Թուրքի չափ էլ չկանք

Երբ դեռեւս հայտնի չէր իրանական ուղղաթիռի ուղեւորների ճակատագիրը, Ադրբեջանի բռնապետը շտապեց հայտարարել, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Իրանին: Դա նորմալ է, բայց ուշագրավ էր Իրանը ներկայացնելու ձեւը. «հարեւան, բարեկամ եւ եղբայրական երկիր»:
Նախագահ Էբրահիմ Ռաիսիին որպես եղբոր է դիմել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Կարող են հարցնել, թե ինչն է այդտեղ ուշագրավը, չէ՞ որ դրանք հարեւան մահմեդական երկրներ են: Ուշագրավն այն է, որ թուրքերն ու պարսիկները համարյա միշտ եղել են մրցակից, հակառակորդ եւ նույնիսկ՝ թշնամի: «Համարյա միշտ» ասելով նկատի ունեմ այն ժամանակներից, երբ միջինասիական թյուրքախոս ցեղերը հայտնվեցին մեր տարածաշրջանում, տվյալ դեպքում՝ Հարավային Կովկասն էլ հետը: Դրան գումարած այն հանգամանքը, որ Թուրքիան սուննիական դավանանքի է, իսկ Իրանը՝ շիական: Իսկ մահմեդական կրոնի այդ երկու ճյուղի ներկայացուցիչներն իրար, մեղմ ասած, այնքան էլ չեն սիրում:
Իսկ հիմա ետ նայենք վեց տարով ու դիտարկենք ՀՀ վարչապետ կարգված երբեմնի «դուխով» Նիկոլի վերաբերմունքը մեր նախկին ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ: Այն հետզհետե վերածվեց թշնամանքի, չնայած էն գլխից էր այդպես որոշված: Հիշենք ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյան Նիկոլի կազմակերպած 2017-ի խորհրդարանական լսումները՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Կարող են ասել, որ Հայաստանն անկախացել է Ռուսաստանից՝ հաշվի առնելով, որ Սովետական Միությունը հենց Ռուսաստանն էր: Իսկ մետրոպոլիայից (մայր երկրից) անկախացումը սովորաբար ուղեկցվում է միմյանց նկատմամբ թշնամանքի գեներացմամբ: Մեր օրերում դրա տիպիկ օրինակն Ուկրաինան է: Բայց Աստված մարդուն խելք է տվել՝ մտածելու եւ ըստ այդմ որոշումներ կայացնելու նպատակով: Պարզվեց, որ մերը, ինչպես միշտ, ուրիշ է (աչքիս՝ նույնն էլ Ուկրաինան է): Այն աստիճան ուրիշ, որ տարածաշրջանում (Հարավային Կովկասում) հարց լուծողից վերածվեցինք հարցի: Ճիշտ է՝ Նիկոլի վարչապետությամբ, սակայն համարյա ազգովի մեր աջակցությամբ ու մասնակցությամբ:
Ինչեւէ, հերթական անգամ թուրքը դաս է տալիս մեզ, թե ինչպես է պետք վերաբերվել օտարին՝ լինի նա մրցակից, հակառակորդ եւ թե նույնիսկ թշնամի: Բայց այս անգամ մենք գերազանցեցինք ինքներս մեզ: Մեր ժողովրդի՝ մեզ հետ չհամաձայնող մասին մենք վերաբերվում ենք որպես թշնամու: Խոսքը, բնականաբար, գործող իշխանության վերաբերմունքի մասին է: Որքան էլ նախկինները լինեին ոչ ընդունելի՝ նրանց իշխանության օրոք, համենայնդեպս, նման մերժելի պրակտիկա գոյություն չուներ: Երեւի ազգի պառակտումը պետք է հասներ ծայրահեղ վիճակի, որպեսզի եկեղեցու ծոցից հայտնվեր իրական սիրո եւ իրական համերաշխության պատգամախոսը, ի դեմս հոգեւոր անձի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի:
Ասվածը, բնականաբար, չի նշանակում, որ սրբազանի սիրո եւ համերաշխության վերաբերմունքը հավասարապես վերաբերելի կլինի նաեւ հանցագործ արարքներով եւ ատելության խոսույթով չափից դուրս աչքի ընկած անձանց նկատմամբ: Այդպիսի անձինք բոլոր իշխանությունների եւ այդ թվում ավտորիտար կամ «գերժողովրդավարությունների» օրոք էլ պետք է կրեն իրենց պատիժը` ի դաս հետագա սերունդների: Սակայն հասարակության մյուս անդամների նկատմամբ վերաբերմունքը կառուցվելու է օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ արդարության սկզբունքի հիմքով: Կամ, ինչպես ժամանակին ընդունված էր ասել՝ «մարդը մարդուն ընկեր է եւ եղբայր» սկզբունքի հիման վրա:
Կարծիքներ