Սպասումները կապված են օր առաջ իշխանափոխության հետ

Սպասումները կապված են օր առաջ իշխանափոխության հետ

«Մենք ոչ թե անդամակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, այլ մենք` որպես «Հայաքվե» նախաձեռնություն, առաջին հերթին, ի աջակցություն այդ շարժման, մեր գործունեության տրամաբանության մեջ ենք»,- ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։ «ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանող գործունեության տրամաբանության մեջ ենք, եւ այդ տեսանկյունից, այո, մենք Բագրատ սրբազանի կողքին ենք, մեր երկրի յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարող ցանկացած արժանապատիվ քաղաքացու կողքին ենք եւ մեր այս անցնող շաբաթվա ընթացքում մենք ակտիվ էինք՝ բողոքի ակցիաներ, տարբեր հանրային գործողություններ իրականացնելու առումով, որով փորձում ենք ողջ աշխարհին ցույց տալ, որ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համաձայն չեն այն ապօրինությանը, որը տեղի է ունենում հիմա սահմանագոտում։ Մենք ուզում ենք նաեւ մեր գործողություններով իրազեկել մեր քաղաքացիներին, ցույց տալ, թե որքան կործանարար է, որքան ապօրինի է, որքան հակասահմանադրական է այն, ինչը որ տեղի է ունենում»,- ասաց Սողոմոնյանը։

Նա հավելեց, որ անցյալ շաբաթ իրենց գործողությունները հիմնականում ծավալել են Երեւանում, Տավուշում, Լոռու եւ Շիրակի մարզերում։ Հարցին, թե ինչպիսին էին այդ գործողությունների արձագանքները մարզերում, ասաց՝ հիմա այնպիսի անվտանգային ու հոգեբանական ճգնաժամի մեջ ենք, որ սպասումները շատ բարձր են։ Գաղտնիք չէ, որ այդ սպասումները կապված են օր առաջ, ժամ առաջ իշխանափոխության հետ։ «Այդ տեսանկյունից եթե նայելու լինենք, գուցե ակնկալիքները չեն բավարարվում, բայց նաեւ հասկանում ենք, որ իշխանափոխություն տեղի ունենալու համար կարեւոր պայմաններ են անհրաժեշտ, եւ դա միայն ժողովրդական ցասումով չէ պայմանավորված։ Այդ ցասումը կարող է լինել, բայց մեկ կամ երկու շատ կարեւոր պայման դրա համար անհրաժեշտ է։ Մեր բողոքի ակցիաներին մարդկանց վերաբերմունքի հետ կապված՝ շատ գոհ էինք, որովհետեւ բացառիկ դեպքերում էր լինում, որ մեկ-երկու հոգի գան եւ դժգոհություն հայտնեն։ Եղել է, որ ժամի չափ փակ ենք պահել միջպետական ճանապարհը, եւ այդ ընթացքում մարդիկ եկել են, մոտեցել են, շատերը միացել են, շատերը, եթե ոչինչ չեն ասել, չեն միացել, համբերատար, լուռ սպասել են, խոսքով իրենց համաձայնությունը հայտնելով, որ այն, ինչ անում ենք, իրենք էլ են հասկանում, որ միակողմանի հանձնելը բերելու է մեր պետության թուլացմանը, քայքայմանը եւ, ի վերջո, կործանմանը։ Եվ մարդկանց մոտ հանրային հանձնառությունը, պետական գիտակցությունը բավական բարձր են, եւ այդ պատճառով մարդիկ ըմբռնումով էին մոտենում այն ամեն ինչին, որը մենք իրականցնում էինք»,- ասաց Սողոմոնյանը։

Նա նշեց, որ շատ տեղերում տեղի բնակիչներն իրենցից ավելի նախաձեռնողական են եղել։ Այդ գործողություններից առաջ արդյոք իրենց քայլերը համաձայնեցնո՞ւմ են մյուս քաղաքական ուժերի հետ։ Ասաց, որ այնտեղ մարդիկ կան, որոնց հետ միշտ շփվում են, նրանց հետ միշտ կապի մեջ են, բայց, ինչպես այլ քաղաքացիական նախաձեռնություններ, հանրային ուժեր, նույն գիծը, նույն նպատակը թիրախավորող գործունեություն են ծավալում։ «Ես չեմ կարող ասել, որ մեկ կենտրոնից ղեկավարում՝ այս ամեն ինչի, կա»,-ասաց Սողոմոնյանը։ Անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը, որ քննարկվում է կոորդինացնող մարմին ստեղծելու հարցը, ասաց, որ տեղյակ չէ։ «Եթե նման քննարկում լիներ, ես տեղյակ կլինեի, սակայն ես դեռ նման բանի մասին տեղեկություն չունեմ»,- ասաց «Հայաքվեի» անդամը։