Մեր երկրի նախագահը դավաճան է․ Վրաստանի վարչապետ

Մեր երկրի նախագահը դավաճան է․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին դավաճան է անվանել՝ նշելով, որ վերջինս դավաճանում է պետության ազգային շահերը։ Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերում է Sputnik Գրուզիա-ն։

«Ամենատխուրն այն է, որ այն անձը, ով դեռ օրինականորեն կոչվում է Վրաստանի նախագահ, ուղղակի այս երկրի դավաճանն է՝ բառիս բուն իմաստով։ Նա ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերին»,- հայտարարել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ տխուր է նաև այն փաստը, որ Զուրաբիշվիլին զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը։ Դրա համար նա «անձնապես ներողություն» է խնդրել վրաց ժողովրդից։

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխող կուսակցության կողմից ղեկավարվող կառավարության և նախագահի միջև սկզբունքային տարաձայնությունները սկիզբ են առել նախորդ տարվանից, երբ Զուրաբիշվիլին առանց նախարարների կաբինետի թույլտվության եվրոպական շրջագայություններ էր իրականացել։

Այդ հակասություններն ավելի սրվեցին վերջին օրերին՝ իշխող կուսակցության կողմից երկրի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումների պատճառով։ Նախագահը, ինչպես և Վրաստանի ընդդիմությունը դա համարում են «ռուսական օրենք»։