Թեժ «մարտեր» Վրաստանի և ԱՄՆ-ի միջև․ սկանդալ է հասունանում

Թեժ «մարտեր» Վրաստանի և ԱՄՆ-ի միջև․ սկանդալ է հասունանում

ԱՄՆ-ն չպետք է Վրաստանի հետ խոսի շանտաժի և սպառնալիքների լեզվով, դա բացարձակապես անընդունելի է։ 

Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով վրացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու՝ ամերիկյան նախաձեռնությունը։

Ավելի վաղ «Politico» պարբերականը գրել էր, որ կոնգրեսական Ջո Ուիլսոնի օրինագծի համաձայն՝ ԱՄՆ-ն կհեշտացնի վիզային ռեժիմը և կբացի իր շուկան Վրաստանի համար, եթե իշխանությունները հրաժարվեն հակաարևմտյան հռետորաբանությունից և առաջընթաց ցույց տան ժողովրդավարության ամրապնդման գործում: Իսկ եթե «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունվի, ապա քաղաքական գործիչների և պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։

«Բացարձակապես անընդունելի է շանտաժի և սպառնալիքների լեզվով խոսելը։ Ես կարծում եմ, որ ռազմավարական գործընկերոջ հետ չպետք է նման ձևով խոսեն», – ասել է Կալաձեն։ Նրա համար անհասկանալի է, թե վրացի քաղաքական գործիչներն ինչու պետք է պատժամիջոցների ենթարկվեն․
«Մեր երկրի բնակչության մեծամասնության կողմից ընտրված խորհրդարանը օրենքներ է ընդունում երկրի ներսում։ Եվ դրա համար քաղաքական գործիչները պետք է պատժամիջոցների ենթարկվե՞ն։ Անհավատալի է, որ մենք նման անհեթեթության մեջ ենք։ Բայց հաշվի առնելով ներկա իրականությունը, այն, ինչ կատարվում է աշխարհում` ինձ իսկապես արդեն ոչինչ չի զարմացնում»։

Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմակահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել է Վրաստանը: Ւշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։
Վրաստանի նախագահը, ընդդիմադիրները, ՀԿ-ների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են օրինագծին, պնդում են, որ այդ այն հակասում է հասարակական ընկալումներին և եվրաինտեգրման կուրսին։  Մինչդեռ իշխող կուսակցությունը հակադարձում է, որ համանման օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միաժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը: