«Հրապարակ». Արցախյան շարժում կլինի, թե տավուշյան, ազգը պետք է շարժման մեջ լինի արդարության համար

«Հրապարակ». Արցախյան շարժում կլինի, թե տավուշյան, ազգը պետք է շարժման մեջ լինի արդարության համար

Հարցազրույց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ

- Սրբազան Հայր, սահմանազատման աշխատանքներով պայմանավորված, մի շաբաթից ավելի է՝ Տավուշը կորցրել է քուն ու դադար։ Բայց Տավուշում ոտքի ելած ժողովրդի պայքարն իշխանության ճամբարից որակում են որպես սաբոտաժ, իսկ պայքարի ելած մարդկանց՝ գործակալներ։ Ո՞նց եք մեկնաբանում այն, ինչը տեղի է ունենում Տավուշում, դա Արցախի կրկնությո՞ւնն է, թե՞ շատ ավելի վատ սցենար։

- Մարդիկ մտահոգված են, քանի որ զգում են վտանգը։ Ընդհանրապես, Աստված պատահական չի դրել մարդու մեջ ներքին ձայնը, որով ինքը կանխազգում է վտանգը, իսկ եթե մարդը կանխազգում է, ուրեմն պետք է նաեւ համապատասխան քայլեր ձեռնարկի։ Անգամ կենդանին ունի այդ զգայական բնազդը ու երբ վտանգ է տեսնում, զգուշանում է։ Հիմա մենք՝ բոլորս, զգում ենք այդ վտանգը, ավելին՝ տասնամյակների փորձառություն ունենք, երբ հոտառությամբ զգում ես պատերազմի վտանգը, ու եթե այսօր Տավուշի հասարակ ժողովուրդը, գյուղացիներն իրենց գարնանային աշխատանքը թողած այդ քայլին են դիմել, դա արդեն նշանակում է, որ մարդիկ զգում են մոտեցող այդ վտանգը։ Ցավոք, դեռ մարդկանց մոտ այն համատարած բնույթ չի կրում։ Մարդը պետք է հոգեւոր լսողություն էլ ունենա եւ զգա, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի վտանգի դեմն առնի։ Փառք Աստծո, կան մարդիկ, ովքեր ունեն այդ հոտառությունը եւ զգում են, ուրեմն թող մարդիկ էլ հավաքվեն նրա շուրջ։ Ակնհայտ է, որ կա խնդիր, ուրեմն ինչո՞ւ մենք գնահատական չենք տալիս այդ խնդրին, ինչո՞ւ ենք դրա շուրջ պտտվում ու մարդկանց վարկաբեկում, տարբեր որակումներ տալիս, բայց գնահատական չի տրվում թե՛ իշխանության, թե՛ մտավորականության եւ թե՛ այն սրտացավ, գիտակից մարդկանց կողմից, թե ինչու է այսօր մարդը դուրս եկել պայքարի։ Ի ցավ սիրտ, պետք է արձանագրեմ, որ սա մենք չենք անում։ Այս իրավիճակը նմանեցնում եմ նրան, երբ մարդիկ գնում են հիվանդատեսի, իսկ սա նշանակում է, որ հիվանդ է, չէ՞, այդ մարդը։ Այսօր Տավուշի այդ հատվածն ուզում են «հիվանդացնել»՝  ավելի վատացնել, կտրել։ Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ իրավիճակին չհասնենք։ Որպեսզի խաղաղություն լինի, նախեւառաջ մեր ժողովրդի համախմբումն է պետք, այդ համախմբումը լինի նպատակային, իմաստուն, Աստծով, աղոթքով, այդ ժամանակ այդ ամեն ինչը կտա իր բարի պտուղները։

- Բագրատ սրբազանն արթնության կոչով դիմեց ուսուցիչներին, ուսանողությանը եւ այլոց, որ իրենց ձայնը բարձրացնեն, եւ Տավուշի շարժումը համահայաստանյան դառնա։ Ո՞րն է պատճառը, որ բոլորի մոտ այդ բողոքը կա, բայց այն համընդհանուր չի դառնում, չնայած վերջին օրերին տեսնում ենք տարբեր դրսեւորումներ։

- Պատճառներից մի քանիսն ասացի, բայց կարծում եմ՝ չպետք է հասնի նրան, որ հայ կղերականը, բարձրաստիճան հոգեւորականը նման կոչով դիմի, այլ մարդիկ իրենք պետք է զգան դա։ Այ, դա է մեր ամբողջ խնդիրը, այսինքն՝ ծնողը չպետք է սպասի, որ իր զավակը սովից լացի, այլ պետք է զգա, որ երեխուն պետք է կերակրել, չպետք է հասնի նրան, որ երեխան ճիչ արձակի, որովհետեւ ճիչն արդեն վատ նշան է, որովհետեւ ճչացող անձն իր անհույս վիճակից է ճչում։ Մեր ժողովուրդը պետք է զգա այդ վտանգը, որովհետեւ ինքը հոգեւոր ժողովուրդ է, դրա համար ենք ասում, որ 1700 տարվա եկեղեցին, որ այսօր այդ ձայնն է բարձրացնում, պատահական չի բարձրացնում, որովհետեւ ինքը զգում է իր ժողովրդին մոտեցող վտանգը։ Եվ, ի դեմս Բագրատ սրբազանի, որ ձայն է բարձրացնում, մարդիկ նույնիսկ առանց նրա խոսքի պետք է զգան այդ վտանգը։ Հոգեւորականը, ով կանգնած է այնտեղ, արդեն անխոս կոչնակ է, ու զանգի ձայնն այլեւս պետք էլ չէր, որ հնչեր։ Սա է, որ մենք ուզում ենք՝ մեր ժողովուրդն ընկալի եւ հասկանա։

- Եկեղեցականները, գրեթե բոլոր թեմերի առաջնորդներն այս օրերին Տավուշում զանգ են հնչեցնում, բայց չի դադարում նաեւ եկեղեցու եւ եկեղեցականների դեմ արշավը։ Վարչապետն ասում է՝ եթե եկեղեցին որոշել է քաղաքականությամբ զբաղվել, թող կուսակցություն բացի, մեկ այլ առիթով էլ հոգեւորականներին մեղադրում է շոու պատարագներ անելու մեջ։

- Ես ուրախ եմ, որ հոգեւորականները նման վերաբերմունքի են արժանանում, ընդհանրապես, քրիստոնեությունը նման ձեւով է հաղթանակի հասել, առանց հալածանքի բան չի լինում, դա կարեւոր է։ Տխուր պետք է լինենք, երբ մեզ գովաբանեն, հենց գովաբանեն, կնշանակի՝ վախճանդ եկել է, բայց երբ հալածում են, նշանակում է՝ աշխատանք ունես անելու եւ ճիշտ ճանապարհի վրա ես։ Եկեղեցին՝ ինքը, հալածանքների միջոցով է հաղթանակի հասել, դա Գողգոթա բարձրանալու՝ խաչի ճանապարհն է։ Եթե չկա խաչելություն, չկա նաեւ հարություն։ Սա է ամբողջ իմաստը եւ փիլիսոփայությունը։ Ուստի այդ տեսակ հայտարարություններին ըմբռնումով եմ մոտենում, դրա կողքին մեր ժողովրդի հոգեւոր ապրումը պետք է ճիշտ ընկալելի լինի, դրա համար ոչ թե ականջի, այլ հոգու համար զանգ պետք է հնչի։ Սա է կարեւորը։

- Այս օրերին լինելով Տավուշում՝ ի՞նչ եք տեսել, մարդկանց ամենաշատը ի՞նչն է հուզում, կա՞ ելք ստեղծված իրավիճակից։

- 44-օրյա պատերազմի ժամանակ մեր՝ բոլորիս սրտերին մոտ մի կերպար կար՝ հրանոթ զարկող զինվորի (Ալբերտ Հովհաննիսյան) հայացքը։ Եթե մեկը կարող է նկարագրել այդ տղայի աչքերն ու նրա աչքերի խորությունը, որտեղ կար թե՛ հաղթանակի սպասումը, թե՛ ցավով արձանագրվող վիշտը, ամեն ինչը կուտակված էր այդ կերպարի մեջ․․․ նույն սպասումը հիմա կուտակված է մեր Կիրանցի խեղճուկրակ ժողովրդի մեջ։ Հազար անգամ Կիրանցում եղել ենք, Կիրանցում բացված եկեղեցին ես եմ օծել, իսկ կիրանցիներն այս երկարուձիգ տարիներին սահմանին ապրելով՝ կարողացել են պայքարի ոգին մշտապես իրենց մեջ պահել։ Նրանց հայացքների մեջ միայն ու միայն բարին է, եւ մարդիկ ուզում են հանգիստ ապրել իրենց տարածաշրջանում։ Երանի այդ խաղաղությունը, որ այդքան սպասելի է ամեն մեկիս համար, իրական խաղաղություն լինի՝ թե՛ սահմաններին, թե՛ տարբեր անկյուններում, որի կարոտն ենք մենք եւ սպասողը։ Ոչ ոք մեզ այդ խաղաղությունը չի պարգեւի, մենք՝ ինքներս, պետք է այդ խաղաղությունն արձանագրենք։

- Իշխանությունն իր զիջումները հիմնավորում է նրանով, որ եթե չտանք, կռիվ կլինի։ Տավուշում էլ նույնն ասաց․․․

- Եթե տարածաշրջանում լարվածություն կա, ապա այդ երկրները մշտապես պատերազմի մեջ են, եւ այդ պատերազմները չեն դադարել այն օրվանից, երբ արդարությունը խեղդվել է, այն օրվանից, երբ Արցախը վերամիավորեցին Ադրբեջանին՝ ստալինյան բռնապետության տարիներին, այդ ժամանակից սկսած՝ արցախյան շարժումը սկսվել է ու դադար չի ունենալու այնքան ժամանակ, մինչեւ որ արդարությունն ու հաղթանակը վերականգնվեն։ Արդարության վերականգնումից հետո է խաղաղություն տիրում, պատերազմներն էլ՝ դադարում, բայց քանի դեռ կշեռքի նժարի վրա անարդարությունն է, չի լինելու արդարություն, այդ բալանսը պետք է հավասարվի, այլապես հնարավոր չէ։ Այնպես որ, այդ 4 գյուղով պայմանավորված չէ՝ այս տարածաշրջանում խաղաղություն կլինի, թե պատերազմ կսկսվի։

- Այս օրերին ո՞րը պետք է լինի մեր անելիքը, ո՞րն է Ձեր կոչը, հորդորը։

- Տավուշյան շարժում կլինի, թե արցախյան շարժում, ազգը շարժման մեջ պետք է լինի՝ արդարության համար, եթե ազգը չշարժվեց, չկանգնեց, կնշանակի արդեն անելիք չունի, իսկ շարժումն ինքնին կնշանակի, որ օրգանիզմն առողջ է, կենսունակ է եւ ունակ է պայքարելու՝ այդ խաղաղությունն ու արդարությունը վերականգնելու համար։ Ըստ այդմ՝ ոչ թե կոչ, քանի որ ոչ ոք իրավունք չունի կոչ անելու, մեր սրտացավությամբ, մտածումներով ենք կիսվում եւ ուզում ենք, որ բոլորս էլ քաջ գիտակցենք, առավել եւս՝ մեր արցախցիները, որ բռնի տեղահանվել են Արցախից հենց անարդարության պատճառով, որ իրենց հազարամյա բնօրանից արմատախիլ են արվել, այսօր կհորդորեմ, որ մեր ժողովուրդն այդ մարդկանց էլ լսի, որովհետեւ կրակի միջով անցած մարդիկ կարող են իրապես լինել վկաներ եւ ներկայացնել այն, ինչ Ադրբեջանն անում է։ Նրանք խոսող, քայլող կենդանի վկաներն են, որ կարող են պատմել, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ, ինչո՞ւ չլսենք այդ մարդկանց, այդ մարդկանց խոսեցրեք ու տեսեք՝ 10-ից քանիսն է ասում այն, ինչը մենք փնտրում ենք։ Բոլորն էլ նույնն են ասելու, որ հնարավոր չէ ապրել մի հարեւանի հետ, որը մտածում է քեզ ոչնչացնելու մասին։ Այս առումով արցախյան շարժումը դեռ չի դադարել։