Բայց դուք ի՜նչ մեղք եք

Բայց դուք ի՜նչ մեղք եք

Այսպիսի իշխանություն երեւի երկրագնդի վրա էլ չկա: Եւ վախկոտ, եւ յուրաքանչյուր ազատ խոսքից ու քննադատությունից վախեցող, եւ իր վախերը թաքցնել չկարողացող եւ այդ վախերի պատճառով օրենքն ու Սահմանադրությունն ամեն օր տրորող:

Չէ, բռնապետություններ աշխարհում շատ են եղել ու կան, բայց որ մի ամբողջ իշխանություն վախենա մի քանի անհատ մարդուց ու նրանց բերդում փակի, բաց թողնելուց էլ խոստովանի, թե ինչից է վախենում, երեւի աշխարհը չի տեսել:

Այսօր դատարանը` դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշեց ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, ում մեղադրում էին «տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ» բռնության կոչեր անելու համար: Նրանք, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանին Բ-ի տղա էին անվանել իրենց պոդքաստի ժամանակ, որը հեռարձակվում է յութուբյան ալիքով: 

Հիմա այս դատավորը, հավանաբար, հասկանալով, որ իսկական խայտառակություն է նման մեղադրանքը, որոշել է այսօր բաց թողնել տղաներին, բայց սահմանափակում է կիրառել` նրանք 3 ամիս չպետք է պոդքաստը վարեն:

Չգիտես` լաս, թե խնդաս այս որոշման, սա կայացնողի, սրան հրահանգողների վրա:

Այ նապաստակներ, գոնե այդքան բացահայտ ցույց մի տվեք ձեր փոքրոգությունը, ձեր վախերը: Ի՞նչ վտանգ եք տեսնում յութուբյան մի հաղորդման մեջ, որը 50-100 հազար դիտում ունի, շաբաթը երկու անգամ: Դուք, ձեր ունեցած ալիքները չէ որ միլիոնանոց դիտումներ ունեք, լիքը մեդիառեսուրսներ եք տնօրինում, Հ1-ն էլ` վրադիր: Փաստորեն, լավ էլ հասկանում եք, որ դրանց ազդեցությունն այդքան մեծ չի, լսարանի չափերն էլ կեղծված են եւ ձեր հայ -հայը գնացել, վայ -վայն է մնացե;: Իսկ հակընդդեմ տեսակետ ունեցողների եւ ազդեցությունն է մեծ, եւ ձեր վիճակն է խախուտ: Դրա համար էլ մի երեք ամիս «Իմնեմնիմին» փակելը մտածում եք էլի մի քյար ա: Մինչեւ գյուղերը կտաք, շարժումը կճնշեք, Ալիեւի բոլոր հրամաններն էլ կկատարեք։