Հայերից մինչև ղրղզներ ու տաջիկներ․ ՌԴ-ն թիրախավորել է «խոպանչիներին»

Հայերից մինչև ղրղզներ ու տաջիկներ․ ՌԴ-ն թիրախավորել է «խոպանչիներին»

Ղրղզստանի ԱԳ նախարար Ժենբեկ Կուլուբաևը և Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինը քննարկել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ղրղզ աշխատանքային միգրանտների հետ կապված իրավիճակը, հայտնում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ղրղզստանի Հանրապետության և Մոսկվա քաղաքի միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները։ 

Նախարար Կուլուբաևը նշել է Մոսկվայում աշխատող Ղրղզստանի քաղաքացիների զգալի թիվը և խնդրել է առավելագույն օգնություն ցուցաբերել Մոսկվայի կառավարությանը՝ Ղրղզստանից աշխատանքային միգրանտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցում»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռուսաստանում, նախագահ Պուտինի անձնական կարգադրությամբ, խստացվել է միգրացիոն քաղաքականությունը։ Երեկ Տաջիկստանի ԱԳՆ-ն բողոքի հայտագիր էր հանձնել հանրապետությունում ՌԴ դեսպանին՝ նշելով, որ Ռուսսստանում ընդգծված բացասական վերաբերմունք ունեն Տաջիկստանի քաղաքացիների նկատամբ։

Մինչև այդ հայտնի էր դարձել, որ մոսկովյան օդանավակայաններում օրեր շարունակ արգելափակված են մնում Տաջիկստանի հազարավոր քաղաքացիներ։

Ավելի վաղ Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որի ընդունման դեպքում ռուս իրավապահներն առանց ավելորդ ընթացակարգերի ու ժամանակ վատնելու կարող են ներգաղթյալներին վտարելու որոշում կայացնել։
Դատելով այդ երկրում արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մեծ քանակից, բացառված չէ, որ այս խստացումները կազդեն նաև մեր համերկրացիների վրա։