«Ժամկետանց» նախագահը լեգիտի՞մ է․ ՄԱԿ-ի արձագանքը

«Ժամկետանց» նախագահը լեգիտի՞մ է․ ՄԱԿ-ի արձագանքը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ կազմակերպության համար Վլադիմիր Զելենսկին մնում է Ուկրաինայի նախագահը՝ չնայած նախագահական լիազորությունների ավարտին։

2019 թվականին ընտրված Վլադիմիր Զելենսկու լիազորությունների ժամկետն ավարտվել է մեկ օր առաջ՝ մայիսի 20-ին։ Սակայն ռազմական դրության պատճառով երկրում ընտրություններ չեն կայացել։

«Նախագահ Զելենսկին մեզ համար մնում է Ուկրաինայի պետության ղեկավարը և այն անձը, ում հետ գլխավոր քարտուղարը շփվում է, երբ նա պետք է կապ հաստատի ուկրաինացի առաջնորդի հետ», - կազմակերպության կայքում հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՄԱԿ-ի խոսնակը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին վերջերս Ուկրաինայում ռազմական դրությունը և համընդհանուր զորակոչը 90 օրով երկարաձգող օրենքներ է ստորագրել։ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշել է, որ, ըստ Սահմանադրության, նախագահն իրականացնում է իր լիազորությունները, քանի դեռ նորը չի ընտրվել։