Գնանք, հաց տանենք, ջուր տանենք պայքարողներին, բայց ոչ իմ ներկայացման ժամանակ գան մտնեն` խանգարեն ինձ

Գնանք, հաց տանենք, ջուր տանենք պայքարողներին, բայց ոչ իմ ներկայացման ժամանակ գան մտնեն` խանգարեն ինձ

Հումորիստ, երգիծաբան Հովհաննես Դավթյանը նախօրեին շուն էր անվանել իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդներին եւ ասել, որ նրանք ակցիա են արել փողով, ինչը մեծ աղմուկ է առաջացրել։ Իսկ երիտասարդները Տավուշից հողերի հանձնման դեմ են պայքարում, նրանք բեմ են բարձրացել` «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառով: Հանդիսատեսն էլ ակցիան ողջունել է ծափողջույններով, բացականչել՝ «բրավո»:

Դավթյանը հետո իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է միջադեպի մասին՝ նշելով, որ վերջին շրջանում «որքան կեղտոտ, քաղաքական տիզ» բաներ կան, գալիս, իրեն են կպչում: Պատմել է, որ ներկայացման ժամանակ իր հետ բեմ է բարձրացել մի երիտասարդ, որը հանել է պաստառն ու կանգնել հանդիսատեսի առաջ, մինչդեռ ինքն իրեն նորմալ է պահել` չի հուզվել, իսկ երիտասարդը վայրկյաններ անց հեռացել է։

Նա ասել էր. «Լավ, ես ի՞նչ անեմ, իմ փոխարեն դուք ի՞նչ կանեիք։ Ոչ այն է՝ ոչ ադեկվատ պահեմ ինձ, ոչ այն է՝ հրեմ դուրս հանեմ, ծաղրեմ, արգելեմ, ոչ այն է՝ ասեմ այս ինչ լավ բան ես անում, որ քեզ անշնորհք, անդաստիարակի պես ես քեզ պահում»: Ապա հայտարարել, որ «այդ սապլյակները ոչ թե ինքնաբուխ ակցիա են արել, այլ վճարվել են»: «Ինչից եմ ես դա ենթադրո՞ւմ։ Ինձ ասացին, որ երբ արդեն շենքից դուրս են եկել, մուտքի մոտ իրենց սպասում էր երկու փաստաբան, ևս երկուսն էլ՝ քաղմասում: Դա մեզ հուշում է, որ այս տղան շուն էր։ Հետևաբար դու շուն ես, եղբայր, դու հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շուն մի քայլ է»,- ասել է նա եւ հայտարարել, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, իրեն վրդովվեցրել է, որ որոշ լրատվամիջոցներ ու օգտատերեր այդ այցիան վերագրել են իրեն։ «Դուք չե՞ք պատկերացնում, որ կարող է լինել մարդ, որը քաղաքականացված չէ։ Որ դուք կեղտոտ եք, չեք մտածում, որ կարող է մաքուր մարդ լինել»։

 «Հրապարակը» զրուցել է դերասան Հովհաննես Դավթյանի հետ:

- Ինչո՞ւ եք փորձում ներկայացնել, որ այսօր պայքարի դուրս եկած մարդիկ ծախված են, վատն են: Ի՞նչ նպատակ եք հետապնդում՝ նման քայլեր անելով: Այսօր մարդիկ Տավուշում մեծ պայքար են տանում, իրենց տուն ու տեղն են պաշտպանում, փորձում են կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը, դուք փաստացի նրանց եք վիրավորում:

- Ես Տավուշի մասին ոչինչ չեմ խոսել: Ես ռեալ դեպքի մասին եմ խոսել: Տեսնելով իմ հրապարակումը ի՞նչ հասկացաք:

- Հասկացա այն, որ ցանկացած ընդդիմադիր ակտիվիստ ձեր ասածները կարող է իր վրա վերցնել:

- Մի րոպե, մի րոպե, շանտաժի և պրովոկացիաների դաշտ հանկարծ չմտնեք: 

- Իսկ ճի՞շտ են այն մարդիկ, որ գրում են` Դուք Ալեն Սիմոնյանի ընկերն եք և Դուք եք իշխանության պատվերը կատարում:

- Բացարձակ, ես ոչ մեկի ընկերը չեմ, քաղաքականությունից ոչ մեկը իմ մտերիմը չէ:

- Իսկ ինչո՞ւ եք նման բան անում, առանց այդ էլ երկրում մթնոլորտը բավականին լարված է, ի՞նչ խնդիր եք լուծում այս քայլով:

- Համաձայն եմ Ձեզ հետ, որ լարված մթնոլորտ է, ուղղակի այս փուլում համընկավ և ոմանք կարող է ինչ-որ բան են ասում:

- Ինչո՞ւ եք իշխանությունների ջրաղացին ջուր լցնում, տպավորություն ստեղծում, որ ով այս իշխանություններին դեմ է, ուրեմն ծախված է, վատն է:

- Ես ասել եմ` ով այս իշխանություններին դեմ է՝ ծախվա՞ծ է, կամ շո՞ւն է: Ես նման բան չեմ ասել:

- Իսկ ո՞վ է ծախված շունը, Ձեր խոսքում նման արտահայտություն կար:

- Բայց ես Ձեզ ինչո՞ւ պիտի ասեմ:

- Դուք դերասան եք, ներկայացումներ եք բեմադրում, ես էլ Ձեզ բեմում տեսել, լսել եմ, ուզում եմ պարզաբանեք` ո՞վ է ծախված շունը: Ի դեպ` ինչո՞ւ ոչ մի անգամ իշխանություններին չեք անդրադառնում, Ձեր հումորների առանցքում միայն ընդդիմադիրնե՞րն են:

- Որովհետև իշխանականը չի գալիս իմ ներկայացումը խանգարելու:

- Ինչո՞վ են խանգարել, հանձնվող գյուղերի մասին իրազեկելը ձեզ ինչո՞վ է խանգարում:

- Ես անգամ չգիտեմ էլ, թե դա ով է: Դուք անընդհատ փորձում եք ինձ կապել քաղաքականության հետ, բայց մի բան, որ չկա, գոյություն չունի, ինչո՞ւ եք փորձում ասպարեզ բերել:

- Որովհետև Դուք մշտապես «ընդդիմության» վրա փորձում եք «ցեխ» շպրտել, ձեր բազմահազարանոց լսարանի առաջ:

- Ես իշխանական և ոչ իշխանական կողմերին ոչ ծանոթ եմ, ոչ իրենց հետ եմ, ոչ իրենց մեջ եմ, ոչ էլ իրենց հետ կապ ունեմ, ես պարզապես իմ գործն եմ անում, բայց երբ դու քո գործն ես անում, մտնում են քո տարածք, քեզ խանգարում են, քի՞չ է դա:

- Ինչո՞վ են խանգարում:

- Բայց ինչո՞ւ պետք է ասեմ, եթե ես չեմ ուզում խոսել:

- Դուք կոնկրետ քարոզ եք անում և իմիտացիա ստեղծում, մարդիկ չիմանա՞ն՝ ինչով է ձեզ այդ ակցիան խանգարել:

- Իմիտացիան ինչպե՞ս եմ ստեղծել: Ես ողջ պատմությունը վիդեոյով ասել եմ: Իմիտացիա բան, էդ խուճուճ բաները ես չգիտեմ:

- Գուցե իրազեկման ակցիա իրականացնողը հենց Տավուշի ցուցարարներից էր: Վստա՞հ եք, որ նա ծախված է:

- Ես ՀՀ քաղաքացի եմ, ոչ պակաս սրտացավ ձեզանից, կամ մյուսներից: Տավուշի համար էլ, մյուս բոլոր մարզերի համար էլ շատ մտահոգ եմ, ես կարող եմ իմ բեմական շորերը հանել, հագնեմ իմ կյանքի շորերը և գնամ Տավուշ: Գնանք, հաց տանենք, ջուր տանենք պայքարողներին, էնտեղ ինչ-որ բանով օգնենք…. չգիտեմ, ինչ-որ բանով, ինչով կկարողանանք, բայց ոչ իմ ներկայացման ժամանակ գան մտնեն ու խանգարեն ինձ:

- Դուք մեկ ամիս առաջ էլ «Իմնեմնիմի» փոդքասթի Վազգենի և Նարեկի դեմ էիք պայքարում: Ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքականության մեջ չկաք, բայց ամեն տեղ կա ձեր անունը:

- Մի թեմայից մի թեմա գնացիք, ի՞նչ կապ ունի դա:

- Այն կապն ունի, որ Դուք մշտապես ընդդիմադիրների հետ հաշիվներ եք լուծում:

- Ինձ են գալիս կպնում, ես բա՞ն եմ արել, նրանց հետ ոչ մի խնդիր չկա, մենք խոսել և իրար հասկացել ենք` շատ լավ պարզաբանել ենք:

- Իսկ գուցե ձեր ներկայացումներում քողարկված իշխանական քարո՞զ եք անում:

- Ուրի՞շ: Էլ ի՞նչ կարող եք ասել:

- Իսկ որպես քաղաքացի մտահոգ չե՞ք երկրում տեղի ունեցող պրոցեսներով, ի դեպ` ասում եք գնամ Տավուշ, ինչո՞ւ չեք գնում, ինչի՞ն եք սպասում:

- Ես հասկանում եմ, որ դուք հիմա բզբզում եք, մի բան փորեք: Ձեր մասնագիտությունն այդպիսին է:

- Փաստորեն Դուք էլ եք այս իշխանությունների նման ատում լրագրողներին:

- Ես չգիտեմ էլ Փաշինյանն ատո՞ւմ է, թե չէ:

- Իսկ իշխանությունների բոլոր գաղափարները «զարմանալիորեն» կիսում եք:

- Ես ոչ Փաշինյանին ճանաչում եմ, ոչ էլ կիսում եմ նրա գաղափարները: Ոչ էլ Ալեն Սիմոնյանի հետ եմ մոտիկ:

- Իսկ ո՞ւմ հետ եք մոտ:

- ՔՊ-ից ոչ մեկի: Ես ոչ մեկի հետ մտերիմ չեմ, ես դերասան եմ, ինչո՞ւ պետք է նրանց հետ մտերիմ լինեմ, ի՞նչ կապ ունեմ ես քաղաքականության հետ: Ես քաղաքականացված չեմ:

- Բայց քաղաքացի եք:

- Հա քաղաքացի եմ, պարտադի՞ր է, որ քաղաքական հայացքներ ունենամ:

- Օրինակ` հանձնվող գյուղերի մասին ի՞նչ եք կարծում:

- Նույն բանը ես եմ ձեզ հարցնում:

- Իմ կարծիքով՝ նորմալ չէ, որ հանձնվում են, բայց լրագրողն է սովորաբար հարց տալիս:

- Դուք կարծում եք դա ինձ համար նորմա՞լ պիտի լիներ: Ես ծնվել եմ Երևանում, տեսել եմ չորս ղեկավար և ոչ մի անգամ ոչ մի ղեկավարի ոչ կողմնակիցն եմ եղել, ոչ էլ հակառակորդը: Բոլորի դիրքորոշումների ու քաղաքականության մեջ էլ եղել են բաներ, որոնք իմ սրտով չեն եղել, բայց դա քաղաքականացված լինել չի նշանակում: Ես հասկանում եմ, որ բոլորը ուզում են իմ շուրջը ինչ-որ բան փորել….

- Բայց ինչո՞ւ Ձեր շուրջը, այլ դերասանների շուրջը քաղաքական սկանդալներ չեն լինում:

- Ես ի՞նչ կարող եմ ասել: Երկու դեպք է եղել, երկուսի հետ էլ կապ չունեմ, ինձ են կպել: Մի տեղ հարցազրույցի ժամանակ են ինձ կպել, մի տեղ էլ եկել են ներկայացումս խանգարել: