Լեւոն Քոչարյանի օգնականի եւ Civic.am-ի լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին

Լեւոն Քոչարյանի օգնականի եւ Civic.am-ի լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին

Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի եւ Civic.am-ի լրագրող Դավիթ Լեւոնյանի միջեւ այսօր տեղի ունեցած միջադեպը մի շարք դիտարկումներ կատարելու առիթ է տալիս․ 

• Նախ՝ ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ անկախ ամեն ինչից, ինչ էլ որ լինի պետք է պահել զսպվածություն։ Անթույլատրելի է պարզապես, նույնիսկ ամենանվիրական ու ամենաազնիվ մղումներից ելնելով այնպիսի խոսք կամ արարք թույլ տալը, որը կարող է տարակերպ մեկնաբանությունների առիթ տալ ու դույզն ինչ վնասել հանուն Հայրենիքի մղվող պայքարին։

• Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Առաքելական եկեղեցու բարձրաստիճան եկեղեցական լինելով հանդերձ, առաջին հերթին քրիստոնյա  է եւ թե որպես քրիստոնյա ու թե որպես հոգեւորական, Քրիստոսի հետքերով ընթանալու պատրաստակամություն ու պարտավորություն ստանձնած մարդ։ Իսկ դա նշանակում է, որ Բագրատ արքեպիսկոպոսը, ինչպես ցանկացած քրիստոնյա, ցանկացած հոգեւորական պետք է պատրաստ լինի հանուն իր հավատքի, իր Հայրենիքի, իր սրբությունների հալածվելու, այպանվելու, ամբաստանվելու, նույնիսկ՝ մարտիրոսության պսակ ընդունելու, այսինքն՝ նահատակվելու։ Ինչու ենք սա ասում։ Որպեսզի որեւէ մեկի համար պարզ լինի, որ այն ինչ այսօր սանձազերծվել է Բագրատ արքեպիսկոպոսի կամ այլ եկեղեցականի դեմ, ավելի ծանր բան չէ, քան ժամանակին արել են ընդդեմ Հիսուս Քրիստոսի կամ առաքյալների կամ բոլոր այն քրիստոնյա մարդկանց, որոնք նահատակվել են հանուն Հայրենիքի եւ հանուն հավատքի։ Վստահ ենք, որ Բագրատ արքեպիսկոպոսը պատրաստ է այս ճակատագրին եւ հպարտորեն է տանում իր խաչը։ Սակայն կարեւոր է, որ բոլոր նրանք, ովքեր սատարում են Հայրենիքի պայքարին, սատարում են Առաքելական եկեղեցուն, Բագրատ Սրբազանին, իրավիճակը ոչ թե սովորական կատեգորիաներով ընկալեն, այլ միշտ նկատի ունենան որ Բագրատ Սրբազանը հոգեւորական է, ում համար անբեկանելի գործում է «իմացյալ մահն անմահություն է» սկզբունքը։ Սա չի նշանակում անշուշտ, որ հարկ եղած դեպքում Բագրատ Սրբազանին չպետք է պաշտպանել, սակայն նաեւ պետք է խուսափել այդ պաշտպանության ծայրահեղ որեւէ դրսեւորումներից։

•  Մեկ այլ սկզբունք, որը պետք է միշտ ի մտի ունենալ։ Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Արշակ Սրբազանը կամ որեւէ այլ եկեղեցական, ի կոչմանե պատասխանատվություն ունեն, իբրեւ հոգեւորական նաեւ իշխանական ճամբարում եղածների հանդեպ։ Այո, հանուն Հայրենիքի այս պայքարում որոշակի ջրբաժան է գծվել, սակայն դա չի նշանակում, որ իշխանականները դադարել են Առաքելական եկեղեցու հետեւորդ լինելուց, եթե իրենց այդպիսին համարում են, ոչ էլ դա նշանակում է, որ Առաքելական եկեղեցին է ազատվել իշխանականների հանդեպ իրենց հոգեւոր խնամատարության ունեցած պարտավորությունից։ Ի վերուստ՝ Աստծո կողմից Առաքելական եկեղեցուն վստահված է Հայ ժողովուրդը, իսկ այդ Հայ ժողովրդի մեջ մտնում են թե հանրապետականները, թե ՔՊ-ականները, թե դաշնակցականները, թե ՀԱԿ-ականները, թե ԲՀԿ-ականները եւ մյուս բոլորը։ Ուստի բոլորն էլ պետք է հասկանան, որ գալու է ինչ որ պահ, երբ ամեն բան հանդարտվելու է, ու մնալու են միայն փոխադարձ հնչեցրած ոչ այնքան հաճելի հայտարարությունների ու արտահայտությունների «նստվածքն» ու հիշողությունը։

• Եւ ի վերջո, Բագրատ Սրբազանի ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու կամ առհասարակ՝ Ռուսաստանի հետ կապված հնչող հայտարարությունների եւ արտահայտությունների մասին։ Այն, ինչ կատարվում է հիմա, մեծ հաշվով, Երեւանից եւ Բաքվից առավել ձեռնտու է Մոսկվային, քան, օրինակ, Վաշինգտոնին կամ Բրյուսելին։ Բոլոր նյուանսներն ու հարցերը մի կողմ թողած՝ ներկայումս իրականացվող, այսպես ասած՝ «վերարտադրության» միջոցով, մեծ հաշվով ավարտին է հասցվում դեռ խորհրդային ժամանակներում Հայ ժողովրդի համար նույն խորհրդային կայսրության կողմից որոշված եւ սահմանված կենսատարածքի լեգիտիմացումը, որը սկսվել էր հայ-թուրքական՝ 1920-ականներին դեռ սահմանագծված ու սահմանազատված սահմանին, որտեղ հիմա ռուս սահմանապահներն են։ Հետեւաբար ասել, որ Ռուսաստանը դեմ է այս գործընթացին, մի փոքր տարակուսելի կարելի է համարել։ Ու ինչպես նշել է մի առիթով ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնը, կարծես թե՝ ամենաթունդ արեւմտականները հետխորհրդային տարածքում, եթե ուսումնասիրենք, կպարզվի, որ հազար ու մի թելով կապված են ռուսական ազդեցության կենտրոնների հետ։