Հայը եւ հայկականը․ Հայանուն միներալներ (2-րդ մաս)
Մատենագիտության մեջ հիշատակվում են հայկական անունով ավելի քան 10 անուն միներալներ ու ներկեր: Միայն ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂ անունով հայտնի են մի քանի միներալ:
Լազուրիտին նմանվող մալաքիթը (Sal Armenium) հայտնի է նաեւ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂ անունով:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂ անունով նախկինում հայտնի է եղել նաեւ արմենյակը՝ անուշադրը (Sal Armeniacus): XV դարի հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին այն կիրառել է հիվանդներին բուժելիս: Ժամանակակից բժշկության մեջ այն նույնպես կիրառություն ունի:
Միջնադարում ալքիմիկոսների մոտ հայտնի է եղել եւս մեկ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂ (Salarmenicum) անունով ալքիմիական նյութ: Ալքիմիկոսներ Ջաբիրը, Վ. Վալենտինուսը, Հ. Հոլանդը եւ այլոք այն համարել են փիլիսոփաների արեւը, առանց որի անհնար է անմահության էլեքսիր պատրաստելը: Տարբեր ալքիմիկոսներ Հայկական աղ են անվանել մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, անուշադրը եւ նույնիսկ կերակրի աղն ու Հայաստանից արտահանվող այլ նյութեր: Հայկական աղը փիլիսոփայական ձեռքի վրա ներկայացվել է միջամատի տեսքով եւ ըստ Հ. Հոլանդի համարվել է արեւի խորհրդանիշը: Հայկական ձեռագրերում հանդիպում է հայատառ սալարմենիկում տարբերակը, կան ենթադրություններ, որ այն սալամոնիակում բառի հնարավոր աղավաղված ձեւն է:
Հայկական աղը փիլիսոփայական ձեռքի վրա, որտեղ այն կենտրոնական դիրք ունի
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԲՈՐԱԿ, միներալ: Միջին դարերում եվրոպացիները եւ արաբներն այն օգտագործել են որպես դեղամիջոց:
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈւՅՆ, գիտական գրականության մեջ հիշատակվող միներալ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԶՄՐՈւԽՏ, միներալ: Գիտական գրականության մեջ բնական զմրուխտին խիստ նման քարատեսակներից մեկի անվանումը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՋՎԱՐԴ, կապույտ գույնի ներկանյութ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊՈւՅՏ, հայկական լազուր, ինչպես հայերի, այնպես էլ այլազգիների կողմից Հայաստանում գործածված կապույտ ներկերի հավաքական անվանումը: Հայկական կապույտը հաճախ նույնացվել է թանկարժեք ներկ կապույտ լաջվարդին, որի հիմքը կազմել է կիսաթանկարժեք լաջվարդ քարից Հայաստանում ստացվող փոշենման լեղակը: Այն կիրառվել է գեղանկարչության, հատկապես մանրանկարչության մեջ եւ գործվածքներ ներկելու համար: Արդյունահանվել է Ուրմիա լճի մոտի հանքավայրերից, արտահանվել` Իրաք, Սիրիա, Եգիպտոս:
Պլինիոսը լաջվարդն անվանել է հայկական քար (lapis armenium)։ lapis armenium-ը կամ հայկական քարը հայտնի է նաեւ lapis stellatus անունով: Այն համարվում է թանկարժեք քարի տարատեսակ, հիշեցնելով լապիս-լազուրին՝ մի տարբերությամբ միայն, որ այն ավելի փափուկ է: Հայկական քարն այնքան նման է լապիս-լազուրին, որ հաճախ շփոթում են:
Վեբստերի բառարանում 2 տերմիներն էլ համարվում են հոմանիշներ: Բրիտանիկան զանազանում է լապիս-արմենուսը որպես հայկական քար կամ ազուրիտ: Գերման Բուրխեյվը կարծում է, որ այն ավելի շուտ կիսամետաղ է եւ ենթադրում է, որ այն կազմված է մետաղից եւ հողից: Նա ավելացրել է, որ հայկական քարը նույնիսկ տեսողությամբ կարելի է տարբերել լազուրիտից:
Այն գտնվել է Տիրոլի, Հունգարիայի, Տրանսիլվանիայի հանքավայրերում եւ օգտագործվում է մոզայիկայում, ինչպես նաեւ մելախոլիայի բուժման համար:
1816-ի Perthensis-ի հանրագիտարանում նշվում է, որ «հայկական քարը հնագույն ժամանակներում ներկրվում էր Հայաստանից, իսկ այժմ այն հայտնաբերվել է Գերմանիայում եւ Տիրոլում»:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՎ, հայկավ (հուն.՝ βωλos ՚αρբενια, լատ.՝ bolus Armenius, արաբ.՝ տին Էրմանի, թուրք.՝ կիլ Էրմանի եւ այլն), մուգ կարմիր կամ դեղին կավաքար, անցյալում օգտագործվել է որպես մաղձաբեր, վերքերը չորացնող, արյունահոսությունը դադարեցնող բուժամիջոց: Արդյունահանվել է Անի քաղաքի ու ներկայիս Իջեւան քաղաքի շրջակայքում եւ Պարսկաստանում, ավելի ուշ` Իտալիայում ու Ֆրանսիայում: Հայաստանից արտահանվել է Արեւմուտքի ու հատկապես Արեւելքի երկրներ եւ մեծ համբավ է ունեցել։: Հայկական կավը հայկական միջնադարյան գրականության մեջ հիշատակվել է նաեւ հայհող, սիս, հայկավակ անուններով: Հայկական կավի մասին առաջին անգամ 1-ին դ.-ում հիշատակել է բժշկապետ Դիոսկորիդեսը: Մխիթար Հերացին եւ Ամիրդովլաթ Ամասիացին հայկական կավը կիրառել են որպես հակաթույն, մաղձաբեր եւ ոսկրախտի բուժման միջոց: Ժամանակին Ֆրանսիայում պատրաստվել են հայկական կավ պարունակող դեղահաբեր (pilules de Bold՚Armenie)՝ սուսանակ հիվանդության դեմ։ Արաբ աշխարհագրագետ Իդրիսին վկայում է թին արմանի ինչ որ կավի մասին. «Հայաստանի լճերից մեկի ափից հատուկ կավ է հանվում, որից պատրաստված ջրամաններն Իրաքում, Ասորիքում, Եգիպտոսում հարգի են եւ վաճառվում են բարձր գնով», որը հավանաբար վերոհիշյալ Հայկական կավն է:
ՀԱՅԿԱԿԱՆ ՁՈւ, միներալ, էությունն` անորոշ, որի մասին բազմիցս հիշատակվել է եվրոպացի ալքիմիկոսների աշխատություններում:
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿ, հին աշխարհում լայնորեն հռչակված ներկանյութ, որն հայ վարպետները ստանում էին Արարատյան կամ Հայկական որդան կարմրից (Margarode hameli): Հայաստանում «որդան կարմիր» ներկի արտադրության կենտրոնը համարվել է Գինոյ բլուրի արլ. մասում գտնվող, արաբական աղբյուրներում հիշատակվող միջնադարյան ալ-Քիրմիզ քաղաքը, որն պատմական Արտաշատի մնացորդն էր: Արաբերեն «քիրմիզ» բառը հայերեն «գինեգոյն» բառի թարգմանությունն է:
Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Երբեմն հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Արաբները Արտաշատ քաղաքը կոչել են որդան կարմիրի քաղաք։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոչվում էին արքայական։ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։
Պատմական Հայաստանի բոլոր գավառների եւ իշխանական տների բազմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել այս գույնը։ Տիգրան II-ի թագավորության ժամանակաշրջանում հայկական հպատակություն ընդունած վասալ արքաները իրենց դրոշների վերին երիզը ներկում էին որդան կարմրով, որով իրենց հավատարմությունն էին հավաստում Հայոց արքայից արքային։
Շուրջ 2000 տարի հայկական որդան կարմիրը եղել է աշխարհի ամենաթանկարժեք ու բարձրորակ ներկը։ Նրանով ներկում էին ոչ միայն խաների հանդերձները, այլեւ նկարազարդում էին թանկարժեք մագաղաթները։ Որդան կարմիրը օգտագործել է նաեւ որպես թանաք։ Հին եւ միջին դարերում Արեւելքի եւ Եվրոպայի թագավորներն ու կաթողիկոսները ստորագրում էին միայն որդան կարմիր թանաքով։ Աշխարհում տարածված կարմիր թանաքով ստորագրությունը (բոլոր տեսակի փաստաթղթերի վրա) սկիզբ է առել Հայկական որդան կարմիր օգտագործումից։
ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻՐՈւԶ, թանկարժեք քարատեսակ: Չնայած Պլինիոս Ավագը Հայկական փիրուզի մասին վկայել է մոտ 2000 տարի առաջ, այնուամենայնիվ, երբ 1970-ական թթ. այն հայտնաբերեցին հյուսիսային Հայաստանի անտառներում, սկզբում կարծեցին, թե այն պղնձաքար է: Բայց բազմակողմանի հետազոտությունները հաստատեցին, որ առաջին անգամ երկրաբանների ձեռքում հայկական փիրուզ է հայտնվել: Մինչ այդ, երկրաբանության մեջ տիրում էր այն կարծիքը, որ փիրուզն առաջանում է միայն քարքարոտ շոգ անապատներում:
Գագիկ ԱՐԾՐՈւՆԻ
Կարծիքներ