի քանի շաբաթում կամ ամսում կգրավի Վրաստանը, հնարավոր է ռուսական զորքերի դեմ պարտիզանական կռիվներ սկսվեն Վրաստանի սարերում եւ անտառներում, բայց արդյունքում Վրաստանը կկործանվի` Վրաստանի քաղաքներն ու գյուղերը կվերածվեն ավերակների, ինչպես ավերակների են վերածվում Ուկրաինայի քաղաքներն ու գյուղերը, երկիրը կդատարկվի: Երբ Արեւմուտքում տեսան, որ Իվանիշվիլին եւ վրացական էլիտան դիմադրում են, պատրաստ չեն կատարել հրահանգները, գործի դրվեց նրանց հեռացնելու, փոխարինելու գործողությունների ծրագիրը: Վրաստանի իշխանություններն առայժմ հաջողությամբ պաշտպանում են իրենց եւ իրենց երկիրը: Բայց վճռական ճակատամարտն առջեւում է` այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների տեսքով, որին Վրաստանի իշխանությունները գնում են ավելի պատրաստված եւ ուժեղացած:
Հայաստանի փրկությունը եւս 2018 թվականին տեղի ունեցած գունավոր հեղաշրջման հետեւանքների վերացման մեջ է: Գունավոր հեղաշրջման արդյունքում իշխանությունը բռնազավթած վարչախումբը պետք է հեռացվի: Քանի դեռ իշխանությունը մի խմբի ձեռքում է, որն առաջնորդվում է ոչ թե սեփական երկրի եւ հասարակության շահերով, այլ դրսից իջեցված դիրեկտիվներով, աղետները շարունակվելու են: Վրաստանի օրինակը ոգեւորում է եւ ցույց է տալիս, որ կարելի է չլինել ենթակայի կարգավիճակում, կարելի է կառուցել իսկապես ինքնիշխան եւ արժանապատիվ պետություն:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ