Քարտեզի անճշտություն կա, որով սահմանը հենց մեր հողերին է կպնելու, մեր տներին. Կիրանցի ղեկավար

Քարտեզի անճշտություն կա, որով սահմանը հենց մեր հողերին է կպնելու, մեր տներին. Կիրանցի ղեկավար

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները՝ իրենց վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ, երեկ Փաշինյանի մոտ հանդիպման էին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչները: Նրանք կառավարության շենքից դուրս եկան այլայլված, խռովված ու վիրավորված։ Ոմանք նույնիսկ լաց էին լինում։ Լրագրողներին տեղում չհաջողվեց խոսել Կիրանցիների հետ, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս խոսել նրանց, շշնջում էին կիրանցիների ականջներին․ «չխոսեք»։ Այսօր փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել երեկ գիշեր կառավարության շենքում, ի՞նչ է ասել Փաշինյանը, որ այդքան զայրացել եւ հուզել է նրանց, եւ առհասարակ՝ ի՞նչ սպասելիքով էին գնացել նրա հետ հանդիպման։ 

Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ Փաշինյանը կրկնել է այն, ինչ որոշել է անել, հուսադրող ոչ մի նորություն չի ասվել իրենց։ 

«Նույն է ասել: Քարտեզի անճշտություն կա, որով սահմանը հենց մեր հողերին է կպնելու, մեր տներին։ Մենք չենք ուզում դա տանք։ Ինչ վերաբերում է նրան, որ խաղաղության համար է տալիս, խաղաղություն մեզանից շատ ոչ մեկը չի ուզում։ Խաղաղություն մեզ շատ է պետք»,-նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը երաշխիք տվել է, որ հողերը հանձնելուց հետո խաղաղություն կլինի, ասաց․ «Մեզ պետք է, որ մեր հողերին չկպնեն։ Իրանցը տալիս ենք, մենք էլ ենք համաձայն, որ իրանցը տանք, մերը տալու հետ համաձայն չենք»։ Նկատի ունի` ադրբեջանական կոչված գյուղերի տարածքը տանք, բայց հայկական հողերը` ոչ: Չնայած այս իշխանությունը շարունակ թմբկահարում է, որ հանձնում է միայն ադրբեջանական հողերը, հայկական հող չի հանձնվում: 

Իսկ դու որեւէ առաջարկ արե՞լ եք, որեւէ բան ասե՞լ եք Փաշինյանին։ «Դե հիմա պետք չի, որ դա հանրայնացնենք, ադրբեջանցիներն էլ իմանան»,-ասաց Շահինյանը: 

Հիշեցնենք, որ Փաշինյանը խոստացել էր տավուշցիներին, որ չի հանձնելու սահմանամերձ 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին, սակայն նրանց հետ հանդիպումից մեկ օր անց հայտարարվեց, որ սահմանազատման հանձնաժողովները արձանագրություն են ստորագրել, որով տարածքները հանձնվել է Ադրբեջանին։ Եւ ամենակարեւորը` չի հասկացվում, թե որ քարտեզով, որ ժամանակների քարտեզով են առաջնորդվում այս սահմանագծումն անելիս, որովհետեւ բոլոր այն քարտեզներն ու ժամանակաշրջանները, որ վկայակոչում են այս սյուները դնելիս, բացարձակապես չեն ընդգրկում այն տարածքը, որը հիմա հանձնվում է Ադրբեջանին: