«Ֆեյսբուքի» եւ «Ինստագրամի» դեմ հետաքննություն կսկսեն

«Ֆեյսբուքի» եւ «Ինստագրամի» դեմ հետաքննություն կսկսեն

Եվրոպական հանձնաժողովը մոտ ժամանակներս մտադիր է հայտարարել «Ֆեյսբուքի» եւ «Ինստագրամի» դեմ հետաքննություն սկսելու մասին։ Պատճառն այն է, որ ԵՀ-ում մտավախություն ունեն, որ երկու առաջատար սոցհարթակները բավարար միջոցներ չեն ձեռնարկում ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է Financial Times հանդեսը։ Հրապարակման մեջ նշվում է, որ «Մետա» ընկերությունը բավարար արդյունավետ չի կարողանում մոդերացիա իրականացնել, որպեսզի կանխի քաղաքական գովազդի լայն տարածումը, որը կարող է խաթարել Եվրոպական Խորհրդարանի՝ առաջիկա հունիսին կայանալիք ընտրությունները։

Նշվում է, որ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ կոնկրետ Ռուսաստանը թիրախային կերպով չի հիշատակվում, այլ միայն նշվելու է՝ օտարերկրյա սուբյեկտների կողմից մանիպուլյացիաների մասին։ Իր հերթին «Մետա» ընկերությունից հայտնել են, որ ունեն բավականին լավ եւ արդյունավետ գործող համակարգ՝ բացահայտելու եւ չեզոքացնելու մտահոգության առարկա հանդիսացող ռիսկերը իրենց հարթակներում։ «Մետա»-ն պատրաստակամություն է հայտնել ավելի սերտ համագործակցել ԵՀ-ի հետ։