Արդեն որդին հոր փոխարեն պատասխան է տալի՞ս

Արդեն որդին հոր փոխարեն պատասխան է տալի՞ս

Քիչ առաջ դատական դեպարտամենտը 37 թվի ոգով մի հաղորդագրություն էր տարածել.

«Այսօր Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կողմից կիրառված բռնության մասին հրապարակումներում մատնանշվել էր, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին։ Պարզաբանում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս 2023 թվականի հունվարին կարգապահական կոպիտ խախտման հիմքով դադարեցրել է այլևս նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները: Դատապարտելի է ցանկացած բռնություն, առավել ևս` լրագրողի նկատմամբ: Իսկ գործող դատավորները և նրանց ընտանիքի անդամները ունեն առավել բարձր սոցիալական պատասխանատվություն և պարտավոր են պահպանել էթիկայի վարքականոնների առավել բարձր շեմ: ՀՀ Դատական դեպարտամենտ»։

Հիմա բացենք փակագծերը` ինչ է ասում սույն հիմնարկի ղեկավարությունը, ենթադրում ենք` Կարեն Անդրեասյանի թելադրմամբ: Ասում է` Սուքոյանի հորը, ով այսօր իշխանական լրագրողին բան է ասել, մենք ամիսներ առաջ հեռացրել ենք պաշտոնից ու լավ ենք արել, որովհետեւ նման որդի ունեցողները տեղ չունեն մեր դատավորների շարքերում: Իսկ այն դատավորները, որոնք աշխատում են` նման բան չէին անի, նրանք առավել «բարձր սոցիալական պատասխանատվություն ունեն եւ պարտավոր են էթիկայի կանոնները պահպանել»: Նման խայտառակ տեքստեր հրապարակվում էին ստալինյան ժամանակներում` երբ Բերիայի ու Եժովի ճանկերում հայտնված մարդկանց հրապարակավ պախարակում էին, նրանց ընտանիքի անդամներին հեռացնում աշխատանքից, երբեմն էլ հարազատների հետեւից աքսորում Սիբիր: Իսկ ինչ է արել Արթուր Սուքոյանը` ընդամենը փորձել է պաշտպանել Սրբազանի պատիվը իշխանական ոտնձգություններից: Եւ այստեղ խոսքի ազատության ճնշման կամ լրագրողի իրավունքների սահմանափակման մասին չէ խոսքը, այլ հանրության կողմից վերաբերմունքի դրսեւորման:

Ի դեպ, մեր լրագրողներն էլ են պարբերաբար հայտնվում իշխանական գործիչների, նրանց սպասարկող շրջանակների թիրախում` նրանց էլ են երբեմն հայհոյում, անգամ քաշքշում ու վիրավորում, բայց մենք նման համաշխարհային աղմուկ չենք բարձրացնում եւ ՄԻՊ-ն ու Դատական դեպարտամենտը անկախ լրատվամիջոցների լրագրողների հետ կապված հայտարարություններ չեն տարածում:

Արեգ Մարգարյան