Ռուսաստանը հյուսիսկորեական հրթիռով է հարվածել Խարկովին․ ՄԱԿ

Ռուսաստանը հյուսիսկորեական հրթիռով է հարվածել Խարկովին․ ՄԱԿ

2024 թվականի հունվարի 2-ին ՌԴ հարվածից հետո Խարկովում հայտնաբերված հրթիռի բեկորները պատկանում են հյուսիսկորեական Hwasong-18 շարքի բալիստիկ հրթիռին, ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված պատժամիջոցների մոնիտորինգի խմբի զեկույցում:  Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը, որը ծանոթացել է զեկույցին։

ՄԱԿ-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ Հյուսիսային Կորեայի արտադրած հրթիռի բեկորները վկայում են ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու էմբարգոյի խախտման մասին, ընդգծվում է զեկույցում։

Գործակալության երեք ներկայացուցիչներ ապրիլին մեկնել են Ուկրաինա՝ ստուգելու բեկորները և ոչ մի ապացույց չեն գտել, որ հրթիռը կարող էր արտադրվել Ռուսաստանի Դաշնությունում: Նրանք չեն կարողացել «ինքնուրույն որոշել, թե որտեղից կամ ում կողմից է արձակվել հրթիռը», մեջբերում է Reuters-ը։ 

Միևնույն ժամանակ, ուկրաինական իշխանությունների տրամադրած տեղեկատվությունը «ցույց է տալիս, որ այն արձակվել է Ռուսաստանի Դաշնության տարածքից»։

«Եթե հրթիռը գտնվել է ռուսական ուժերի վերահսկողության տակ, հավանաբար վկայում է այն մասին, որ այն ձեռք է բերվել Ռուսաստանի քաղաքացիների կողմից», - ասվում է զեկույցում:

Հավելենք, որ Միացյալ Նահանգները և այլ երկրներ մեղադրում են Հյուսիսային Կորեային Ռուսաստանին զենք փոխանցելու մեջ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։ Մոսկվան և Փհենյանը հերքում են այդ մեղադրանքները։