Աջակցում եմ ու նաեւ համաձայն եմ Բագրատ Սրբազանի բանաձեւումի հետ

Աջակցում եմ ու նաեւ համաձայն եմ Բագրատ Սրբազանի բանաձեւումի հետ

«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի», «Ղափլանյանը չէր լռի», «Խախտիր լռությունը, մնջախա՛ղ», այսպիսի գրությամբ պաստառներ են այսօր փակցվել Երևանյան թատրոնների դռներին ու պատերին, իսկ քաղաքի տարբեր փողոցներում հայտնվել է՝ «Ոտքի» գրությունը։

Տավուշում տեղի ունեցող սահմանազատման աշխատանքներով պայմանավորված, այս օրերին բողոքի տարբեր ցույցեր, ակցիաներ են տեղի ունենում թե մարզերում, թե մայրաքաղաքում։ Լռությունը խախտելու թատրոններին ուղղված կոչի նպատակն է հաջակցություն Տավուշի ոտքի հանելու քաղաքացիներին, կոչ անելու արվեստագետներին՝ չլռել ու իրենց դիրքորոշումը հայտնել։ 

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանից հետաքրքրվեցինք՝ աջակցո՞ւմ է Տավուշյան շարժմանն ու պայքարող ժողովրդին․ «Իհարկե աջակցում եմ եւ առանձնահատուկ աջակցում եմ Բագրատ Սրբազանին՝ հրաշալի հոգեւորական, իմ լավ բարեկամ եւ պարզապես ազնվագույն մի մարդու։ Ոչ միայն աջակցում եմ, այլ նաեւ համաձայն եմ իր բանաձեւումի հետ, որ ճշմարտությունն, ի վերջո, պետք է հաղթի ստին»,-նկատեց Ժ․ Դադասյանը։  

Մարդիկ ընդվզում են թե մարզերում, թե Երեւանում, քանի որ հասկանում են, որ զիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու։ Այս ընդվզումը կդառնա՞ համահայաստանյան, թե՞ միայն լոկալ բնույթ կկրի․ «Ես այն կարծիքին եմ, որ իհարկե բոլորն էլ պետք է բարձրաձայնեն իրենց կարծիքը, խոսեն այդ մասին, բայց 2021թ-ից հետո, այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում ու այն, ինչ ասում ենք, անձամ ես դադարեցի խոսելուց, որովհետեւ զգացի, որ իմ ասածը տեղ չէր հասնում։ Հիմա ես մեծ հույս ունեմ, որ մեր ժողովուրդը ականջալուր կլինի Բագրատ Սրբազանի ու մեր հոգեւոր հայրերի խոսքին, որովհետեւ ազնվագույն մարդկանց մասին է խոսքը, ինչքան էլ որ փորձեն պիտակավորել, ինչը մանր մարդկանց ձեռքի գործն է, որովհետեւ դա նախ ոչ մի ազդեցություն չի թողնում ոչ մեկի վրա, ոչ էլ լուրջ է ընկալվում, ուղղակի ծիծաղելի է այն, ինչ անում են՝ փորձելով պիտակավորել այդ մարդկանց։ Մեր եկեղեցին իր հազարամյա պատմության ընթացքում ցույց է տվել, որ ինքը այս ժողովրդի կողքին է եւ ես մեծ հույսեր եմ կապում մեր եկեղեցու հետ այս պայքարի հարցում։ Նաեւ ամեն ինչով պատրաստ եմ օժանդակել, որպեսզի եկեղեցու, ազգային գաղափարի շուրջը համախմբվելով այս խնդիրներն ի վերջո լուծում ստանան»,-եզրափակեց թատրոնի գեղ․ղեկավարը։