Հունգարիան վետո է դնում ԵՄ-ից ՀՀ-ին տրվող խոշոր աջակցությանը․ Բաքվի մատը խա՞ռն է

Հունգարիան վետո է դնում ԵՄ-ից ՀՀ-ին տրվող խոշոր աջակցությանը․ Բաքվի մատը խա՞ռն է

Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Այս մասին հաղորդում են «Ազատության» ռ/կ-ի դիվանագիտական աղբյուրները։

Ըստ այդմ, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

Ապրիլի կեսերին հայտնի դարձավ, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Ըստ դիվանագիտական փաստաթղթերի, այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

«Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում, որի ընդունումը մի քանի շաբաթ է՝ արգելափակվում է Հունգարիայի կողմից։