Ձերբակալվել է Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը

Ձերբակալվել է Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը

Ղազախստանում ձերբակալել են ներքին գործերի նախկին նախարար Էրլան Թուրգումբաևին։
Այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Ղազախստանի ՆԳՆ նախկին ղեկավարը ձերվակալվել է 2022 թվականի հունվարի ողբերգական իրադարձությունների առնչությամբ՝ նրա դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տեղեկությունը հաստատել են հանրապետության գլխավոր դատախազությունից։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի առաջին օրերին, երբ երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնապատկմանը։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալմա-Աթայում, որտեղ սկսվեցին անկարգություններ, թալան, զինյալները հարձակվեցին կառավարական հաստատությունների վրա և խլեցին զենքերը։ 

Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն հայտարարեցին ամբողջ երկրում և սկսեցին հակաահաբեկչական գործողություն։ Երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ անկարգությունների հետեւանքով զոհվել է 230 մարդ, այդ թվում՝ անվտանգության 19 աշխատակից։