Հետո ասելու են՝ հանձնեցինք Վարդենիսը, Վարդենիսը մերը չէր․ Արթուր Խաչիկյան 

Հետո ասելու են՝ հանձնեցինք Վարդենիսը, Վարդենիսը մերը չէր․ Արթուր Խաչիկյան 

Սա հերթական խելագարություն է՝ խելագարների խոսակցություն է, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով կիրանցիների և Փաշինյանի երեկվա հանդիպման վերաբերյալ տեղեկություններին, ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։ 

«Նախ որևէ պատասխան չկա, թե ինչի հիման վրա են գծվելու մեր սահմանները, ո՞ր քարտեզի հիման վրա, Ադրբեջանը որևէ քարտեզ չի ճանաչում՝ ասում է՝ որտեղ մտել ենք, այնտեղ էլ կմնանք։ Երկրորդը. պատասխան չկա այն հարցին, թե այս երկու գյուղից հետո ևս չորս գյուղ հանձնվելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև բոլորն ասում են, որ հանձնվելու է։ Դրանից հետո անցնելու են Վարդենիսին ու շատ մարդիկ ասում են, որ մի տասը գյուղ էլ այնտեղից են զիջելու և ութը գյուղ էլ Սյունիքից։ Որևէ մեկը չի կարողանում այս հանրապետությունում ասել՝ այդպիսի բան լինելո՞ւ է, թե՞ ոչ․ ոչ կառավարությունն է ասում, ոչ ընդդիմությունն է ասում։ Սա խելագար խոսակցություն է, որի շրջանակներով անընդհատ անցնում ենք»։ 

Քաղաքագետը նշում է, որ հանձնելուց հետո ասելու են՝ հանձնեցինք Վարդենիսը, բայց Վարդենիսը մերը չէր, հետո կասեն՝ հանձնեցինք Սյունիքը, բայց Սյունիքը մերը չէր և այսպես շարունակ։ Արդեն մեկնարկել է, այսպես կոչված, Սյունիքի միջանցքի կառուցումը, շատերն ասում են, որ մեր տարածքով ճանապարհներ են ասֆլատապատում, որը Ադրբեջանը կապելու է Նախիջևանին ՝արդյոք այդ հարցին պատասխան հնարավո՞ր է ստանալ, թե ոչ, ասում է Խաչիկյանը։ 

«Երբ այս խմբի ղեկավարն ասում է՝ մենք գյուղերը տալիս ենք՝ ոչինչ չենք ստանում, անգամ անվտանգության երաշխիք չենք ստանում, սրանից ավելի պարտված ղեկավարություն ինչպե՞ս կարելի է պատկերացնել»,-ասաց վերջինս։ Այն, ինչ տեղի է ունենում՝ անեքսիա՞ է, թե՞ սահմանազատում: Խաչիկյանը սա կապիտուլյացիա է անվանում` աստիճանաբար իրականացվող օկուպացիա։ «Սա կապիտուլյացիա է, ներքին թշնամու մի խումբ է մեր տարածքում, և սա աստիճանաբար Հայաստանը օկուպացնելու գործընթաց է, մենք գնում ենք դեպի Հայաստանի օկուպացիա»,-ասաց Խաչիկյանը։ 
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել ու գրել, որ, այսպես կոչված, միջանցքի շրջանակներում ճանապարհների կառուցում է գնում, իսկ եվորպացի դտորդները եկել էին աշխատանքները նայելու․ սա նշանակո՞ւմ է, որ Արևմուտքը «քավորություն» է անում այս նախագծին, Խաչիկյանն ասաց` այո, նրանք ուզում են միջանցքը կյանքի կոչել՝ Ռուսաստանը շրջանցելու համար։ «Բայց թե այդ միջանցքը ինչ ստատուս է ունենալու՝ ոչ ոք չի ասում, այդ սուտ խոստումները, որ էքստերիտորիալ չի լինելու, միշտ լսում ենք, բայց դա լինելու է էքստերետորիալ։ Ո՞վ է դիմակայելու ադրբեջանցիներին, եթե նրանք օկուպացնեն այդ միջանցքը՝ պատասխան չկա, կառավարությունից պատասխան չկա և մեր հասարակությունը գտնվում է ինչ-որ խելագար թմրանյութերի ազդեցության տակ»,-ասաց քաղաքագետը։ 

Մի քանի օր առաջ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ դրեց նոր տերմին՝ սահմանի վերարտադրում, որը ՔՊ-ականները թութակի պես քանի օր է կրկնում են: Խաչիկյանն ասաց, որ նրանց մոտ շատ լավ է ստացվում նոր բառեր օգտագործել, քննարկել իրենց արևմտյան տերերի հետ և հետո փիար նախաձեռնություններ իրականացնել։ «Ես կառաջարկեի ցուցակ կազմել իրենց բոլոր բառերի, որոնք նրանք օգտագործել են՝ սկսած խաչմերուկից, ապագայից, դարաշրջանից, այդ բոլոր փիար տերմինները, որ նրանք ստեղծել են իրենց արևմտյան տերերի հետ, ցուցակ կազմեք՝ թող մարդիկ նայեն»,-առաջարկեց քաղաքագետը։ 

Անդրադառնալով այսօր Tik-Tok հավելվածում Փաշինյանի հերթական տեսանյութին, որտեղ նա ջուրը լցնում է սեղանին ու սկսում մատներով այդ ջրի հետ խաղալով ներկայացնել Տավուշի հարցը, ասաց, որ չի ուզում վատ բառեր գործածել, որովհետև սխալ է այդպիսի վիճակում գտնվող մարդուն ծաղրելը, բայց մարդը, ով ակնհայտ դրսևորում է որոշ շեղումներ՝ նա չպետք է երկիր ղեկավարի։ «Նրան պետք է խղճալ, այնպես անել, որ այլևս իրեն չխայտառակի, ոչ էլ մեզ խայտառակի»,- եզրափակեց Խաչիկյանը։